JAMnews. Ադրբեջանում սեքս սկանդալների նոր ալիք է։ Ի տարբերություն նախորդ դեպքերի, երբ ինտիմ տեսանյութերի տարածման գլխավոր նպատակն ընդդիմադիրներին վարկաբեկելն էր, այս անգամ թիրախում են «Ենի Ազերբայջան» իշխող կուսակցության ղեկավարները։ Փորձագետները զգուշացնում են խարդախների տեսազանգերի մասին։
Ի՞նչ է տեղի ունեցել
Սեպտեմբերի 8-ին Ադրբեջանի իշխանամետ լրատվական կայքերը տարածել են «Ենի Ազերբայջան» կուսակցության Բինագադիի թաղամասային կազմակերպության նախագահ Ռամիզ Գեյուշովի ինտիմ տեսանյութը։ Բաքվի ամենախոշոր թաղամասերից մեկում կուսակցության 67-ամյա ղեկավարը «չի նկատել, որ տեսակապի միջոցով զրույցը ձայնագրվում է, չի կարողացել զսպել իր կիրքը»,- ասված է հաղորդագրությունում։
Գեյուշովը մեկնաբանել է տարածված տեսանյութն ու նշել, որ այն մոնտաժվել է՝ իրեն շանտաժի ենթարկելու համար․«Այսօր տեսակապով ինձ անծանոթ մի աղջիկ է զանգահարել։ Ես մի քանի անգամ անջատել եմ զանգը, սակայն նա զանգահարում էր կրկին ու կրկին։ Ի վերջո, պատասխանեցի։ Սկզբից չհասկացա, թե ինչ է կատարվում։ Աղջիկը կիսամերկ էր։ Ես դժգոհություն հայտնեցի ու անջատեցի հեռախոսը։ Այնուհետև նա կրկին զանգահարեց։ Տարածված կադրերում ակնհայտ երևում է, որ չեմ հասանում, թե ինչ է տեղի ունենում, որովհետև առաջին անգամ էի նման դեպք տեսնում։ Երբ հասկացա աղջկա նպատակը, արգելափակեցի նրան։ Որոշ ժամանակ անց ինձ այդ տեսանյութն ուղարկեցին թուրքական համարից։ Ինձ ժանտաժի էին ենթարկում և ասում, որ եթե անջատեմ զանգը, այդ տեսանյութն իրենք կտարածեն համացանցում։ Իհարկե, ես հրաժարվեցի։ Այժմ նրանք հրապարակել են դա՝ վրեժխնդիր լինելու համար»։
Կարդացեք նաև
Կուսակցության արձագանքը
Իշխող կուսակցությունը, որի առաջնորդը երկրի նախագահ Իլհամ Ալիևն է, շտապել է հայտարարել, որ «տուժածը» ներկա պահին թաղամասային կազմակերպության նախագահը չէ։
Ավելին՝ սեպտեմբերի 10-ին կայացել է «Ենի Ազերբայջան» իշխող կուսակցության ժողովը, որի ընթացքում Ռամիզ Գեյուշովը հանվել է քաղաքական կազմակերպության շարքերից։
Ընդդիմադիր գործիչը հակառակն է ապացուցում
Սակայն, վերլուծելով «Ենի Ազերբայջան» կուսակցության փաստաթղթերը, «Հանրապետական այլընտրանք» ընդդիմադիր կուսակցության առաջնորդներից մեկը՝ Նաթիկ Ջաֆարլին ապացուցում է, որ տեսանյութի տարածման պահին Ռամիզ Գեյուշովը ղեկավար պաշտոն էր զբաղեցնում իշխող կուսակցության թաղամասային կազմակերպությունում․ ««Ենի Ազերբայջան» կուսակցության պաշտոնական հայտարարությունում ասվում է, որ հունիսի 30-ին հաշվետու համաժողովի ընթացքում է Ռամիզ Գեյուշովը լքել թաղամասային կազմակերպության նախագահի պաշտոնը։
Բայց ես նայեցի կուսակցության պաշտոնական կայքը։ Այո, իրոք, հունիսի 30-ին հաշվետու համաժողով է եղել, որի ընթացքում կազմակերպության գործունեությունը գնահատվել է որպես բավարար, սակայն ղեկավարի փոփոխման մասին ոչ մի խոսք չի եղել։ Այնտեղ համաժողովի տեսահաշվետվություն էլ կա, որտեղ հստակ երևում է, որ Ռամիզ Գեյուշովը բացում է միջոցառումը որպես նախագահ և այն եզրափակում իր ելույթով։
Ադրբեջանի պետական մարմիններում, պետական ընկերություններում կանոն կա․ երբ մեկին աշխատանքի են ընդունում, նա միանգամից երկու դիմում է ներկայացնում․ մեկը՝ աշխատանքի ընդունվելու, մյուսը՝ զբաղեցրած պաշտոնից ազատելու։ Երկրորդ փաստաթուղթը ստորագրում են, սակայն ամսաթիվ չի նշվում։ Եվ երբ այդ մարդը հանկարծ «սխալ» է գործում, այդ դիմումի վրա ամսաթիվ են նշում, որպես կանոն՝ իրադարձությունից 1-2 ամիս առաջ։ Հետո ասում են, թե մարդն աշխատանքից ազատվել է կատարվածից մի քանի շաբաթ առաջ, և գործը փակվում է։
Կարծես, նման պրակտիկա կա նաև «Ենի Ազերբայջան» կուսակցությունում։ Մարդը նախագահի պաշտոն է զբաղեցնում, բայց ասում են, թե աշխատանքից ազատվել է հունիսի 30-ին։ Սա համակարգ չէ, մուլտֆիլմ է…»։
Եվս մեկ սկանդալ
Սեպտեմբերի 10-ին ադրբեջանական լրատվամիջոցներում ևս մեկ լուր է հայտնվել իշխող կուսակցության ներսում սեքս սկանդալի մասին։ Հաղորդագրության համաձայն՝ այս անգամ տեսախցիկների առջև անպատեհ տեսքով է հայտնվել «Ենի Ազերբայջանի» Սալիանի շրջանային կազմակերպության փոխնախագահ Վուսալ Հասանլին։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: