Լրահոս
Օրվա լրահոսը

Ովքե՞ր են Գյումրու ՏԻՄ ընտրություններին մասնակցող ՔՊ-ի ցուցակում․ Շիրակի մարզպետի անդրադարձը

Սեպտեմբեր 13,2021 19:25

Գյումրու ՏԻՄ ընտրություններին մասնակցող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու ցուցակը գլխավորող Հովհաննես Հարությունյանը՝ Շիրակի մարզպետը, Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ իր համար մեծ պատիվ կլինի ընտրվել ու գլխավորել Հայաստանի երկրորդ քաղաքը՝ հայրաքաղաքը։

«Պատասխանատվությունը շատ մեծ է լինելու, Գյումրին ՀՀ երկրորդ քաղաքն է, հայրաքաղաքն է, և եթե հայրաքաղաքի զարգացման մեջ դու պիտի ունենաս քո ուրույն դերը և պատասխանատվություն կրես առաջիկա հինգ տարիների համար, կարելի է պատկերացնել, թե ինչպիսի պատասխանատվությամբ պիտի վերաբերել այդ գործին։

Ես շատ ծանր և շատ դժվար որոշում եմ կայացրել, որովհետև պատկերացնում եմ, թե ինչ կարևոր և ինչ պատասխանատու պաշտոն եմ ստանձնելու, եթե ժողովուրդը ինձ վստահի։ Ինձ համար մեծ պատիվ է լինելու ժողովրդի, այնուհետ ավագանու վստահության քվեն ստանալուց հետո լինել քաղաքապետ»,- ասաց Հովհաննես Հարությունյանը։

Նա ասաց, որ տրամադրությունը բարձր է, պատրաստ է մրցակցության, իսկ ընտրվելու դեպքում իր ամբողջ փորձն ու գիտելիքները ներդնելու է քաղաքի զարգացման գործում։

Մենք Հովհաննես Հարությունյանից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ սկզբունքով է կազմվել ավագանու 40 հոգանոց ցուցակը։

«Ցուցակն իր մեջ ներառել է այնպիսի մարդկանց, ում հետ զրուցելիս, շփվելիս՝ հասկացել ենք, որ նրանց համար կարևոր է  հայրենիքին, երկրի զարգացմանը ծառայելը։ Ընտրվել են նրանք, որոնք հավատարիմ եմ այն գաղափարին, որ ամենակարևոր մոտիվացիան երկիրը զարգացնելն է, այս դեպքում քաղաքը զարգացնելն է։ Կան տարբեր մասնագիտություն ունեցող մարդիկ՝ և՛ բժիշկներ, և՛ IT ոլորտի մասնագետներ, և՛ ձեռնարկատերեր, որոնք երկար տարիներ բնակվելով Գյումրիում՝զբաղվել են ձեռնարկատիրությամբ, ստեղծել են աշխատատեղեր։ Նրանք, եթե ընտրվեն, ներգրավված կլինեն տարբեր որոշումների կայացմանը, որպեսզի քաղաքն ավելի զարգացնեն։ Երիտասարդ ուղեղները կօգնեն մեզ Գյումրու զարգացման ծրագիրն արագ տեմպերով իրականացնել»,-ասաց Հովհաննես Հարությունյանը։

Մեր դիտարկմանը, թե  ցուցակի հրապարակումից անմիջապես հետո այն բուռն քննարկումների ու տարաբնույթ մեկնաբանությունների է արժանացել, քանի որ գյումրեցիներից շատերի կարծիքով՝ ճանաչված դեմքերի չեն հանդիպել, Շիրակի մարզպետն ասաց․

«Ճանաչված դեմքեր ասվածը մի քանի մեկնաբանություն կարող է ունենալ, ինչո՞վ մարդը կարող է լինել ճանաչված՝ կամ լավ, կամ վատ բանով։ Այս դեպքում նրանք անհատներ են, ովքեր իրենց գործունեության շրջանակներում կասեմ, որ ճանաչված են։ Բայց նրանք չեն արել այնպիսի գլոբալ բաներ, որ ճանաչվեին, մարդկանց կողմից հիշվեին և հնարավորություն դեպքում փորձեին նրանց ինչ-որ անուն կպցնել։ Նրանց ճանաչված լինելը կոնկրետ իրենց ոլորտների ու մասնագիտական գործունեության հետ է կապված։ Օրինակ՝ եթե խոսենք ցուցակի բժիշկների մասին, նրանք ճանաչված են իրենց ոլորտներում, եթե խոսենք IT ոլորտի ներկայացուցչի մասին, նա իր ոլորտում շատ ճանաչված երիտասարդ է։ Այնպես որ, մենք առաջնորդվել ենք ոչ թե ճանաչված լինելու հանգամանքով, այլ այն հանգամանքով, որ նրանց մոտիվացիան քաղաքը զարգացնելն է՝  ներդնելով իրենց փորձը»։

Նշենք, որ ցուցակի երկրորդ համարում ԱԺ պատգամավոր Նազելի Բաղդասարյանի եղբայրն է՝ Արման Բաղդասարյանը, որն օրերս ընտրվեց Գյումրի քաղաքի ՔՊ տարածքային կառույցի խորհրդի վերահսկող անդամ։ Երրորդ տեղում Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Աստղիկ Բեյբությանն է։ Չորրորդ տեղում փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի ազգականն է՝ Արթուր Պապիկյանը։ Ցուցակում ներգրավված է նաև Գյումրու ավագանու նախկին անդամ Գագիկ Թաթարյանը, որը «Շիրակ» ֆուտբոլային ակումբի նախկին սեփականատեր Գառնիկ Խաչատրյանի (Գյումրիում առավել հայտնի է Օդոն անվամբ) քրոջ որդին է։ Ցուցակում կա նաև Գառնիկ Խաչատրյանի քենու որդին։ Ընդգրկված են նաև Շիրակի մարզպետի օգնականն ու խորհրդականը, ԱԺ պատգամավոր Նազելի Բաղդասարյանի օգնականը, Արտակարգ իրավիճակների նորանշանակ փոխնախարար Կարեն Սարուխանյանի ազգականն ու նրա թիմի կին անդամներից մեկը։ Ցուցակում է նաև Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի ազգականը, Գյումրու հարգված բժիշկներից մեկի՝ «Շտապբուժօգնություն ՓԲԸ-ի հանգուցյալ տնօրեն Ռոբերտ Թորոսյանի որդին, Գյումրու 1-ին պոլիկլինիկայի տնօրեն Հայկ Ալեքսանյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930