«Դուք նախորդ նիստերում գերազանցել եք ձեր լիազորությունները եւ կամայական կիրառել ԱԺ կանոնակարգի դրույթները։ Հուսամ՝ այն օրերին ինչ-ինչ պատճառներով լարված եք եղել, իսկ հիմա, դատելով ձեր հանգստի կադրերից, լարվածությունն անցած պետք է լինի։ Ուշագրավ է, որ գերիների հարազատների հետ հանդիպման ժամանակ ասում էինք, որ ծանր եք տանում այդ ամենը, բայց բարձր տրամադրությամբ հանգիստ եք անցկացրել Հունաստանում»,-ԱԺ լիագումար նիստում այսօր խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանին ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արեգնազ Մանուկյանը։
Նա նաեւ նշեց, որ սեպտեմբերի երկուսին Արցախի անկախության տոնին ՀՀ-ից որեւէ բարձրաստիճան պաշտոնյա չգնաց Արցախ, այդ թվում՝ ԱԺ նախագահը․ «Ալիեւի արգե՞լքն է պատճառը»։
Ալեն Սիմոնյանը պատասխանեց, որ ՀՀ-ից պատվիրակություն է մեկնել Արցախ եւ այն եղել է բավականին ներկայացուցչական․ «Այլ մեկնաբանություն չունեմ։ Ինչ վերաբերում է իմ մասնավոր կյանքին, ստերին չեմ անդրադառնում»։
Կարդացեք նաև
Արեգնազ Մանուկյանը պնդեց՝ կադրեր կան, թե նա ինչպես է Հունաստանի հանգստավայրերից մեկ դիսկոտեկում պարում․ «Տեղեկություններ կան, որ բուքմեյքերական գրասենյակից մեկի ղեկավարն է ձեր ծախսերը փակել»։
Ալեն Սիմոնյանն արձագանքեց․ «Մասնավոր կյանքս չեմ մեկնաբանում, իսկ ստերին եւ դեղին մամուլին չեմ հետեւում։ Խորհուրդ եմ տալիս քաղաքական գործչին հարիր հարցերով հանդես գալ»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ