Լրահոս
Օրվա լրահոսը

«Շիշը վնասեց մեր երկրի անվտանգությանը, երբ որ «Հայաստան» խմբակցության ղեկավարը նետեց՝ չտիրապետելով իրեն. փուստ արեց». Անդրանիկ Քոչարյան

Սեպտեմբեր 13,2021 16:52

«Եթե օրինակ ինձ հարցնեին՝ ի՞նչ եք անում այս նիստերի ընթացքում, երբ քննարկվում է պարոն Ղազինյանի թեկնածության հարցը, ես այսպես կձեւակերպեի՝ գալիս ենք, պարոն Ղազինյանին տարբեր հարցեր ենք տալիս՝ իր թեկնածության հետ կապված, ձեր խմբակցությունը փորձում է թեման տանել ցանկացած այլ տեղ՝ չպատասխանելով կոնկրետ հարցերին, պարոն Ղազինյանին չենք ընտրում: Սա մեր երկուշաբթի օրերն են»,- այսօր ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանն այսպես ներկայացրեց հանձնաժողովի աշխատանքը այս նստաշրջանում:

Հիշեցնենք, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանն այսօր երրորդ անգամ չընտրվեց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում: 

Վահագն Ալեքսանյանը հիմնավորում է, որ Ղազինյանը մեծ գումար է հայտարարագրել ու մի բան էլ ասում է, թե՝ մտածում էի՝ հայտարարագրե՞լ, թե՞ ոչ, մինչդեռ դա օրենքի պահանջ է. «Դուք, որպես փորձառու փաստաբան, այդպիսի մարդու թեկնածությանը կքվեարկե՞ք»,- դիմելով Արամ Վարդեւանյանին՝ հարցրեց Ալեքսանյանը: Նա ասաց, որ երկու չքնաղ դստեր հայր Ղազինյան անձի հետ որեւէ խնդիր չունի, բայց քաղաքական գործիչ Ղազինյանի հետ, որը տատանվում է՝ հայտարարագրի՞ գումարը, թե՞ ոչ, ինքը խնդիր ունի. «Չգիտեք իրականում այդ գումարն ինչ ընկերություններում է վաստակել, կենսագրության մեջ չկա»:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանն ասաց, որ նախկինում էլ, հիմա էլ եղել են պաշտոնյաներ, որոնք թաքցրել են ունեցվածքը ու թերի հայտարարագրումների հետ կապված վարույթներ կան:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանն էլ իշխանությանն ասաց. «Դուք չուզելով ընտրել եք ԱԺ փոխխոսնակ, հանձնաժողովի տեղակալներ: Ինձ մոտ տպավորություն է, որ այս կերպ փորձ է արվում կաթվածահար անել հանձնաժողովի աշխատանքները եւ չքննարկել երկրի առջեւ ծառացած կարեւորագույն խնդիրները»:

Նա հարցրեց՝ ո՞րն է խնդիրը, որ չեն ընտրում՝ չհայտարարագրած գումա՞րը, թե՞ այն շիշը, որը նետել էր ԱԺ նիստերի դահլիճում:

Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց. «Շիշը վնասեց մեր երկրի անվտանգությանը, երբ որ «Հայաստան» խմբակցության ղեկավարը նետեց՝ չտիրապետելով իրեն: Պարոն Օհանյանը լավ չէր տիրապետում, որովհետեւ փուստ արեց»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930