Պետք է պատրաստվել հաջորդ համաճարակին: Այսօր ԱՀԿ տարածաշրջանային կոմիտեի 71-րդ նստաշրջանի ժամանակ, որն անցկացվում էր առցանց ձեւաչափով, այսպիսի կարծիք հայտնեց ԱՄՆ նախագահի առողջապահական հարցերով գլխավոր խորհրդական դոկտոր Էնթոնի Ֆաուչին:
Նա պատմեց, թե Միացյալ նահանգներն ինչպիսի դասեր է քաղել արդեն երկրորդ տարին աշխարհը պատուհասած COVID-19 համավարակից: Նրա խոսքով, Ամերիկայում իրենց բախտը պարզապես բերել է, որ ունեն պատվաստանյութ եւ կարող են ԱՄՆ յուրաքանչյուր քաղաքացու պատվաստել, սակայն, այսօրվա դրությամբ, 75 միլիոն ամերիկացի որոշել է չօգտվել այդ իրավունքից եւ չպատվաստվել:
«Երբ բնակչությունը տատանվում է՝ պատվաստվել, թե՝ ոչ, մեզ համար դա դառնում է շատ կարեւոր խնդիր: Այդ իսկ պատճառով մենք փորձել ենք իրականացնել արշավ՝ ընդգրկելով խմբերին, որոնք տատանվում են այդ հարցում եւ չեն պատվաստվում: Մենք այդ արշավներն իրականացրել ենք վստահված անձանց օգնությամբ»:
Ըստ պարոն Էնթոնի Ֆաուչիի, ինքը եւ իր գործընկերները քաղաքացիներին ուղարկում են հաղորդագրություններ, որ անհրաժեշտ է պատվաստվել: ԱՄՆ առողջապահության ոլորտի պատասխանատուները պատվաստվելու կոչերն անում են նաեւ ամերիկացիների մոտ հեղինակություն ունեցող անձանց՝ կրոնական առաջնորդների, հայտնի դերասանների, մարզիկների միջոցով:
Կարդացեք նաև
«Մենք գտնում ենք, որ վստահելի անձանց միջոցով դա անելը հաջողված մարտավարություն է, քանի որ նրանց ավելի շատ են լսում, քան հանրային առողջապահության գործիչներին, որոնց թվին նաեւ ես եմ պատկանում»,-ասաց դոկտոր Էնթոնի Ֆաուչին:
Նա գտնում է, որ սոցիալական մեդիան էլ է ապատեղեկատվության աղբյուր հանդիսանում. «Փորձում ենք կեղծ տեղեկատվությանը հակադարձել ճիշտ տեղեկատվությամբ եւ այն տեղադրել սոցցանցերում:
Մարդկանց բացատրում ենք, որ բոլոր փորձարկումներն անցկացվել են գիտական կարգով՝ պահպանելով էթիկայի սկզբունքները»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ