«Հայաստանը, որպես Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ ԱՀԿ-ի անդամ երկիր, մեկ անգամ եւս հայտնում է իր պատրաստակամությունը ԱՀԿ անդամ երկրների հետ համագործակցության: Հայաստանը համոզված է, որ շնորհիվ համատեղ ջանքերի միայն, կարող ենք հաղթահարել ներկա իրավիճակը»,-այսօր ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ ԱՀԿ տարածաշրջանային կոմիտեի 71-րդ նստաշրջանի ժամանակ, որը կազմակերպվել էր առցանց:
Ըստ Անահիտ Ավանեսյանի, վերջին երկու տարիները էական ազդեցություն ունեցան ամբողջ աշխարհի առողջապահության համակարգի վրա, եւ այդ դժվար ժամանակաշրջանում երկրների եւ նաեւ ԱՀԿ-ի հետ համագործակցությունը թույլ տվեց մեկ քայլ առաջ անել. «COVID-19-ը ցույց տվեց, որ այդ մասշտաբի համավարակը չի ճանաչում սահմաններ եւ պահանջում է համատեղ գործողություններ: COVID-19-ը համավարակը ցույց տվեց, որ առողջությունը պետք է լինի բոլոր երկրների կառավարությունների առաջնահերթությունը: Եվ մեր բոլորի ջանքերը պետք է ուղղված լինեն առողջապահական համակարգի ամրապնդմանը, հանրային առողջության պահպանմանը եւ կայուն զարգացման ապահովմանը: ԱՀԿ-ն ապացուցել է, որ առանց համատեղ ջանքերի հնարավոր չէ հաղթահարել առկա դժվարությունները եւ հասնել լավագույն առողջապահական արդյունքների բոլոր համար»:
Նստաշրջանին մասնակցում էին ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի 53 երկրների ներկայացուցիչներ, առողջապահության նախարարներ: Նստաշրջանն անցկացվում է տարին մեկ անգամ, որտեղ քննարկվում են մարդկանց առողջության, բարեկեցության բարելավման տարածաշրջանային քաղաքականությունները, գործունեությունը եւ ֆինանսական ծրագրերը: Այն կընթանա սեպտեմբերի 13-15-ը:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ