Ադրբեջանցիները մոտ երեք օր առաջ Տեղ գյուղում բնակվող արցախցիներից մեկի «Ուազ» մակնիշի ավտոմեքենան են տարել ու մինչեւ օրս հետ չեն տվել։ Aravot.am-ի հետ զրույցում Տեղ համայնքի ղեկավար Ներսես Շադունցը (լուսանկարում) ասաց, որ բնակիչը Արցախ էր գնացել։ «Արցախից վերադառնալուց հետո դաշտամիջյան ճանապարհով է հետ եկել, մի 200 մետր շեղվել է իրենց տարածքն է մտել, դա միջանցքի հատվածն է ընկնում։ Հետո անցել է մեր կողմը, բայց վառելիքն է վերջացել։ Եկավ, որ գյուղից վառելիք տանի՝ տեսավ «Կամազի» հետեւից կապած՝ «Ուազը» տանում են»,–ասում է Ներսես Շադունցը։
Համայնքի ղեկավարը միջադեպի մասին տեղյակ է պահել հայ եւ ռուս սահմանապահներին։ «Ռուսները ասացին, որ տվյալ բնակիչը նաեւ տեղյակ պահի Արցախում տեղակայված խաղաղապահ զորքերի հրամանատարին։ Բոլորին տեղյակ ենք պահել ու սպասում ենք։ Դեռ տեղեկություն չկա, թե երբ հետ կտան»,–ասաց Շադունցը։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ