«Ես չգիտեմ՝ ինքն ում վարչապետն է, բայց իմը չէ: Այդ հայտարարությունը ազդանշան է ոչ միայն մեզ համար, այլև Արցախի: Թող Արցախի նախագահը, ԱԳ նախարարը շատ լուրջ մտածեն, թող Արցախի ԱԳ նախարարը, ԱՀ անվտանգության քարտուղար Վիտալի Բալասանյանը թող լավ մտածեն»,-անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «Ադրբեջանի արևմտյան շրջաններ» արտահայտությանը, այսպիսի կարծիք հայտնեց ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի նախկին ղեկավար Օնիկ Գասպարյանի խորհրդական, Արցախյան առաջին պատերազմում ՀՀ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Վլադիմիր Պողոսյանը:
Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, սեպտեմբերի 8-ին կայացած կառավարության նիստի ընթացքում խոսելով Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան եռակողմ ձևաչափով կոմունիկացիաների վերաբացման հարցի մասին, հայտարարել էր. «Այս խնդիրը լուծելու համար՝ Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան եռակողմ ձևաչափով քննարկում ենք կոմունիկացիաների վերաբացման հարցը։ Այստեղ մենք վճռական ենք ջանքեր գործադրել կոնկրետ արդյունքների համար՝ գիտակցելով, իհարկե, որ Ադրբեջանն էլ իր հերթին ակնկալում է հաղորդակցություն ստանալ իր արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև»:
Ըստ Վլադիմիր Պողոսյանի՝ եթե ԱՀ ղեկավարությունն այս հայտարարության առիթով մտածելու բան չունի կամ չեն հասկանում՝ Նիկոլ Փաշինյանն ինչ է ասել, ուրեմն նրանք պետք է պաշտոնից հրաժարվեն, հանձնեն իշխանությունը և′ Արցախում, և′ Հայաստանում: Վլադիմիր Պողոսյանի համոզմամբ՝ ինչ հայտարարում է Նիկոլ Փաշինյանը, նշանակում է՝ այդ ամենը պայմանավորված է. «Ուղղակի դա մեծ թատրոն է, որ ժողովրդին ասում են՝ մենք չենք հանձնելու, նման նպատակներ չունենք, այդ ամենը սուտ բաներ են: Իրենք մաքուր չեն ժողովրդի հետ: Նույնը Սերժի ժամանակ էր, որ ասել են՝ գաղտնի բանակցություններ չկան, այդպես չէ, հենց նրանք էլ, որ ասում են՝ Նիկոլ Փաշինյանն իր թիմի հետ իշխանությունը վերցրել է, ստում են: Նրանք իշխանությունը չեն վերցրել, այլ այդ իշխանությունը տվել են նվեր, որ գան, ստորագրեն: Սրանք ստորագրող տղերք են: Նրանց նպատակը դա է՝ ստորագրեն, հետո նրանց օգտագործեն ու շպրտեն: Մենք հասկանում ենք, որ մոտ տասը տարի այդ սցենարը պատրաստել են: Հիմա քայլ առ քայլ նրանք մեզ բերում են նրան, որ ՀՀ-ն՝ որպես պետություն գոյություն չունենա»:
Կարդացեք նաև
Վլադիմիր Պողոսյանը ահազանգում է՝ եթե նման ձևով շարունակվի, ու մենք ձայն չհանենք, ո′չ Արցախն է մնալու քարտեզի վրա, ո′չ էլ Հայաստանը:
Վլադիմիր Պողոսյանը նոյեմբերի 9-ին ստորագրված փաստաթղթում մեկ կետի վրա է ուշադրություն հրավիրում՝ կոմունիկացիաներին վերաբերողը. «Իններորդ կետով գրված է՝ ամբողջ տարածքը, սահմանները բացում ենք, գնում ենք խաղաղության ճանապարհով: 26 տարի Թուրքիան ու Ադրբեջանը միշտ ասել են՝ եթե դուք ճանաչում եք Ղարաբաղն Ադրբեջանի մեջ, ճանաչում եք մեր սահմանները, մենք կստորագրենք խաղաղության պայմանագիր, ճանապարհները կբացենք: Եթե ՀՀ իշխանություններն այդ ամենը ստորագրեն, ուրեմն նրանք պայմանավորվել են Մոսկվայի, Թուրքիայի, Ադրբեջանի հետո:Արդեն Արցախի մասին կարող ենք մոռանալ: Նրանք ամեն ինչ հանձնում ու հանձնելու են: Իբրև ընդդիմություն խորհրդարանում ի՞նչ եք անում, հետո՞, ինչքա՞ն պիտի նստեք»:
Անդրադառնալով այն քննադատություններին, թե իշխող ուժի պատգամավորներն իրենց դիրքորոշումը չունեն, Վլադիմիր Պողոսյանն ասաց. «Նրանք եկել են հանձնելու համար, այն մարդկանց են ընտրել, որոնք դիրքորոշում չունեն: Նրանք չգիտեն՝ հայն ինչ է, Հայաստանն ինչ է, կռվի չեն մասնակցել, նրանք դիրքորոշում չունեն, նրանք սովորական դավաճան են»:
Մեր դիտարկմանը՝ քննարկումներ կան, որ առաջիկա ամիսներին Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է ստորագրել խաղաղության պայմանագիր և ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և հարցին՝ Դո՞ւք ինչ տվյալներ ունեք, Վլադիմիր Պողոսյանը պատասխանեց. «Մենք չենք կարող ասել, որ հարյուր տոկոսանոց տեղեկություն ունենք, դեռ տեղեկությունները հավաքում ենք: Մենք տարբեր երկրներում, համակարգերում ունենք ընկերներ, որոնք տեղյակ են: Մեր մեջքի հետևից դժվար կարողանան բան անել, ինչը մենք չիմանանք նախօրոք: Անկլավների հարցը հաստատ սեղանին դրված է: Այն, որ ասում են Զանգեզուրի միջանցքով ճանապարհ բացել, դա փորձելու են անել: Ու լիքը սենց բաների շուրջ բանակցում են, ու համոզված եմ՝ Մոսկվայի մեջքի հետևից էլ են բանակցում, այդպիսի տվյալներ էլ ունենք: Դեռ մենք ուսումնասիրում ենք՝ որտեղ, ով է մասնակցում, հետո ժողովուրդը կիմանա: Մեզ համար ոչ մի գաղտնի բան չկա: Թող ինչքան ուզում են Ալիևի հետ պայմանավորվեն, ինչքան ուզում են Մոսկվայի հետ պայմանավորվեն, որոշողը հայ ազգն է, հայ մարդը: Եթե ուզում են Հայաստանից սարքել Աֆղանստան կամ Քուրդիստան, խնդիր չունենք, թող այդ ճանապարհը բացեն ու կտեսնենք՝ ինչ է լինելու Հայաստանը»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ