Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես ավելի շատ հայաստանցի եմ, եւ հակում չունեմ դեպի կուսակցությունները». Կանադայում առաջադրված հայ թեկնածու

Սեպտեմբեր 13,2021 16:28

«Կանադայի հայկական համայնքը բավականին մեծ է եւ բավականին ուժեղ` ընդհանուր առմամբ 60000 հայ է ապրում Կանադայում, հիմնականում` Թորոնտոյում ու Մոնրեալում: Մոնրեալն ավելի հայաբնակ է, այստեղ գործում է երկու հայկական եկեղեցի, մասնավոր դպրոցներ, մանկապարտեզներ եւ այլն»,- «Մեդիա կենտրոնի»  «Հայերը՝ Կանադայի կառավարման համակարգում. ի՞նչ ծրագրեր ունեն» թեմայով առցանց քննարկման ժամանակ նշեց Կանադայի դաշնային ընտրություններին առաջադրված միակ հայ թեկնածուն` Աննա Սիմոնյանը: Նրա խոսքով, համայնքն իսկապես ակտիվ է. «Ուղղակի կան ավելի դեպի Ռամկավար ազատական կուսակցությունը միտում ունեցող անդամներ, կան նաեւ դաշնակցականներ: Ինձ թվում է` դա բոլոր երկրների հայ համայնքների նորմալ կյանքն է»:

Խոսելով այն մասին, թե ինչու որոշեց առաջադրել իր թեկնածությունը Կանադայի դաշնային ընտրություններին, Աննա Սիմոնյանն ընդգծեց, որ իրեն այդքան էլ հայ համայնքի անդամ չի համարում. «Ես միշտ շատ պասիվ եմ եղել համայնքային կյանքում, ու կապս Հայաստանի հետ երբեք չի խզվել… Ես ավելի շատ հայաստանցի եմ այստեղ, եւ հակում չունեմ` ոչ դեպի Ռամկավար ազատական, ոչ էլ դաշնակցական կուսակցությունները:

Քաղաքականության մեջ մտել եմ անցյալ տարվա պատերազմի պատճառով: Երբ սկսվեց պատերազմը, ես ու ամուսինս փորձեցինք օգտագործել մեր հնարավոր բոլոր ծանոթներին Կանադայի համակարգում, որպեսզի ուշադրությունը սեւեռենք Թուրքիային զենքի վաճառքի վրա: Պատերազմի նախօրեին հայտնի դարձավ, որ Կանադան էմբարգոն անտեսելով` օպտիկա է վաճառում «Բայրաքթարների» արտադրության համար: Դա հայտնի դարձավ սեպտեմբերի 22-ին` պատերազմից մի քանի օր առաջ»:

Նա ներկայացրեց նաեւ աշխատանքը կանադական Bloc Quebecois կուսակցության հետ, որը լայն ներգրավվածություն ունի խորհրդարանում, եւ առաջինն էր արձագանքել իրենց բարձրացրած խնդրին: Աննա Սիմոնյանն ընդգծեց, որ այդ կուսակցությունը սատարում է ազգերի ինքնորոշման իրավունքին ամբողջ աշխարհում:

«Ես մտածեցի, որ եթե կանգնենք այն կետին, որ պետք է լինի Արցախի անկախության ճանաչումը, ապա Bloc Quebecois-ից լավ գործիք չենք ունենա, եւ իրականում Կանադայի կողմից Ցեղասպանության ճանաչումը կատարվել է հենց Bloc Quebecois-ի նախաձեռնությամբ: Այդ կուսակցությունը միշտ ունեցել է հայկական օրակարգ, բայց հայկական համայնքը միշտ ընտրում է լիբերալ կուսակցությանը…Այս տարվա գարնանն էլ առաջացավ միտքը, որպեսզի առաջադրվեմ ամենահայաշատ ընտրատարածքում»,-ասաց Աննա Սիմոնյանը:

Կանադաբնակ իրավաբան, տեղեկատվական անվտանգության մասնագետ Դավիթ Սանդուխչյանը նշեց, որ իրեն շատ զարմացրել է այն, որ հայկական համայնքը չի սատարել Աննա Սիմոնյանին, ինչի մասին նա համեստորեն լռում է;

Աննա Սիմոնյանն ասաց, որ ձեւակերպումը սխալ է, որովհետեւ ոչ թե համայնքը չի սատարել, այլ համայնքային կազմակերպություններից որոշները: «Համայնքային կազմակերպությունները կապ ունեն համայնքի հետ, համայնքը պետք է բացասական արձագանքեր դրան, ինչը ես չեմ տեսել: Դա հաստատում է, որ Սփյուռքը միասնական չէ, հետեւողական չէ հայկական օրակարգ շարժելու, ինչը ինձ շատ է տխրեցնում: Ամեն դեպքում, ես ակնկալում էի, որ ամբողջ հայությունը պետք է սատարեր Աննային»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930