Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆ․ «Նշել էինք, որ Pfizer պատվաստանյութն աշնանը կլինի, բայց ուշանում է»

Սեպտեմբեր 13,2021 18:22

Այս տարվա հուլիսի 29-ի կառավարության նիստում գործադիրը մոտ 3,5 մլրդ դրամ հատկացրեց Sinopharm եւ Pfizer պատվաստանյութերի գնման համար։ Այս որոշումից որոշ ժամանակ անց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարել էր, որ կորոնավիրուսի դեմ Pfizer պատվաստանյութը Հայաստանում կլինի աշնանը։

Բացի այս, նախարարը դեռ հուլիս ամսին, կարելի է ասել՝ հույս էր տվել, որ հնարավոր է Հայաստանը ձեռք բերի նաեւ Moderna պատվաստանյութը։ Անահիտ Ավանեսյանն ասել էր, որ այս ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Նուբար Աֆեյանի հետ հանդիպման ժամանակ քննարկել են ԱՄՆ-ի կառավարության հետ տարվող բանակցությունները՝ քովիդի դեմ «Մոդերնա»-ի պատվաստանյութի ձեռքբերման շուրջ․ «Քննարկել ենք նաեւ, թե ինչ միացյալ ջանքերի մեկտեղում պետք է լինի, որ մենք ի վերջո ունենանք այդ պատվաստանյութը Հայաստանում։ Այս պահին մասնավոր ընկերությունները հանձն չեն առնում վաճառքի քաղաքականությունը, դա կառավարությունների մենաշնորհն է, եւ մենք լիահույս ենք, որ հաջողություններ կունենանք այս մասով»։

Այս հայտարարություններից հետո շատ քաղաքացիներ հետաձգել են պատվաստումը, քանի որ սպասում են Pfizer-ին կամ Moderna-ին, հատկապես, որ կան տեսակետներ, թե այս երկու պատվաստանյութերը լավագույնն են, իսկ Moderna-ն շրջանառվող դելտա շտամից ավելի լավ է պաշտպանում։

Թե ե՞րբ Հայաստանում կլինի Pfizer պատվաստանյութը, մեր հարցմանն ի պատասխան առողջապահության նախարարության լրատվական բաժնից տեղեկացրեցին, որ նախարարությունն ամեն ինչ անում է Pfizer ձեռք բերելու համար. «Այո, սկզբնական նշել էինք, որ աշնանը կլինի, բայց ուշանում է՝ կապված արտադրական ցիկլի հետ: Նշենք նաեւ, որ ողջ աշխարհում պատվաստանյութի դեֆիցիտ կա: Երբ կլինի, հստակ ժամմկետ չենք կարող նշել»:

Ինչ վերաբերում է Moderna պատվաստանյութի ձեռք բերմանը, առողջապահության նախարարությունից հայտնեցին՝ այս պատվաստանյութի ձեռք բերման շուրջ նույնպես բանակցություններ են տարվում:

 Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930