Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Բագրատ Եսայան. «Ալիեւի հետ ձեռք-ձեռքի տված՝ Նիկոլը հետեւողականորեն սահմանում է, որ այդ ճանապարհն արդեն անցել է Ադրբեջանի վերահսկողությանը»

Սեպտեմբեր 13,2021 12:34

«Դավաճանը գաղտնի պայմանավորվածություններ է ձեռք բերել նոյեմբերի 9-ին, հետագայում դա զարգացվել է նոյեմբերի 11-ին՝ Մոսկվայում»,- այսօր «Հայելի» մամուլի ակումբում հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Բագրատ Եսայանն՝ անդրադառնալով Գորիս-Կապան միջպետական ճանապարհի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հատվածում ադրբեջանական ոստիկանության կողմից տեղակայված կետին եւ վերահսկողություն իրականացնելուն:

Բագրատ Եսայանն ուշադրություն է հրավիրում 2021 թվականի, հունվարի 11-ին մոսկովյան համաձայնության 4-րդ կետին, որտեղ հստակ գրված է, որ կոմունիկացիաների, ավտոճանապարհների այն հատվածները, որոնք անցնում են Ադրբեջանի հանրապետությանը կամ ՀՀ-ին, ռեժիմը սահմանում են այդ հանրապետությունները:

Փաստելով ժամանակագրությունը եւ իրադարձությունների ընթացքը, ըստ որի` Նիկոլ Փաշինյանը չի պահել 2020 թվականի նոյեմբերի 9-ի համաձայնության կետը, որ զորքը կանգնում է այն մասում, որտեղ գտնվում է հրադադարի պայմանավորվածության ժամանակ, ավելին, հետո բանավոր պայմանավորվածության հիման վրա զորքին հրահանգ է տրվել նահանջել՝ մինչեւ ԽՍՀՄ վարչական սահմանը, Բագրատ Եսայանը հստակ եւ համաձայնեցված քայլեր է տեսնում: Ի դեպ, բանախոսը հատուկ ընդգծում է, որ ԽՍՀՄ տարիներին պետական սահման չի եղել, ուստի որեւէ մեկը չի կարող ասել, թե ո՞րն է ՀՀ պետական սահմանը: Նա հիշեցնում է, որ անկլավների դիմաց հողային հատուցումները խորհրդային Հայաստանը տվել եւ ամենը ամրագրված է փաստաթղթերով, ուստի անկլավների մասին խոսելը միանգամայն անիմաստ է համարում:

Քայլերի հետեւողականությունն, ըստ Բագրատ Եսայանի, ամբողջացնում է կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանի հայտնի հայտարարությունը՝ բնակավայրերի ադրբեջանական անվանումների հնչեցմամբ:

Բագրատ Եսայանը հիշեցնում է նաեւ ՀԱԿ տնտեսական հանձնախմբի նախկին ղեկավար, այժմ՝ նախարար Վահագն Խաչատրյանի հայտարարությունը, որ ՀՀ 29.800 կիլոմետր քառակուսուց ոչ մի միլիմետր չի գտնվում Ադրբեջանի վերահսկողության տակ:

«Ալիեւի հետ ձեռք-ձեռքի տված՝ Նիկոլը հետեւողականորեն սահմանում է, որ այդ ճանապարհն արդեն անցել է Ադրբեջանի վերահսկողությանը, Ադրբեջանն էլ սահմանում է այն ռեժիմը, որով որ այդ ճանապարհով պետք է անցնել: ՀՀ ավտոմեքենաների համար դեռեւս ռեժիմ չի սահմանվել, սակայն, քանի որ նրանք նպատակ ունեն ստիպել Հայաստանին՝ ընդունել կապիտուլյացիոն երկրորդ պայմանագիրը, նրանք փորձում են կանգնեցնել ՀՀ-Իրան հաղորդակցության ուղիների անխափան գործունեությունը՝ փոխարենը պարտադրելով բացել ՀՀ-Թուրքիա, ՀՀ-Ադրբեջան սահմանները»,- ասաց Բագրատ Եսայանը՝ հավելելով, որ սա նոր բան չէ, այս ամենի մասին «հողատուների ավագ սերնդի ներկայացուցիչներն» են դեռ 30 տարի առաջ խոսել: Բագրատ Եսայանը ի հաստատումն բերում է ԱԺ-ում ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ելույթը, որտեղ նա հստակ ասում է, որ այս ծրագիրը նախատեսվում էր 1997 թվականին եւ Վազգեն Սարգսյանը խանգարեց դրան:

Ըստ Բագրատ Եսայանի, «Մեղրին տալիս էին» 1997-ին, առաջին նախագահի պաշտոնավարման շրջանում եւ «այս գիծը նրանք են գծել», որը Վազգեն Սարգսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը ձախողեցին, երկրորդ փորձը, որը եղավ 2008-ին, նույնպես ձախողվեց՝ դարձյալ Ռոբերտ Քոչարյանի ջանքերով, սակայն, երրորդ փորձը՝ «թավշյա հեղափոխությամբ», հաջողվեց՝ «հողատու եւ անհայրենիք զանգվածին իշխանության բերելով»: Բանախոսը նաեւ հիշեցնում է, որ 1998-ին, Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո, ՀՀՇ-ական շարքերով Վազգեն Սարգսյանը համարվում էր դավաճան, որը դավաճանել է Տեր-Պետրոսյանին եւ ՀՀՇ-ին, ուստի, հայտարարում է, որ «հոկտեմբերի 27-ի» սպանդի առաջին շահագրգիռը ՀՀՇ-ն էր, ապա՝ թուրքերը: Բագրատ Եսայանը ցավում է, որ ոչ երկրորդ, ոչ երրորդ նախագահի իշխանության տարիներին գործուն քայլեր չձեռնարկվեցին «հայադավ» քաղաքական ուժի գործունեությունը կասեցնելուն:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930