ԱԺ-ում ընդդիմադիր խմբակցությունները նախաձեռնում են հանդիպում ԱԱԾ տնօրենի, ՊՆ նախարարի հետ՝ Սյունիքում ստեղծված իրավիճակը դռնփակ քննարկելու համար:
Հիշեցնենք, որ Գորիս-Կապան միջպետական ճանապարհին Ադրբեջանի ոստիկանությունն իրականացնում է իրանական պետհամարանիշներով բեռնատարների ստուգում:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն ասաց, որ ԱԱԾ-ի հաղորդագրությունից դուրս որեւէ մեկնաբանություն չի կարող տալ: Դիտարկմանը, որ ֆորսմաժորային իրավիճակ է, ազգաբնակչությունն անորոշության մեջ է, իսկ ԱԱԾ-ն 4 տողանի հաղորդագրություն է ընդամենը տարածել, դուք էլ չե՞ք մեկնաբանում՝ Կոնջորյանը մնաց անդրդվելի՝ չպատասխանելով անգամ՝ դատապարտո՞ւմ է գոնե Ադրբեջանի այս գործողությունները: Նա ասաց, որ կան պատկան մարմիններ, որոնք զբաղվում են այդ հարցով. «Երբ որ կլինեն այլ հաղորդագրություններ, մենք բոլորս կծանոթանանք, եթե անհրաժեշտություն լինի, հանդես կգանք մեկնաբանություններով»:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է ընդդիմադիրների նախաձեռնությանը, Կոնջորյանն ասաց, որ քաղաքական մեծամասնությունը կքննարկի ու որոշում կկայացնի այդ քննարկման անհրաժեշտության հետ կապված. «Տարվում են աշխատանքներ, ԱԱԾ-ն հաղորդագրության մեջ նշել է, առաջիկայում կլինի հայտարարություն ու բոլորը ականատես կլինեն»:
Լրագրողների հարցին, թե ինչո՞ւ է ԱԱԾ-ի հաղորդագրության մեջ Որոտանի անվանումը ադրբեջանական, ընդ որում, սա առաջին դեպքը չէ, երբ ադրբեջանական տեղանուններն են օգտագործվում, հատո՞ւկ է արվում՝ Կոնջորյանը պատասխանեց. «Ձեր նշածի պահով եղել են մեկնաբանություններ, խնդրում եմ ծանոթանալ այդ մեկնաբանություններին»:
Հարցին՝ Սյունիքում ապագա կա՞՝ Կոնջորյանը պատասխանեց. «Սյունիքում միանշանակ ապագա կա, ամբողջ Հայաստանում ապագա կա, Արցախում ապագա կա»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ