Մի քրեական գործով նախաքննության ընթացքում ոստիկանների հետ առերես հարցաքննություն էր տեղի ունեցել: Նրանք հայտարարել էին, որ մի ողջ օր ոստիկանության բաժինը գտնվել է ընտանեկան բռնության ենթարկածի բնակարանում: Բայց չեն տեսել, թե որեւէ մեկը այդ օրը բռնության է ենթարկվել:
Վախեցել են «տեսնել»: Դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտը ի կատար ածելու նպատակով՝ ընտանեկան բռնության գործով տուժող ճանաչված մայրը երեխային վերցնելու նպատակով գնացել է նախկին ամուսնու բնակարան, այն նույն բնակարան, ուր ոստիկանության ողջ «բաժինն» էր. «Բնակարան մուտք գործելուն պես 3-ամյա երեխան վազել է մոր գիրկը, որից հետո երեխային գրկելուց հետո մայրը ցանկացել է դուրս գալ բնակարանից, սակայն տատն ու պապը հարձակվել են մոր եւ երեխայի վրա, քաշքշելով երեխային ոտքերից ու ձեռքերից, միաժամանակ մորը, հարվածներ հասցնելով, պատճառել են մարմնական վնասվածքներ, որից անմիջապես հետո հոր կողմից բնակարանի դուռը կողպվել է ներսից: Արդյունքում մայրը, նրա հետ բնակարան այցելած եւ այդ պահին բնակարանում գտնվող մյուս անձինք՝ հոգեբաններ, ԴԱՀԿ աշխատակիցներ, ապօրինի կերպով մոտավորապես 6 ժամ զրկվել են ազատությունից: Տուժողը՝ մայրը, այդ ողջ ժամանակահատվածում ստիպված է եղել սպասել դրսում»: Գուցե իրազեկ չեն, թե ինչ ասել է բռնություն, բռնության տեսակ:
Ընտանիքում բռնության տեսակները սահմանված են օրենքով: Դրանք են. ֆիզիկական բռնություն` ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված ծեծը եւ այլ բռնի գործողությունները, դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելը, ազատությունից ապօրինի զրկելը, դիտավորությամբ ֆիզիկական ուժեղ ցավ պատճառելը, հոգեբանական բռնություն` դիտավորությամբ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը, այդ թվում՝ ֆիզիկական, սեռական կամ տնտեսական բռնություն գործադրելու իրական սպառնալիքը, դիտավորությամբ պարբերաբար այնպիսի գործողություններ կատարելը, որոնք անձի մեջ հիմնավոր վախ են հարուցում իր կամ ընտանիքի անդամի անձնական անվտանգությանը սպառնացող վտանգի մասին, արժանապատվության պարբերական նվաստացումը, սոցիալական ծայրահեղ մեկուսացումը, հղիության արհեստական ընդհատման հարկադրանքը:
«Փաստինֆոն» այս տարվա առաջին կիսամյակի հետ կապված հղում կատարելով ՀՀ քննչական կոմիտեին, տեղեկացրել էր, որ ՔԿ վարույթում 2021թ. առաջին կիսամյակում քննվել է ընտանեկան բռնության վերաբերյալ 326 քրեական գործ, նախապատրաստվել՝ 128 նյութ: Նշված 326 քրեական գործերից 8-ը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածով (սպանությունը), 1-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 106-րդ հոդվածով (մոր կողմից նորածին երեխայի սպանությունը), 5-ը` ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածով (ինքնասպանության հասցնելը), 1-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 111-րդ հոդվածով (ինքնասպանության հակելը), 5-ը` ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը), 3-ը` ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածով (դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը), 161-ը` ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով (ծեծը)……14-ը վերաբերում էին ծնողի կամ այլ մերձավոր ազգականի եւ երեխայի միջեւ տեսակցության իրականացմանը խոչընդոտելուն:
Կարդացեք նաև
Վարույթում քննված գործերով 291 անձ ճանաչվել է տուժող, որից 39-ը՝ մինչեւ 12 տարեկան, 1-ը՝ 12-14 տարեկան, 5-ը՝ 14-16 տարեկան, 4-ը՝ 16-18 տարեկան, 90-ը՝ 18-35 տարեկան, 152-ը՝ 35 տարեկանից բարձր: 2021թ. առաջին կիսամյակի ընթացքում ավարտվել էր ընտանեկան բռնության վերաբերյալ 180 քրեական գործ, 124 քրեական գործի վարույթ կարճվել է, մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 55 քրեական գործ:
Հրապարակմանս մեջ չեմ թվարկի առեւանգման դեպքերի մասին, ազատությունից ապօրինի զրկելու, որոնք մաս են կազմում ընտանեկան բռնության աճող դեպքերի:
Մեկ այլ գործով փաստաբանը միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ նկարագրելով հետեւյալ դրվագը. «Խոհանոցում, երբ երեխան մոր գրկում է եղել, ներս է մտել տուժողի նախկին ամուսինը, ցանկացել է նրա ձեռքից վերցնել երեխային, ինչին մայրը դիմադրել է, սակայն հայրը քաշքշել է նախկին կնոջ ձեռքերից, մարմնական վնասվածքներ է պատճառել նրան եւ երեխային: Այդ ամբողջ ժամանակահատվածում երեխան վախից եւ ցավից գոռացել եւ լացել է: Միջադեպին ներկա գտնվող ոստիկանության աշխատակիցները, որոնց ներկայությունը ապահովվել է դատական ակտի անխոչընդոտ կատարումը ապահովելու նպատակով, մատնվելով անգործության, որեւէ միջոց չեն ձեռնարկել միջադեպը կանխելու եւ դատական ակտի կատարումն ապահովելու նպատակով»:
ՀՀ Քրեական օրենսգրքի 118 հոդվածի համաձայն՝ Ծեծելը կամ այլ բռնի գործողություններ կատարելը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը հարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով: Նույն օրենսգրքի 119 հոդվածի համաձայն. 1. Անձին դիտավորությամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը, եթե դա չի առաջացրել սույն օրենսգրքի 112-րդ եւ 113-րդ հոդվածներով նախատեսված հետեւանքները, եւ եթե բացակայում են սույն օրենսգրքի 309.1-ին հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշները` պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով: 2. Նույն գործողությունները, որոնք կատարվել են՝ երկու կամ ավելի անձանց նկատմամբ, անձի կամ նրա մերձավորի նկատմամբ՝ կապված այդ անձի կողմից իր ծառայողական գործունեության կամ հասարակական պարտքի կատարման հետ, անչափահասի կամ հանցավորից նյութական կամ այլ կախվածություն ունեցող անձի, ինչպես նաեւ առեւանգված կամ որպես պատանդ վերցված անձի նկատմամբ, մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից, պատժվում են ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով:
Առհասարակ, այս գործերով ներգրավված փաստաբանների դիտարկմամբ, «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքը կրում է դեկլարատիվ բնույթ: Նախաքննություն իրականացնող մարմինները չեն անդրադառնում միջադեպի արդյունքում երեխային պատճառված ֆիզիկական եւ հոգեբանական վնասին ու տառապանքին եւ դրանք պատճառած անձանց, որի արդյունքում խախտվում են. «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքը, համաձայն որի, յուրաքանչյուր երեխա ունի առողջության պահպանման եւ ամրապնդման իրավունք, յուրաքանչյուր երեխա ունի ամեն տեսակի ֆիզիկական, հոգեկան եւ այլ բռնությունից պաշտպանվելու իրավունք: Եվ որ ամենակարեւորը՝ յուրաքանչյուր երեխա ունի պատվի եւ արժանապատվության իրավունք:
Փաստաբան Գայանե Գրիգորյանն իր մի գործով երեք անգամ ստիպված էր եղել բացարկ հայտնել գործը վարույթ ընդունած քննիչներին, նա այսպիսի դիտարկում էր կատարել. «Նախաքննության ընթացքում պարտադիր է, որ վարույթն իրականացնող մարմինը համապատասխան դատավարական գործողություններ իրականացնելու արդյունքում պարզի նաեւ երեխային հանցագործության արդյունքում պատճառված ֆիզիկական եւ հոգեբանական վնասը, որպեսզի հանցանքը կատարած անձինք ենթարկվեն պատասխանատվության»:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
11.09.2021