«ՍԴ-ն որեւէ քայլ չարեց պարզելու, թե ովքե՞ր էին այդ 109 հազար անձինք, որոնց տվյալները ձեռքով էին մուտքագրվել: Այսինքն, երբ նրանց նույնականացման քարտը անցկացվել է համակարգի միջով, նրանց դեմքը դուրս չի եկել: Ակնհայտ է, որ այն անձինք, ովքեր օգտագործել են այդ նույնականացման քարտերը, ունեին այլ լուսանկարներ ID քարտի վրա, քան այն մարդիկ, որոնց անուններով են իրականում այդ անձնագրերը: Անձնագրեր չեն տպվել, ID քարտեր են տպվել իրականում գոյություն ունեցող անձանց անձնագրի փոխարեն»,- այսօր «Հայելի» մամուլի ակումբում հայտարարեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Բագրատ Եսայանը՝ հավելելով, որ եթե լուսանկարները երեւային, հանձնաժողովի անդամները կարձանագրեին անհամապատասխանությունները:
Բանախոսը խոսում էր այն մասին, որ հունիսին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունները կեղծվել են:
«Եվ դեկտեմբերին, երբ նա առաջին անգամ խոսում էր՝ արտահերթ ընտրություններ անենք, հետո, պատահական, հանկարծ ասաց՝ հասարակական պահանջ չկա, եւ ընտրությունները տեղափոխեց հունիս ամիս, այդ վեց ամսվա ընթացքում հենց այդ գործն էր անում. փորձ էր արվում ճշտել ՀՀ այն քաղաքացիներին, ովքեր հանրապետությունում չեն գտնվում երկար ժամանակ եւ նրանց անուններով, անձնագրային տվյալներով ID քարտեր էին փոխարկվում եւ տրվում էին մարդկանց, որպեսզի կեղծվեին ընտրությունները»,- ասաց Բագրատ Եսայանը՝ հավելելով, որ անգամ ԱԱԾ-ի սոցհարցումներով այդ անձնավորությունը 35 տոկոսից ավել ձայն չի ունեցել:
Ըստ բանախոսի, չունեցած աջակցությունը պողպատե մանդատով ԱԺ ամբիոնից թափահարելով, Նիկոլ Փաշինյանը իր եւ իր հոգեւոր հայրերի «ազգադավ ծրագրերն» է կյանքի կոչում: Այս համատեքստում է նա դիտարկում նաեւ Սյունիքի համայնքապետերի կալանավորումները:
Կարդացեք նաև
Ընդդիմության հետագա գործողությունների մասին խոսելով էլ՝ Բագրատ Եսայանն ասաց, որ Հայաստանում հակասահմանադրական ճանապարհն ընդունելի չէ, բայց ժողովրդի ընդվզմամբ փողոցային պայքարի ճանապարհն ընդունելի է, ինչը նաեւ ընդդիմադիր ուժերի պարտականությունն է, քանի որ այլ պարագայում կորցնելու ենք պետականությունը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ