Գյումրու ՏԻՄ ընտրություններին մասնակցող քաղաքական կուսակցությունների ու դաշինքների առաջադրումները սկսվելուն պես՝ խոսակցություններ շրջանառվեցին այն մասին, որ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը որոշել է օգնել ՔՊ-ականներին, և սպասվող ընտրությունները ինչ-որ տեղ ձևական բնույթ են կրում։ Ըստ շրջանառվող տեղեկությունների, «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցությունն, առանձին ցուցակով մասնակցելով, հետագայում կոալիցիա է կազմելու ՔՊ-ի հետ ու քաղաքապետի պաշտոնում առաջադրելու է ՔՊ-ի քաղաքապետի թեկնածու Հովհաննես Հարությունյանին։
Aravot.am-ն այս թեմայի շուրջ զրուցեց թեկնածու, Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանի հետ՝ հարցնելով կա՞ ստվերային պայմանավորվածություն Սամվել Բալասանյանի ստեղծած քաղաքական ուժի հետ։
«Ես չգիտեմ ում կողմից են նման տեսակի շշուկներ տարածվում, բայց ես ձեզ հստակ ասում եմ, որ մենք ոչ մի քաղաքական պայմանավորվածություն չունենք, և Հայաստանի Հանրապետության երկրորդ քաղաքի ընտրությունները չեն կարող լինել ձևական, համենայնդեպս մեր քաղաքական ուժի համար։
Մենք գնում ենք ժողովրդին ներկայացնելու, թե ինչ ենք պատրաստ անել, որպեսզի զարգացնենք, էլ ավելի գրավիչ դարձնենք Գյումրին և պատրաստ ենք մեր ամբողջ ունեցած ներուժը դնել Գյումրի քաղաքի վերածնման համար, որովհետև տասնյակ տարիներ Գյումրի քաղաքը, Շիրակի մարզը մատնված են եղել անուշադրության։ Եվ հիմա մենք տեսնում ենք, թե ինչպես է կառավարությունը, տարբեր ծրագրեր իրագործելով, անընդհատ գումարներ ներդնում, որպեսզի ենթակառուցվածքները զարգացնի, որպեսզի կարողանանք քաղաքի դիմագիծը հետ բերենք և դարձնենք ավելի գրավիչ ներդրում անողների համար, այն դառնա բիզնեսի համար գրավիչ։ Պետք է օգտագործել և՛ քաղաքի գեղեցիկ դեմքը, և՛ լայն լոգիստիկ հնարավորությունները։ Ես համոզված եմ, որ կարճ ժամանակում էլ ավելի կուրախանանք քաղաքում գրանցած հաջողություններով»,-ասաց իշխանության թեկնածուն։
Կարդացեք նաև
Շիրակի մարզպետը իրենց նախընտրական ծրագիրը որակում է «մաքսիմալ իրատեսական» և վստահեցնում՝ ընտրվելու դեպքում՝ հինգ տարի անց, այն որպես իրագործված հաշվետվություն ներկայացնելու են ժողովրդի դատին։
Հովհաննես Հարությունյանը նախընտրական քարոզարշավի ընթացքում իրենց կողմից սև փիառի օգտագործումը բացառում է։
«Մեր փիառը լինելու է ի օգուտ քաղաքի, ի շահ քաղաքի խնդիրների լուծման, բացառելու ենք սև փիառը, դա մեր գործելակերպի մեջ չի մտնելու։ Կենցաղային մակարդակի փիառով զբաղվողները պետք է հասկանան, որ իրենց, այսպես ասած, ժամանակը ավարտված է և նման կերպով քաղաքական դիվիդենտներ չեն շահում և պետք է հասկանանք, որ գործ ունեն հանրապետության երկրորդ քաղաքի հետ, որն ունի դեմք, ունի անցյալ, ունի ներկա և ունենալու է լավ ապագա»։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ