Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղադրվել է կանադահայ քանդակագործ Մկրտիչ Տարագճեանի հեղինակած Արամ Խաչատրյանի դիմաքանդակը: «Արամ Խաչատրյանն այն եզակիներից է, որի անձը ոգեշնչել է եւ շարունակում է ոգեշնչել բազմաթիվ արվեստագետների: Դրա շնորհիվ ստեղծվել են շատ արվեստի գործեր, որի վկայությունը մեր թանգարանում տեղ գտած արվեստի նմուշներն են: Ուրախ եմ, որ այդ ցանկը համալրում է Խաչատրյանի կիսանդրին: Մեր ստեղծագործական բարեկամությունը սկսվել է դեռ 2019 թվականից սկսած, երբ պարոն Տարագճեանը որոշեց իր արձանիկներից մի քանիսը նվիրել թանգարանին: Այդ ժամանակից որոշվեց, որ մեր հաջորդ հանդիպումը պետք է նվիրված լիներ մաեստրոյին, այդպես էլ եղավ: Այսուհետ մեր բոլոր այցելուներին հասանելի կլինի այս հրաշալի ստեղծագործությունը»,- ասաց Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը եւ շնորհակալագիր հանձնեց հեղինակին:
«2 տարի առաջ հղացած գաղափարն այսօր արդեն իրականություն է: Այս ամենն ավելի շուտ տեղի կունենար, եթե չլիներ քովիդն ու պատերազմը: Ուրախ եմ, որ աշխատանքս տեղ գտավ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում, սա ինձ համար մեծ պատիվ է: Նման այլ քանդակներ շատ ունեմ, ինչպիսիք են՝ Չարենցի, Վիլյամ Սարոյանի, եւ այլոց արձանները, որոնք իրենց ուրույն տեղն ու դերն ունեն արդեն երկար ժամանակ»,- ընդգծեց կանադահայ քանդակագործը:
Այժմ կոմպոզիտորի քանդակը տեղադրված է թանգարանի այն սենյակում, որտեղ Խաչատրյանն ունեցել է հանդիպումներ նշանավոր մարդկանց հետ ՝ թե սփյուռքից, թե հայրենիքից: Նշենք, որ քանդակագործ Մկրտիչ Տարագճեանը մասնագիտությամբ բժիշկ է, սակայն դեռ մանկուց մեծ սեր է տածել արվեստի հանդեպ, որն էլ իրեն հասցրել է այնտեղ, որտեղ հիմա է:
Կարդացեք նաև
Նատալի ՄԿՐՏՉՅԱՆ