Լրահոս
Օրվա լրահոսը

Անցկացվեց անվանի մարզիկ եւ մարզիչ Գոքոր Չիվիչյանի անվան գրեփլինգի մրցաշար

Սեպտեմբեր 13,2021 23:03

Հայաստանի գրեփլինգի ֆեդերացիան «Գազպրոմ Արմենիա ուսումնա-սպորտային համալիրում» առաջին անգամ կազմակերպեց ամերիկաբնակ մեր հայրենակից , մեծանուն մարզիկ եւ մարզիչ Գոքոր Չիվիչյանի անվան գրեփլինգի բաց առաջնություն երեք տարիքային խմբերում՝ պատանեկան, երիտասարդական եւ մեծահասակների (+18 տարեկան):

Հայաստանի Գրեփլինգի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Բազինյանը Aravot.am-ին ասաց. «Մասնակցում են Հայաստանի ուժեղագույն ակումբների մարզիկները, որոնց մեծ մասն արդեն մասնակցել է միջազգային մի քանի մրցաշարերի, նաեւ Հայաստանի առաջնությանը: Մեծահասակների մրցաշարոում հաղթողները կընդգրկվեն ազգային հավաքականի կազմ, կմասնակցեն ուսումնամարզական հավաքների՝ նախապատրաստվելով հոկտեմբերի 28-ից 31-ը Սերբիայի մայրաքաղաքում կայանալիք աշխարհի առաջնությանը: Ըստ իս, այսօր հիմնական պայքարն ընթանալու է հիմնականում 62, 66, 71 եւ 84 կգ քաշային կարգերում, որտեղ ունենք ուժեղ մարզիկների մրցակցություն: 62 եւ 66 կգ քաշերում պայքարն անցկացնելու ենք շրջանաձեւ մրցակարգով, որպեսզի մեր առաջատար մարզիկները գոտեմարտեն միմյանց հետ: Այդպես ի հայտ կգա լավագույնը:

Այս մրցաշարին անձամբ ներկա է Գոգոր Չիվիչյանը, որը աշխարհում գրեփլինգ մարզաձեւի հիմնադիրներից է, նաեւ եղել է ջիուջիցուի, խառը մենամարտերի, գրեփլինգի աշխարհի բազմակի չեմպիոն: Այս մրցաշարը ես համարում եմ մեր անվանի հայրենակցի մեծարման յուրատեսակ երեկո: Պարոն Չիվիչյանը մրցաշարի ավարտից հետո վերադառնալու է ԱՄՆ, սակայն նա եկող տարվա աշնան սկզբին նորից կգա Հայրենիք: Այս անգամ արդեն կազմակերպվելու է Գոքոր Չիվիչյանի անվան միջազգային մրցաշար: Տեղեկացնեմ, որ Գոքոր Չիվիչյանը աշխարհի մի քանի տասնյակ երկրներում ունի իր ակումբները, ներկայացուցչություններ, որոնց լավագույն մարզիկները կժամանեն Հայաստան:

Մեր ֆեդերացիան էլ իր հերթին փորձելու է ներգրավել իր գործընկեր ֆեդերացիաներին եւ ակումբներին: Այնպես որ,  Հայաստանը 2022 թվականին դառնալու է գրեփլինգի միջազգային կենտրոն-հավաքատեղի, ինչը շատ կարեւոր խթան կդառնա Հայաստանում գրեփլինգի զարգացմանը նոր թափ հաղորդելու համար»:

Մեծահասակների պայքարի ավարտին ըստ քաշային կարգերի հաղթող դարձան 58 կգ՝ Ռազմիկ Միսակյան, 62 կգ՝ Մայիս Ներսեսյան, 66 կգ՝ Ասլան Պողոսյան, 71 կգ՝ Սպարտակ Միքայելյան, 77 կգ՝ Արսեն Դավոյան, 84 կգ՝ Հակոբ Օրդանյան, 92 կգ՝ Վահե Թադեւոսյան:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930