Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքագետ. «Անառարկելի իրողություն է, որ Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետությունը 1920 թ. ապրիլի 28-ին ուղղակի վերացել է աշխարհի քաղաքական քարտեզից՝ չունենալով միջազգայնորեն ճանաչված սահմաններ, որի իրավահաջորդը այսօր հանդիսանում է մերօրյա Ադրբեջանը»

Սեպտեմբեր 13,2021 19:00

Քաղաքագետ Ստեփան Հասան-Ջալալյանը այսօր, ներկայացնելով վերջերս հրապարակված իր «Ադրբեջանաարցախյան հակամարտության գենեզիսը եւ կարգավորման ուղիները» եռալեզու մենագրությունը, ասաց. «Այսօր Ադրբեջանի ղեկավարությունը հայտարարում է, որ իրենք հանդիսանում են իբրեւ թե միջազգայնորեն ճանաչված Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության իրավահաջորդը եւ այդպես էլ նշել են իրենց հռչակագրում, որ ընդունվել է 1991 թ. օգոստոսի 30-ին:

Նրանք նշում են, որ այդ հիմքից ելնելով՝ Արցախն իրենց է պատկանում: Ես իմ մենագրության մեջ բերել եմ փաստաթղթեր, որոնք հրապարակվել են առաջին անգամ: Այդ փաստաթղթերը ես ստացել եմ վերջերս, Ազգերի Լիգայի՝ Ժնեւում պահվող արխիվից: Դրանցում հրապարակվել են, որ իրականության մեջ Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետությունը եղել է միջազգայնորեն չճանաչված: Բանն այն է, որ 1920 թվականի նոյեմբերի 1-ին Փարիզի Խաղաղության Վեհաժողովում Ադրբեջանական պատվիրակության ղեկավար Ալիմարդանբեկ Թոփչիբաշեւը գրավոր պաշտոնապես դիմել է Ազգերի Լիգայի գլխավոր քարտուղար Էրիկ Դրոմոնդին՝ խնդրելով Ադրբեջանին ընդունել Ազգերի Լիգայի անդամ: Ազգերի Լիգայի գլխավոր քարտուղարը այս առթիվ հրապարակել է հուշագիր, որի բնօրինակ փաստաթղթից ես մի հատված մեջբերել եմ իմ գրքում: Նա նշում է, որ նախկինում այս տարածքը, ուշադրություն դարձրեք՝ տարածքը, ոչ թե պետությունը՝ նկատի ունենալով Ադրբեջանին, երբեք չի եղել պետություն, այլ գտնվել է ավելի մեծ կայսրությունների կազմում. մասնավորաբար, Մոնղոլիայի, Շահական Պարսկաստանի, իսկ 1813 թվականից՝ Ռուսական Կայսրության վարչական սահմանների մեջ: Եվ Ադրբեջան անվանումը, որ տրվել է, ոչ այլ ինչ է, քան հարեւան պարսկական նահանգի անվանում: Ազգերի Լիգայի գլխավոր քարտուղարը հանձնարարություն է տվել՝ դիմումը քննարկել համապատասխան մարմիններում եւ տալ եզրակացություն: Դիմումը քննարկվել է Ազգերի լիգայի չորրորդ եւ հինգերորդ կոմիտեներում եւ կոմիտեները տվել են բացասական եզրակացություն՝ մասնավորապես նշելով, որ իր հարեւան պետությունների հետ ունեցած տարածքային վեճերի պատճառով չեն կարողացել հստակ որոշել Ադրբեջանի սահմանները:

Այսինքն, սա անառարկելի վկայություն է այն իրողության, որ Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետությունը 1920 թվականի ապրիլի 28-ին ուղղակի վերացել է աշխարհի քաղաքական քարտեզից՝ չհռչակելով սահմաններ եւ չունենալով միջազգայնորեն ճանաչված սահմաններ, որի իրավահաջորդը այսօր հանդիսանում է մերօրյա Ադրբեջանի Հանրապետությունը: Ուզում եմ նաեւ անդրադառնալ ՄԱԿ-ի կողմից Ադրբեջանի ճանաչվածությանը, որովհետեւ այդ երկրի պաշտոնյաները տարբեր առիթներով հայտարարում են, որ ՄԱԿ-ը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ Արցախը հանդիսանում է Ադրբեջանի անբաժանելի մասը:

Ուրեմն, գոյություն ունի ՄԱԿ-ին անդամակցելու ընթացակարգ՝ սահմանված ՄԱԿ-ի կանոնադրությամբ, Անվտանգության Խորհրդի եւ Գլխավոր Ասամբլեայի կանոնակարգերով: Բոլոր փաստաթղթերը, որոնք վերաբերում են Ադրբեջանի անդամակցությանը ՄԱԿ-ին, ես հրապարակել եմ իմ այս գրքում՝ կրկին բնօրինակ փաստաթղթերի լուսապատճեներով: Այդ փաստաթղթերին ցանկացած ոք կարող է ծանոթանալ ՄԱԿ-ի կայքում:

Երբ Ադրբեջանը ՄԱԿ-ին անդամակցելու դիմում է ներկայացրել, Այազ Մութալիբովը 1992 թվականի հունվարի 14-ին դիմումի մեջ մի հետաքրքրական ձեւակերպում է տվել: Ասել է՝ մենք վերականգնել ենք մեր երկրի անկախությունը, որից մեր երկիրը զրկված է եղել 1920 թվականի ապրիլին: Սա նշանակում է, որ մերօրյա Ադրբեջանը վերականգնել է մի պետականություն՝ 1918-1920 թթ. գոյություն ունեցած, որի կազմում Արցախ երբեւէ գոյություն չի ունեցել, որոնց մասին վկայում են Արցախի՝ 1918-1920 թվականներին կայացած տասը համագումարների փաստաթղթերը, որոնք համարվում են վավեր փաստաթղթեր»:

Aravot.am-ը, նշելով, որ բանախոսը բավականին հետաքրքիր պատմական փաստաթղթեր ներկայացրեց, արդյո՞ք չի պատրաստվում դրանք որպես բանակցություններում կողմնորոշիչ եւ հաղթաթղթեր, տրամադրել Նիկոլ Փաշինյանին եւ նրա ղեկավարած քաղաքական ուժին ու կառավարությանը, Ստեփան Հասան-Ջալալյանը պատասխանեց. «Շնորհակալություն շատ ճիշտ եւ տեղին հարցադրման համար: Ես պատրաստվում եմ հատուկ երեք լեզվով՝ հայերեն, անգլերեն եւ ռուսերեն,  տպագրված այս մենագրությունը ուղարկել Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահներին ու նաեւ Նիկոլ Փաշինյանին: Ես հույս չունեմ, որ նրանք կընթերցեն, բայց սա կարող է պատվար հանդիսանալ ընդդեմ ադրբեջանական կեղծ պատմագրության: Սա ոչ միայն զուտ պատմություն է, այլ խիստ պրակտիկ քաղաքականություն: Այստեղ կան փաստաթղթեր, որոնք անմիջականորեն կապված են ադրբեջանաարցախյան կոնֆլիկտի իրավական հիմքերի հետ, որոնք բանակցությունների առարկա դարձնելու պարագայում Հայաստանի դիրքերը կարող են շահեկանորեն բարելավել:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930