«Ալեն Սիմոնյանն ասաց, որ փաստացի չի տիրապետում Սյունիքում տիրող իրավիճակին։ Ինչպե՞ս սա հասկանանք։ Երկրի թիվ երկրորդ պաշտոնյանի մասին է խոսքը»,-ԱԺ լիագումար նիստում այսօր հայտարարեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աննա Գրիգորյանը՝ անդրադառնալով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի այսօրվա հայտարարությանը, թե Գորիս-Կապան ավտոճանապարհին տեղադրված ադրբեջանական անցակետի վերաբերյալ ինքը տեղյակ է միայն պաշտոնական հաղորդագրությանը։
Աննա Գրիգորյանը շարունակեց․ «Ալեն Սիմոնյանը նաեւ ասաց, թե իրենց իշխանությունը ոչինչ չի հանձնել։ Վստահ եմ, որ Ալեն Սիմոնյանը կարդացել է նոյեմբերի իննի հայտարարությունը, որում ասված է՝ զորքերը կանգնում են այնտեղ, որտեղ այդ պահին են։ Քանի որ Կովսականն ու Սանասարը ներառված չեն եղել այդ հայտարարությունում, հետեւաբար, դուք դրանք հանձնել եք, հանձնել եք նաեւ Գորիս-Կապան միջպետական ճանապարհը»։
Ինչ վերաբերում է ադրբեջանական անցակետին, Աննա Գրիգորյանը շեշտեց՝ իր հարցման վերաբերյալ ՀՀ ՊՆ-ն պատասխան չունի․ «Մարզպետն էլ երեկ ասում է, թե ադրբեջանցիներն իրենց տարածքում են անցակետ դրել, ռուսներն էլ տեղում են։ Բա դո՞ւք ինչի համար եք։ Դուք իշխանությո՞ւն եք, թե ոչ, մի հատ կողմնորոշվեք։ Ժողովրդի անունից ամեն օր խոսողները պետք է բացատրեն, թե ինչ է կատարվում Սյունիքում եւ թե ինչ խնդիրների առաջ կարող են մարդիկ կանգնել»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ