ԱԺ լիագումար նիստում այսօր ԿԸՀ գործունեության տարեկան հաղորդման ներկայացման ժամանակ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Հայկ Մամիջանյանն ասաց, որ հունիսին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ մոտ տասը ընդդիմադիր թեկնածուի հանդեպ քրեական հետապնդում սկսելու թույլտվություն ստանալու համար վարույթն իրականացնող մարմիններից դիմումներ են հղվել ԿԸՀ-ին, որոնք բավարարվել են․ «Էլ ի՞նչ պիտի լիներ, որ ԿԸՀ-ն այդ ամենը որակեր որպես քաղաքական հետապնդում եւ համաձայնություն չտար։ Այդ թեկնածուները համապատասխանում էին քաղաքական հետապնդման չափանիշներին»։
Տիգրան Մուկուչյանը նախ նշեց, որ հարցն ընտրական օրենսգրքին է առնչվում․ «Կիրառման մեջ առաջացան հարցադրումներ, թե արդյոք ԿԸՀ-ի որոշումը կարո՞ղ է բողոքարկվել, նիստերը հրապարակային պե՞տք է լինեն, թե ոչ, եւ ի՞նչ մակարդակի պետք է լինի ԿԸՀ-ի կողմից հիմքերի ուսումնասիրությունը։ Չունենալով օրենսդրական պատասխաններ՝ անհասկանալի էր որոշումների բողոքարկման կարգը։ Իսկ այսօր կա որոշման նախագիծ, մենք առաջարկներ ենք ներկայացրել։ Լուրջ հստակեցման խնդիրներ կան։ ԿԸՀ-ն ոչ թե պետք է որակի հետապնդման բովանդակությունը, թե ինչպիսին է այն, այլ կայացնի որոշում։ Այս իրավադրույթը կատարելագործման անհրաժեշտություն ունի»։
Հայկ Մամիջանյանը նաեւ հարցրեց՝ Տիգրան Մուկուչյանը կարո՞ղ է պնդել, որ իր պաշտոնավարման ընթացքում ՀՀ-ում տեղի ունեցած ընտրությունները եղել են օրենքի տառին համապատասխան։ Տիգրան Մուկուչյանը պատասխանեց, որ իր կարծիքով՝ կայացած ընտրությունները համապատասխանել են օրենքին։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ