«ԿԸՀ-ն եւ սահմանադրական դատարանը մի բանի մասին միշտ նույն եզրակացությունն են անում՝ այո, եղել են ընտրակեղծիքներ, բայց դրանք չեն ազդել ընտրությունների արդյունքների վրա։ Որեւէ մեկը չի կարող ասել, թե 2021թ․-ի ընտրություններում կեղծիքներ չեն եղել։ ԿԸՀ-ն էլ է ասում, որ եղել են կեղծիքներ, որոնք, սակայն, չեն ազդել ընտրությունների արդյունքների վրա, բայց նման ամրագրումը նախորդ չորս ընտրությունները դնում է նույն մակարդակի վրա»,-ԱԺ լիագումար նիստում ԿԸՀ գործունեության տարեկան հաղորդման ներկայացման ժամանակ այսօր հայտարարեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմեն Ռուստամյանը։
Նրա խոսքով՝ սրանով պետք է ավարտել քաղաքական մանիպուլյացիաները․ «Կամ չորս ընտրություններն էլ ճիշտ են եղել, կամ չորսն էլ սխալ են եղել։ Մենք ԿԸՀ-ի չորս հաղորդումներն էլ լսել ենք նույն տրամաբանության մեջ։ Սա ես չեմ հորինել, սա տրամաբանությունն է հուշում։ Կա մի վատ լուր։ Ի վերջո, մենք բոլոր ընտրությունների ժամանակ կարող ենք փաստել, որ ոչ մի ընտրություններով ՀՀ-ում իշխանափոխություն չի եղել։ Իշխանությունը կամ եկել է փողոցից, կամ հրաժարական է տվել։ Պետք է երազենք այն ՀՀ-ի մասին, որտեղ իշխանափոխության միակ ձեւը կլինեն ընտրությունները։ Մենք չունենք նման Հայաստան, որովհետեւ կա նշյալ բանաձեւը՝ եղել են կեղծիքներ, որոնք չեն ազդել արդյունքների վրա»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ