«Նախորդ նիստից հետո Արթուր Ղազինյանը հայտարարեց, որ իրենից վախենում են: Մի քիչ շատ մեծ բան վերցրեց, որովհետեւ ինքը այն մարդը չի, որից կարելի է վախենալ»,- այսօր ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում ասաց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
Հիշեցնենք, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանի ընտրության հարցն էր քննարկվում ու երրորդ անգամ չընտրվեց հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում:
Անդրանիկ Քոչարյանն իր ելույթում ասաց. «Պարոն Ղազինյանն այս ընթացքում լիքը գրառումներ է արել ֆեյսբուքում, որոնք հարցեր են առաջացրել ինձ մոտ: Հանձնաժողովի նախագահի տեղակալը մի գործառույթ ունի իր վերջո: Երբ որ ձեր սիրելի Անդրանիկ Քոչարյանին մի բան է պատահում, նիստերը վարում է: Տա Աստված ինձ բան չպատահի: Դոնթի բանաձեւը տրված է ընդդիմությանը, բայց ոչ պարոն Ղազինյանին: 5 տարի մենք կհարստացնենք պարոն Ղազինյանի կենսագրությունը՝ ընտրելով կամ չընտրելով: Չենք ընտրում, չենք ընտրում ու «Հայաստան» խմբակցությունը երբ որ ներկայացնի իր կենսագրությունը, այնտեղ չընտրվածն ավելի շատ կլինի, քան թե կենսագրության մյուս դրույթները: Խնդիրն այդտեղ չի, ընդդիմություն ունի այլ թեկնածուներ, որտեղ հարցեր չեն առաջանում: Պարոն Աբրահամյանը չունի՞ առաքելություն, Գեղամ Նազարյանը չունի՞, բայց այդտեղ կենսագրության հետ հարցեր գոնե չեն առաջանում՝ սկսած հայտարարագրումից, վերջացրած բանակի հետ առնչություն ունե՞ն, թե՞ չունեն: Դոնթի բանաձեւով հանձնաժողովի նախագահի տեղակալներն ընտրվում են, դա աշխատանքի տեղավորման բյուրո չի»:
Իսկ Ղազինյանն իր ելույթում ասաց, որ եթե հայտարարագրում որոշեր ինչ-որ բան թաքցնել, դա կաներ, մինչդեռ ինքը 12 տարի ազատ մարդ է եղել, պետբյուջեից չի սնվել. «Եթե կատարեի օրենքով արգելված արարք, այս իշխանությունը սիրում է դա անել, կհարուցվեին քրգործեր, կարողանում եք դա անել: Չեք ուզում՝ մի ընտրեք, ձեր իրավունքն է: Կպել եք՝ հայտարարագիր: Հիմա եթե ես ներկայացնեմ եկամուտների ծագումը, թուղթը, ձեր մոտ դիրքորոշում կփոխվի՞»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ