Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 18.00-ին, ավարտվեց ժամկետը, երբ կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները կարող էին գրանցման համար փաստաթղթեր ներկայացնել տարածքային ընտրական հանձնաժողովներ՝ հոկտեմբերի 17-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցության համար:
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 17-ին մի շարք համայնքներում տեղի կունենան ավագանու ընտրություններ՝ համամասնական ընտրակարգով։
Օրինակ՝ ՏԻՄ համամասնական ընտրություններ են նախատեսվում ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան, ՀՀ Սյունիքի մարզի Տեղ, Տաթև, Գորիս, Մեղրի, ՀՀ Շիրակի մարզի Գյումրի համայնքներում: Համայնքի ղեկավարի և ավագանու ընտրություններ են նախատեսվում ՀՀ Լոռու մարզի Ֆիոլետովո, ՀՀ Արմավիրի մարզի Ֆերիկ և ՀՀ Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքներում:
Aravot.am-ը ՀՀ Տավուշի մարզն ընդգրկող թիվ 38 տարածքային ընտրական հանձնաժողովից (ՏԸՀ) փորձեց ճշտել՝ ո՞ր կուսակցություններն են փաստաթղթեր ներկայացրել Դիլիջանում կայանալիք ՏԻՄ ընտրությունների մասնակցության համար: ՏԸՀ անդամ Վահագն Թամրազյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց. «Փաստաթղթեր են ներկայացրել հինգ կուսակցություններ՝ «Հայրենիք», «Հանրապետություն», «Քաղաքացու որոշում», «Ապրելու երկիր», «Քաղաքացիական պայմանագիր»:
Նշենք՝ «Հայրենիք» կուսակցության ցուցակը գլխավորում է Արմեն Օրդինյանը, «Հանրապետության»-ը՝ Արմեն Ուրիխանյանը, «Քաղաքացու որոշում» կուսակցության ցուցակի առաջին հորիզոնականում է Արա Մարտիրոսյանը, «Ապրելու երկիր» կուսակցության ցուցակը գլխավորում է Արմինե Հովհաննիսյանը, իսկ «Քաղաքացիական պայմանագրի» ցուցակի առաջին տեղում Դիլիջան համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Սարգսյանն է:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ