Ինչպես տեղեկացրել ենք, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանն այսօր երրորդ անգամ չընտրվեց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում:
ՔՊ պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը հայտարարեց, որ ինքը ընտրելու ժամանակ առաջնորդվում է կամքով, խղճով եւ իրավունքով. «Ձեր իրավունքն է առաջադրվել, մեր իրավունքն է չընտրել: Դուք ձեր վրա բարոյական պարտավորություն չե՞ք զգում հանրության եւ ձեր թիմակիցների առջեւ, որ ինքնաբացարկ տաք եւ հնարավորություն տաք այլ թեկնածուներին»:
Արթուր Ղազինյանը պատասխանեց, որ «Հայաստան» խմբակցությունն ունի իր գերակայություններն ու առաջնահերթությունները եւ ըստ դրված նպատակի ու խնդիրների, որոշում է կայացնում կոնկրետ թեկնածուի վերաբերյալ. «Թեկնածուն ինքնանպատակ չի ներկայացվում: Խմբակցության որոշումն է իմ թեկնածությունն առաջադրել: Ես չեմ պատրաստվում լքել մարտի դաշտը, դիրքը, խրամատը, պոզիցիան, անունը ինչ ուզում եք դրեք: Ես գտնվում եմ պայքարի մեր գծած խրամատում, ինձ վրա դրված է առաքելություն մեր ընտրողների կողմից, ես հանձնառու եմ մինչեւ վերջ: Եթե հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնը պաշտոն չի մեծ հաշվով: Թվում է, թե պաշտոնի խնդիր է: Ես ունեմ առաքելություն ու ունեմ խնդիր: Նախագահի տեղակալի պաշտոնը կդյուրացնի իմ առաքելության իրականացումը»:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է բարոյական պարտավորությանը՝ Ղազինյանը պատասխանեց, որ ունի նման պարտավորություն ՀՀ 270 հազար քաղաքացիների առաջ:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը հիշեցրեց, որ Դոնթի բանաձեւ կա ու այդ պաշտոնը ընդդիմությանն է:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ