Լրահոս
Օրվա լրահոսը

«Ան, պատերազմ է սկսվել»

Սեպտեմբեր 13,2021 13:30

 Փոխգնդապետ Անդրանիկ Մանուկյանին կինը սպասում է…

…Անդրանիկը զոհվել է Հադրութում, հոկտեմբերի 21-ին

«Իմ Անդրանիկը կյանքով եւ էներգիայով լի մարդ էր, բառերն անզոր են նկարագրելու նրան: Սիրում էր կյանքը, չէր խուսափում ոչ մի դժվարությունից, պատվով էր կրում հայ սպայի բարձր կոչումը: Խելացի եւ նախաձեռնող էր, ուներ լիդերի հատկանիշներ: Անձնական օրինակ էր բոլորի համար»,- «Առավոտի» հետ զրույցում պատմում է 44-օրյա պատերազմի մասնակից, փոխգնդապետ Անդրանիկ Մանուկյանի կինը՝ Աննա Գրիգորյանը: Անդրանիկը դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ, հետո ծառայության է անցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաք Հադրութում, ցավոք, հենց Հադրութում էլ ավարտվեց Անդրանիկի կյանքը: Կինն ասում է, որ 22 տարի է՝ ծառայում է հայոց բանակում եւ կյանքն էլ զոհեց հանուն հայրենիքի:

«Սեպտեմբերի 27-ի առավոտյան, երբ պատերազմը սկսվել էր՝ ամուսինս տանն էր: Վաղ առավոտյան՝ 6:30-ին զանգահարեցին ու նա սկսեց արագ հագնվել: Շրջվեց ու ինձ ասաց՝ Ան, պատերազմ է սկսվել: Ասելուն պես արագ դուրս եկավ տնից: Ճանապարհեցի՝ չիմանալով, որ  վերջին անգամն էր…»,-ասում է կինն ու նշում, որ մինչեւ վերջին պահն էլ հույս է ունեցել, որ ամուսինը վերադառնալու է. վստահ էր, որ հաղթելու է պատերազմին եւ սպասել է: Աննայի խոսքով, ամեն օր խոսել են, կապ պահել:

«Միշտ սպասում էի Անդրանիկի զանգին»,-ասում է Աննան ու ցավ ապրում, որ ամուսնու կյանքը փրկել չի հաջողվել, իսկ նա շատերի կյանք է փրկել: Վերջին անգամ կնոջ հետ խոսել է հոկտեմբերի 21-ին եւ ասել՝ որ ինքը լավ է, որ ընտանիքի անդամներն իրենց լավ նայեն ու խոստացել է երեկոյան զանգել. «Մինչեւ հիմա չեմ հավատում, որ ամուսինս չկա, եթե այդպես մտածեմ՝ կդադարեմ նրան սպասելուց: Ես մինչեւ կյանքիս վերջ կսպասեմ Անդրանիկին: Ապրում եմ իրենով եւ իր հետ ունեցած 15 տարիների լավ հուշերով, որոնք ինձ ուժ են տալիս ապրելու: Եթե հնարավորություն ունենայի ժամանակը հետ տալու եւ ընտրություն կատարելու՝ ես նորից նրան կընտրեի՝ իմ միակ սիրուն, թեկուզ եւ իմանալով, որ մեր համատեղ կյանքն այսքան կարճ է լինելու»:

Սեպտեմբերի 2-ին Անդրանիկի ծննդյան օրն էր, այդ օրը թիվ 175 դպրոցի դասասենյակներից մեկն անվանակոչվեց հերոս փոխգնդապետի անունով, Նուբարաշենի մշակույթի տանն էլ նրան նվիրված հուշ-երեկո տեղի ունեցավ: Այդ օրը Մարիամ Մեհրաբյանի ջանքերով լույս տեսավ նաեւ «Հանուն հավերժության» գիրքը:

Արամ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

11.09.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930