«Ուզում եմ շնորհավորել բոլորիս Հայկական Երկրորդ Հանրապետության հռչակման առթիվ: Ճիշտն ասած, ճշմարտության առջեւ չմեղանչելու համար պիտի ասեմ, որ այնքան էլ ուրախ սրտով չեմ շնորհավորում, քանի որ 30 տարի առաջ համազգային ուժերով ձեռք բերվածը դավադրությամբ կամ հանցավոր անփութությամբ ուղղակի տրվեց թշնամուն: Դա կարող է պարզել միայն անաչառ եւ համակողմանի քննությունը:
Արցախի Հանրապետության անկախության հռչակման 30-ամյակի առթիվ ես հրապարակել եմ մի մենագրություն՝ «Ադրբեջանա-արցախյան հակամարտության գենեզիսը եւ կարգավորման ուղիները»,-այսօր «Հայելի» ակումբում ասաց քաղաքագետ Ստեփան Հասան-Ջալալյանը: Նա համոզված է, որ ադրբեջանա-արցախյան հակամարտությունը չի կարգավորվի այնքան ժամանակ, քանի դեռ չի պարզվել, չի ուսումնասիրվել, չի շեշտադրվել, թե ի վերջո, երբ է ծագել այն եւ ինչ հանգամանքներում:
«Դրա վառ ապացույցն է այն, որ վերջին 30 տարիների ընթացքում այս կոնֆլիկտը չկարգավորվեց եւ հանգեցրեց Հայկական Երկրորդ Հանրապետության տարածքի, ասում են՝ 75%, բայց իրականում՝ 84 %-ի օկուպացիայի Ադրբեջանի կողմից»,-44-օրյա պատերազմում կորսված տարածքների իրական չափերը հանրայնացրեց Ստեփան Հասան-Ջալալյանը:
Այնուհետեւ, նա ներկայացրեց հակամարտության ծագման եւ հնարավոր կարգավորման ուղիները: Բանախոսի ներկայացմամբ, ադրբեջանա-արցախյան կոնֆլիկտը ծագել է 1918 թվականին, երբ հարավկովկասյան տարածաշրջանում ստեղծվել է երկրորդ թուրքական պետությունը Ադրբեջան անունով, որը ստեղծվել է Թուրքիայի իշխանությունների կողմից տարածաշրջան թուրքական զինված ուժերի ինտերվենցիայի արդյունքում:
Կարդացեք նաև
Քաղաքագետը ներկայացրեց իր եռալեզու մենագրության մեջ տեղ գտած պատմական փաստաթղթերը եւ իրադարձությունները, որոնք ապացուցում են, որ անգամ միջազգայնորեն ճանաչված եւ ստորագրված փաստաթղթերում Արցախը չի եղել 1918 թվականի մայիսի 28-ին արհեստականորեն ստեղծված Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության կազմում, որ այդ արհեստածին պետության ղեկավարները հիմնվելով Գանձակում թուրքական ինտերվենցիայի հետեւանքով ստեղծված 30 հազարանոց բանակի վրա՝ իրականացրել են 30 հազար հայերի կոտորած եւ պահանջներ ներկայացրել Արցախի հայությանը:
«Արցախի հայությունը շատ ճիշտ կողմնորոշվելով՝ հրավիրել է 10 համագումարներ, որոնք կայացել են հիմնականում Շուշիում 1918-1920 թվականներին եւ ընդունել են համապատասխան որոշումներ: 1-ին եւ 9-րդ համագումարների որոշմամբ, Արցախն իրեն հայտարարել է Հայաստանի Հանրապետության անբաժանելի մասը, իսկ վեց համագումարների որոշումների համաձայն՝ անկախ քաղաքական միավոր: Իմ այս մենագրությունում ես բերել եմ այդ համագումարներից որոշների փաստաթղթերի բնօրինակների լուսապատճենները, որոնք ցույց են տալիս, որ Արցախը ժամանակին կատարել է շատ ճիշտ եւ իրավական առումով անխոցելի որոշումներ եւ ցույց է տվել, որ ինքը չի գտնվել Ադրբեջանի կազմում»:
Քաղաքագետը նաեւ հանգամանալից ներկայացրեց, որ Ադրբեջանը երբեք չի դադարեցրել իր հավակնությունները եւ դրանք շարունակել է նաեւ խորհրդային կարգերի հաստատման ժամանակ: Մասնավորապես, 1920 թ. նոյեմբերի 29-ին Հայաստանում խորհրդային կարգեր հաստատվելու առիթով Ադրբեջանի հեղկոմի նախագահ Նարիման Նարիմանովի հղած շնորհավորական ուղերձից հետո, որում ասված է, որ Խորհրդային Ադրբեջանի ղեկավարությունը ընդունել է որոշում, ըստ որի՝ Լեռնային Ղարաբաղը, Նախիջեւանը եւ Զանգեզուրը հայտարարվում են Խորհրդային Հայաստանի անբաժանելի մասը: Եվ այդ փաստաթղթի հիման վրա Խորհրդային Հայաստանի ժողովրդական կոմիսարների խորհրդի նախագահ, ժամանակակից տերմինաբանությամբ՝ վարչապետ Ալեքսանդր Մյասնիկյանը ընդունել է դեկրետ, համաձայն որի Լեռնային Ղարաբաղը հայտարարվել է Հայաստանի անբաժանելի մասը, Ադրբեջանը իր հետագա գործունեությամբ վերախմբագրել, 180 աստիճանով փոխել է դիրքորոշումը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ