«Նախորդ օրերին ականատես եղանք Ադրբեջանի ԶՈՒ հերթական ապօրինի գործողություններին եւ մեր իշխանության կրավորական կեցվածքին։ ԱԱԾ-ի հայտարարությունը ոչ միայն չի բխում մեր անվտանգության շահերից, այլեւ անատամ է եւ ոչինչ չասող»,-ԱԺ լիագումար նիստում այսօր դիմելով խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանին՝ ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արծվիկ Մինասյանը։
Նրա խոսքով՝ այս ընթացքում իշխանությունից որեւէ բացատրություն չլսեցինք․ «Մեր խմբակցությունը պահանջում է գտնել ձեւաչափ եւ քննարկում կազմակերպել ու հասկանալ, թե ինչ է կատարվում։ ԱԱԾ հաղորդագրությունն ադրբեջանական տերմինաբանություն է օգտագործել»։
Հիշեցնենք, որ ԱԱԾ-ի հաղորդմամբ՝ Գորիս-Կապան միջպետական ճանապարհին Ադրբեջանի ոստիկանությունն իրականացնում է իրանական պետհամարանիշներով բեռնատարների ստուգում։
Նույն դաշինքից Գեղամ Մանուկյանի կողմից Ալեն Սիմոնյանին առաջարկվեց ԱԺ հրավիրել ԱԱԾ տնօրենին՝ Սյունիքում ստեղծված խայտառակ իրավիճակը քննարկելու համար։
Կարդացեք նաև
Ալեն Սիմոնյանն արձագանքեց․ «Ես որդեգրել եմ աշխատաոճ, որպեսզի հնարավորության դեպքում չմերժեմ։ Ձեւաչափի առումով հարցը կքննարկենք։ Չենք բացառում, որ առաջարկը կընդունվի»։
Արծվիկ Մինասյանի խոսքով՝ հանցագործություն է այն հանգամանքը, որ Ադրբեջանի ԶՈՒ-ն ավտոճանապարհին գանձումներ է անում եւ ապօրինի պահանջներ դնում, նման տեղեկություններ կան, ուստի կարեւոր է, որպեսզի այլ պատասխանատու պաշտոնյաներ էլ գան ԱԺ։
«Հայաստան» դաշինքից Աննա Գրիգորյանն էլ Ալեն Սիմոնյանին ասաց․ «Քաղաքացիները երթեւեկում են Գորիս-Կապան ավտոճանապարհով։ Դուք հաճախ եք խոսում ժողովրդի անունից։ Այդ տրամաբանության մեջ կարո՞ղ եք ասել՝ ի՞նչ է կատարվում, Գորիս-Կապան ճանապարհով անցնելն ապահո՞վ է»։
Ալեն Սիմոնյանը պատասխանեց․ «Զերծ կմնամ։ Տեղեկատվության առումով տիրապետում եմ նրան, ինչը պաշտոնական է։ Իմանալով իշխանության գորճելաոճը ոչ դեղին մամուլից, գիտեմ, որ որդեգրվում է աշխատանքի ամենաբաց տրամաբանությունը»։
Աննա Գրիգորյանը շեշտեց՝ բաց լինելուց եք խոսում, բայց բանավոր պայմանավորվածությամբ Կովսականի շրջանները հանձնել եք Ադրբեջանին․ «Եվ հիմա, եթե ադրբեջանցիները ոստիկանական կետ են տեղադրել, ուրեմն եղել է ինչ-որ պայմանավորվածություն»։
«Որեւէ մեկը որեւէ մեկին ոչ մի բան չի հանձնել։ Եղել են դեպքեր, երբ ինչ-որ քաղաքական գործիչներ զինվորականներին հորդորել են թողնել դիրքերը եւ գալ Երեւանում խրամատ պահելու»,-պնդեց Ալեն Սիմոնյանը։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ