Լրահոս
Օրվա լրահոսը

Մինչ «իշխանությունը պատկանում է ժողովրդին», այդ նույն իշխանության թողտվությամբ՝ Սև լիճն ու Գորիս-Կապան ճանապարհը պատկանում են Ադրբեջանին. «168 ժամ»

Սեպտեմբեր 14,2021 09:00

Չորս ամսից ավելի է՝ ադրբեջանական 1000-ից ավելի զինվորներ գտնվում են Հայաստանի ինքնիշխան տարածքում։ Այդ մասին, սակայն, արդեն գրեթե ոչ մեկը չի հիշում, հասարակությունը հաշտվել է հայրենիքի այդ հատվածի անկռիվ հանձնումի հետ։

Ադրբեջանն ու Թուրքիան միջանցք են ցանկանում Սյունիքո՞ւմ, ոչ մի խնդիր․ սկզբում նրանք փակում են Հայաստանի կրկին ինքնիշխան տարածքի ճանապարհը, ապա Նիկոլ Փաշինյանը մի բանավոր հայտարարությամբ այդ տարածքներին շնորհում է ադրբեջանական պատկանելություն, որից հետո Ադրբեջանն արդեն ոստիկանական պահակակետ է տեղադրում կրկին ՀՀ ինքնիշխան տարածքով անցնող ավտոճանապարհին, որը, սակայն, արդեն ոչ միայն երկրի ղեկավարի, այլ նաև ԱԱԾ-ի ու զանազան իշխանական պատգամավորների կողմից ներկայացվում է ադրբեջանական տեղանուններով։ Եվ կրկին հանրության զրո դիմադրողականության պայմաններում։

Դժվար է միարժեք պատասխանել հարցին՝ ինչո՞ւ է  սեփական բակի յուրաքանչյուր սանտիմետրի համար հարևանին սպանելու պատրաստ հասարակությունն այդքան հեշտությամբ համակերպվում հայրենիքի հանձնման հետ։ Բայց ի թիվս բազմաթիվ այլ պատճառների, դա հնարավոր է դարձել նաև մեծ խաբեության շնորհիվ, որով գործող հեղափոխական իշխանությունն արդեն երեք տարի կերակրում է մեր հասարակությանը։

Այդ խաբեության իմաստն այն է, որ «իշխանությունը պատկանում է ժողովրդին», և դա մեծագույն, դարակազմիկ ձեռքբերում է հայ ժողովրդի համար։ Այդ կաղապարի հիմքում այն իրականությունն է, որ Հայաստանում ժողովրդին պատկանում է միայն իշխանությունը, որն իր ստացած «պողպատյա մանդատով» իրավունք ունի ժողովրդին այլևս չպատկանող ամենայնի հետ վարվել սրտի ուզածով։ Հոգեբանական այս խաբեության արդյունքն այն է, որ հասարակությունը կամ ժողովուրդն իրենը համարելով իշխանությունը, սեփականության, պատկանելության որևէ զգացողություն չունի իշխանությունից շատ ավելի կարևոր արժեքների, այդ թվում՝ սեփական հայրենիքի, հողի նկատմամբ։

Արդյունքում՝ հայ հասարակությունը գրեթե ուշադրություն չի դարձնում, որ մինչ «իշխանությունը պատկանում է ժողովրդին», այդ նույն իշխանության թողտվությամբ՝ Սև լիճն ու Գորիս-Կապան ճանապարհը պատկանում են Ադրբեջանին․․․

Հանրային դիմադրողականությունը ցանկացած պետության կարևորագույն ինստիտուտներից է, առանց դրա որևէ պետություն չի կարող ոչ միայն կենսունակ լինել, այլ ընդհանրապես գոյատևել։

Հարություն ԱՎԵՏԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930