«Սահմանային իրավիճակի, մասնավորապես, Գորիս-Կապան ճանապարհահատվածի հետ կապված. ես առաջարկում եմ, որ հանձնաժողովը խումբ կամ խմբեր ձևավորի՝ դաշտային աշխատանքներ իրականացնի տեղում՝ սկսած Երասխի հատվածից, մինչեւ Գորիս, Կապան, Մեղրի, Սոթք, Խոզնավար հատվածները: Առաջինը՝ ֆիքսելն է իրավիճակը մեր սահմաններում, երկրորդ կարեւոր խնդիրը այն հատվածներում է, որտեղ նոյեմբերի 9-ից հետո փոխվել է իրավիճակը»,- այսօր ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում նման առաջարկ արեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
Նա ասաց, որ պատրաստ է ներգրավվելու այդ աշխատանքներում. «Ես ունեմ մեծ մտավախություններ, այն տեղեկատվությունը, որը ես ունեմ ու դեռեւս չեմ հրապարակում, ինձ բավականին վատ ազդակներ են հաղորդում սահմանի տարբեր հատվածներում ստեղծված իրավիճակի մասին»:
Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ խոսել է ԱԱԾ տնօրենի հետ ու հիմա քննարկում են «Հայաստան» խմբակցության քարտուղարի ու ԱԺ նախագահի հետ՝ որեւէ ձեւաչափով հանդիպում ունենալու ու հարցը քննարկելու համար:
Բացի այդ, Տիգրան Աբրահամյանն ասաց, որ անհետ կորած զինծառայողների ծնողները խնդրել են հանդիպում հանձնաժողովի նախագահի հետ. «ԴՆԹ-ի անալիզների հետ կապված անվստահության տարրեր կան, ներկայացրեցին հիմնավորումներ, որոնք փաստարկված էին: Ցանկություն ունեին հանձնաժողովի նախագահի հետ հանդիպել: Անչափ զգայուն խնդիր է, միգուցե իրավական գործընթաց ստեղծելու հիմքեր կային»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ