Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ երեսով ենք տոնելու անկախությունը. Ըստ Կոնջորյանի, որոշ շրջանակներ փորձում են այս զգայուն հարցը դարձնել քաղաքական շահարկումների առարկա

Սեպտեմբեր 13,2021 13:46

Հայաստանի անկախության 30-ամյակը տոնում ենք աննախադեպ իրավիճակում, երբ ՀՀ սուվերեն տարածքում կան ադրբեջանական զինված ուժեր՝ Գեղարքունիքում, Սյունիքում, Սեւ լճի տարածքում, ի՞նչ երեսով ենք նշում անկախությունը, երբ չենք կարողանում ադրբեջանական ուժերին դուրս հանել: ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն այսօր լրագրողների հետ զրույցում այս հարցին ի պատասխան ասաց. «Կառավարությունը, իշխանությունը փորձում են ամեն բան անել, որ օր առաջ ՀՀ-ում սադրանքի ենթարկված իրավիճակը կարգավորվի: Մյուս կողմից այս պահին լրանում է ՀՀ անկախության 30-ամյակը եւ մենք, որպես պետություն, անցնելով ծանր դժվարությունների միջով, ունենալով պատերազմի ծանր հետեւանքները, այնուհանդերձ պետք է մեր մեջ ուժ գտնենք վերածնվելու, ոտքի կանգնելու, շարունակելու մեր պետության պետականության ընթացքը եւ հենց հանուն մեր ընկած հերոսների մենք, որպես պետություն, հանրություն, պարտավոր ենք մեր մեջ ուժ գտնելու եւ շարունակելու պայքարը: Ես գտնում եմ, որ նաեւ նման միջոցառումներով մենք իմաստավորում ենք մեր անկախությունը, մեր խոնարհումն ենք առաջին հերթին հայտնում մեր ընկած հերոսներին, որովհետեւ նրանք ընկել են՝ հանուն Արցախի, հանուն ՀՀ-ի, հանուն հայության: Մենք ամեն ինչ պետք է անենք, որ նրանց նահատակությունը իմաստավորվի մեր պետության հզորությամբ ու մեր ժողովրդի բարեկեցությամբ»:

Հարցին՝ նահատակված հերոսների հարազատները բաց նամակներով սկսել են պահանջել, որ նման տոնախմբություն չլինի, պահանջում են Նիկոլ Փաշինյանից հարգել զոհերի հիշատակը, որովհետեւ տարին անգամ չի լրացել՝ Կոնջորյանն արձագանքեց, որ մշտապես աչալրջորեն հետեւում են նահատակված հերոսների հարազատների բոլոր հայտարարություններին. «Մենք առիթ չենք տվել մտածելու, որ այս իշխանությունը որեւէ կերպ անտեսում է զոհերի հիշատակը: Հավուր պատշաճի հարգանքի տուրք մատուցել, մատուցելու ենք զոհերի հիշատակի առջեւ, դա մեր պարտավորությունն է: Այլ բան, որ որոշ շրջանակներ փորձում են նաեւ այս զգայուն հարցը դարձնել քաղաքական շահարկումների առարկա: Մեր ժողովուրդը հստակ պատկերացում ունի ու իր գնահատականը տվել է, տալիս է»:

Հարցին՝ բա Արցախի անկախությունը ինչո՞ւ այդպես տոնակատարությամբ չնշեցիք՝ Կոնջորյանը պատասխանեց, որ ինքն անձամբ եղել է Արցախում, մասնակցել է նիստին, հարգանքի տուրք է մատուցել ընկած զոհերի հիշատակին:

Հարցրեցինք՝ Հայաստանն իսկապես անկախ ու սուվերե՞ն եք համարում՝ Կոնջորյանը պատասխանեց. «Այո»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930