Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարեւոր է կրթել մեր միտքը, որովհետեւ այն խոսք է ծնում, խոսքը` գործ, գործը դառնում է սովորություն»

Սեպտեմբեր 13,2021 12:30

Ասում է Թովմաս ուրարակիր Առաքելյանը

Թովմաս ուրարակիր Առաքելյանը ծնունդով Գյումրիից է: Արցախի Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր, ապա Գետամեջ գյուղերի փոքրիկ դպրոցներում է անցել նրա  պատանեկությունը` թուրքական տների փլատակները, դժվար կյանքի հետ կռիվ տվող մարդիկ ու ազերի ներկայության շերտերի տակից ծիկրակող հայկական հետքն աչքի առաջ պահելով:

Նախ ավարտել է Հառիճավանքի Թրբանճյան հոգեւոր ընծայարանը, իսկ 2015-2019 թվականներին էլ սովորել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գեւորգյան հոգեւոր ճեմարանում, այնուհետեւ զորակոչվել եւ համալրել է հայոց բանակի շարքերը:  Թովմասի ծառայությունն անցել է Էջմիածնի, Արարատի եւ Վայքի N զորամասերում: Զինվորական ծառայության հետ զուգահեռ նա  շարունակել է հավատարիմ մնալ հոգեւորականի կոչմանը՝  կազմակերպելով Սուրբ Գրքի սերտողություններ, մկրտության արարողություններ, ուխտագնացություններ, իսկ 2019թ. հոկտեմբերին տպագրել է հեղինակային «Բարեպաշտական սովորությունները Հայոց եկեղեցում» գիրքը: Հայոց եկեղեցու ԶՈՒ հոգեւոր առաջնորդության կողմից ստացել է «Գիր օրհնության»։

«Երբ տղաներին պատմում էի Քրիստոսի մասին, չէի պատկերացնում, որ մոտ է նրանցից շատերի հանդիպումը Տիրոջ հետ. սկսվեց պատերազմը»,-այսպես սկսվեց մեր զրույցը Թովմասի հետ, ով արցախյան երկրորդ պատերազմին մասնակցել է Վայքի N զորամասից` կամավորաբար: «Պատերազմից հետո նշանակվել եմ ջոկի հրամանատար (սերժանտ), դարձել մարտական դիրքի ավագ»,-պատմում է Թովմասը՝ ցավն ու հպարտությունն աչքերում միախառնելով:  Պարգեւատրվել է «Սակրավոր», «Սակրավորի 3-րդ կարգ», «Լավագույն զինվոր-մարզիկ», «Հայոց բանակի գերազանցիկ», «Քաջարի մարտիկ» կրծքանշաններով, «Մարտական հերթապահություն» մեդալով:

Զորացրվելուց հետո նա վերադարձել է Տավուշի թեմ` շարունակելով հոգեւոր ծառայությունն իբրեւ երիտասարդների հարցերով պատասխանատու: Զուգահեռ որոշել է  հարստացնել փորձառությունը եւ հմտանալ արվեստի բնագավառում: Որոշել է ուսումը շարունակել  Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի «Արվեստի տեսության, պատմության եւ կառավարման» ֆակուլտետում՝ փորձելով ճեմարանում աստվածաբանության, փիլիսոփայության, գրականության եւ պատմության ոլորտում ստացած գիտելիքները համադրել բոլորովին նոր՝ կինոյի, թատրոնի, միջնադարյան եւ ժամանակակից արվեստի զանազան դրսեւորումների հետ: «Թե ինչ կստացվի` չգիտեմ, բայց վստահ եմ, որ փոխլրացնող այս աշխարհները տալու են երկրիս թե՛ հավատքին եւ թե՛ մշակույթին օգտակար արդյունք»,-վստահեցնում է մեր զրուցակիցը:

2012 թվականին, երբ Դադիվանք էր եկել, այնտեղ առաջին անգամ աղոթել է: Աղոթքը, լավ է հիշում, սկսել է «եթե Դու իրոք գոյություն ունես» խոսքով: «Եվ այո, իմ «եթե»-ն Ինքն  այնպես ոչնչացրեց, որ նույն օրը որոշեցի. պիտի գրկեմ Իր գոյությունն ու էլ բաց չթողնեմ»,-ասում է Թովմաս ուրարակիր Առաքելյանը:

Խոսելով հոգեւոր ծառայության մասին, զրուցակիցս կարեւոր ձեւակերպում է անում՝ ասելով, որ «Հոգեւոր ծառայություն» ասվածն առանձին մասնագիտություն, հոբբի կամ ստացածդ կրթությամբ պայմանավորված փեշակ չէ կոնկրետ իր համար։ «Այն որեւէ քրիստոնյայի բնական վիճակն է` ազգիդ հանդեպ սիրո դրսեւորումը։ Փոքր տարիքից, երբ ինչ-որ լավ ֆիլմ էի նայում, ուզում էի, որ բոլորը անպայման դիտեն այն։ Բուռն ցանկություն ունեի ինձ դուր եկած ֆիլմով, գրքով կամ երգերով կիսվել ընկերներիս հետ, նրանց էլ հաղորդ դարձնել այն ամենին, ինչն ինձ գրավել է։ Նույնն էլ քրիստոնյա լինելն է. եթե երջանիկ ես Քրիստոսի հետ, ուզում ես մենակ չլինել, կիսել ուրախությունդ, հրավիրել մարդկանց Քրիստոսին միանալու»,-ասում է մեր զրուցակիցը:

Իսկ արդեն խոսելով քրիստոնեական արժեհամակարգի մասին, նա շտապում է առանձնացնել երեք հիմնական կետերը։ «Պողոս առաքյալն այսպես է գրում. «Արդ, մնում են այս երեքը` հավատ, հույս, սեր» (Ա Կորնթ. 13:13)։ Սակայն պետք է լավ հիշենք, որ Աստվածաշնչում հստակ ցուցում կա, որ այս երեք առաքինություններն էլ կարելի է արժեզրկել, եթե հոգեւոր այս ծաղիկները չխնամենք եւ չունենանք երեք կարեւոր պարարտանյութեր. գործ, համբերություն եւ վաստակ,-բացատրում է մեր զրուցակիցը, ավելացնելով,-առաքյալն իր մեկ այլ նամակում գովում է քրիստոնյաների ոչ թե պարզապես հավատքը, հույսն ու սերը, այլ «հավատքի գործը, հույսի համբերությունն ու սիրո վաստակը» (Ա Թեսաղ. 1:3): Ուստի հենց այս երեք կետերն է, որ կուզեմ առանձնացնենք. բարեպաշտ եւ առաքինի գործերով վկայված հավատքը, համբերությամբ պսակված հույսը եւ այն սերը, որը միմիայն զոհաբերությամբ է հնարավոր վաստակել»:

Մեր զրուցակիցը նաեւ նշում է, որ Աստված մարդուն ստեղծել է իբրեւ մարմին, հոգի եւ միտք` իբրեւ մեկ ամբողջություն, մեկ անձ։ Սրան հետեւում են միջնադարյան վանականները, որոնք այս գաղափարն ունեին հիմքում, երբ վանական կյանքը կազմակերպում էին երեք հիմնական ուղղություններով. աշխատանք, աղոթք եւ կրթություն` մարմինը, հոգին ու միտքը զարգացնելու համար։ «Հաճախ լսում եմ, որ մարդիկ խոսում են «հոգու փրկության» մասին։ Մենք չենք փրկում հոգին, մենք փրկում ենք մարդո՛ւն, իր ամբողջության մեջ։ Մարդու միայն հոգին չէ, որ պատկերն ու նմանությունն է Աստծո, այլ մարդն ինքնի՛ն ստեղծվել է Աստծո նմանողությամբ։ Ուստի, կարծում եմ, այնքան էլ ճիշտ չէ խոսել միայն հոգու փրկության կամ միայն «հոգեւոր» կյանքի մասին։ Պետք է միշտ մնալ ներդաշնակության մեջ։ Մարդու հոգին չի փրկվելու, փրկվելու է մարդը` մեծագույն արժեքն այս տիեզերքի»,-ասում է մեր զրուցակիցը:

Թովմասի խոսքով՝  շատ կարեւոր է կրթել եւ դաստիարակել մեր միտքը, որովհետեւ այն խոսք է ծնում, խոսքը` գործ, գործը դառնում է սովորություն, սովորությունը` բնավորություն եւ այսպես շարունակ։ Իսկ արդեն անդրադառնալով մեղքերին, նա նշում է, որ  բոլոր մեղքերը ծնվում են մարդու մտքում։ «Եթե մենք կարողանանք մեր հոգեւոր կյանքը զարգացնել մեր մտավոր կյանքի հետ ներդաշնակության մեջ եւ անենք այնպես, որ մեր միտքն ու հոգին իրար չհակասեն, մեղքը կծնվի մեր մտքում եւ հենց մտքում էլ կջախջախվի»,-հավելում է մեր զրուցակիցը, նաեւ անդրադառնալով  եւ մի շարք շեշտադրումներ անելով եւ նշելով, որ մարդը պետք է հետեւի մարմնական կյանքին, առողջ ապրելակերպին, ճիշտ սննդակարգին, աշխատանքին ու սպորտին: Թվարկածները  ոչ միայն չեն հակասում քրիստոնեական արժեքներին, այլ նաեւ օգնում են հաղթահարել, օրինակ, ծուլությունը, որ մահացու մեղք է, վնասակար մի շարք սովորություններ, որոնցից, ասենք, ծխելը, կարելի է դանդաղ ինքնասպանություն համարել եւ այլն։ «Հիշենք սբ. Ներսոս Շնորհալու աղոթքը. «Իմաստություն Հոր Հիսուս, տո՛ւր ինձ իմաստություն` ամեն ժամ Քո առաջ բարին խորհելու, խոսելու եւ գործելու համար։ Չար մտքերից, խոսքերից ու գործերից փրկիր ինձ եւ ողորմիր քո արարածներին եւ ինձ` բազմամեղիս. ամեն»,-մեր զրույցն այսպես է եզրափակում Թովմաս ուրարակիր Առաքելյանը:

Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

11.09.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930