Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեկ դատավորի 954 գործ է մակագրվել»․ Ջհանգիրյանի բացատրությունը, թե ինչու են դատավորները գնում իր աշխատասենյակ

Սեպտեմբեր 14,2021 10:53

ԱԺ լիագումար նիստում այսօր Վճռաբեկ դատարանի դատավորների թեկնածուների ընտրության հարցի քննարկման ժամանակ ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանին «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Թագուհի Թովմասյանը խնդրեց մեկնաբանել մամուլում առկա մտահոգիչ տեղեկություններն այն մասին, թե ինքը դատական իշխանությունը դարձրել է գրպանային եւ որ իր հետ խորհրդակցելով են դատավորները որոշումներ կայացնում։

Գագիկ Ջհանգիրյանը նախ նշեց․ «ԲԴԽ-ն դատական իշխանության բարձրագույն մարմինն է, եւ ես չեմ կարող մասնակցել այս քաղաքական քննարկումներին։ Իրավունք չունեմ, որովհետեւ ինձ վրա տարածվում են դատավորի էթիկայի եւ վարքագծի կանոնները։ Քանի որ մեղադրանք եք հնչեցնում, ասեմ, որ ԲԴԽ-ն կոլեգիալ մարմին է եւ բաղկացած է դատավորներից եւ իրավաբաններից։ Ես պաշտոնակատար եմ եւ առանձին լիազորությամբ օժտված չեմ։ Ավելին՝ ԲԴԽ-ն օժտված չէ որեւէ դատավարական գործառույթով։ Դժվարանում եմ պատկերացնել, թե ԲԴԽ անդամն ինչ լծակներով կարող է ճնշումներ իրականացնել։ Դատավորները նույնն են, որոնք նշանակված են եղել նախագահների օրոք»։

Ապա նա անդրադարձավ այն փաստին, որ կալանավորներից մեկն ասել է, թե ինքը ճնշել է դատավորներից մեկին․ «Երկրորդ նախագահի, իսկ հետո երրորդ նախագահի ժամանակ ես մեկ տարի երեք ամիս անիրավի ընկերներիս հետ անցկացրել եմ բանտում եւ արդարացվել 12 տարի անց։ Իմ իրավունքների խախտումը ճանաչել է նաեւ ՄԻԵԴ-ը, ուստի չեմ պատկերացնում, թե ինչպես կարող եմ դատավորներին ճնշել, որպեսզի հետո ՀՀ-ն ունենա անիրավի դատապարտյալներ»։

Ինչ վերաբերում է տեղեկություններին, թե դատավորները հյուրընկալվում են իր աշխատասենյակում, եւ նա այդպես է ցուցումներ տալիս եւ հետեւում քրեական գործերի քննության ընթացքին, Գագիկ Ջհանգիրյանն ասաց․ «Ծիծաղելի է, իսկ ո՞վ այցելի։ Չէ՞ որ ԲԴԽ է, եւ դատավորն իրեն հուզող խնդիրների մասին մեզ է զեկուցում։ Օրինակ՝ այսօրվանից երկու նորանշանակ դատավորներ են պաշտոնավարելու։ Առաջին օրը գնացել են գործի եւ նրանցից մեկին մակագրել են 954 քաղաքացիական գործ։ Պարզ է չէ՞, որ դատավորը պետք  է խնդրի մասին բարձրաձայնի»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930