Լրահոս
Օրվա լրահոսը

Կարո Առաքելյանի «Վստահեք ինձ» գիրքը իր հոգու «պատուհանն» է բացում ընթերցողի առաջ

Սեպտեմբեր 13,2021 12:00

Դուք ազգընտիր հայորդիներ,

Դուք Ձեր հայոց հայերենով ելաք մարտի,

Մարտի ելաք Ձեր մայրերի օրհնությունով,

Ձեր հայրերի օրհնատրված պահպանող ոգեղենով…

Կարո Առաքելյանի «Վստահեք ինձ» գիրքը նվիրված է անմահացած հայորդիների սուրբ հիշատակին: Ժողովածուն տպագրվել է «ՎՄՎ-պրինտ» հրատարակչությունում, այն բանաստեղծի թվով 21-րդ գիրքն է, ուր արծարծված են բազմաթեմա խոհաշարեր: Դրանք ներկայացնում են մի դեպքում հայրենապաշտական, մարդասիրական առաքելություններ, մի այլ տեղ՝ նահատակվող ազատամարտիկի հերոսական քաջագործության դրվագներ: Ժողովածուի մեջ կան նաեւ սիրո փոթորկուն զգացմունքների անկեղծ բացատրություններ:

Կարո Առաքելյանը հոգու բանաստեղծ է, ունի յուրատիպ մտորումների ասելիք, որոնք քնարական են, առլեցուն՝ հուզական շերտերով, ինչպես ինքն է նշում՝ «խնկարկումներ են սիրո տաճարում», որոնք անշուշտ ընթերցողին տալիս են խորհելու առիթներ, ահավասիկ հենց ընթերցողին է հեղինակը ուղղորդում հետեւյալ տողերը.

Գովասանագիր բնավ պետք չէ ինձ,

Ճշմարիտ խոսքիդ, խոնարհս պիտի,

Միայն թե տեղին լինես խոսքիդ հետ,

Եվ տողատակն իմ իմանաս որն է…

Ինձ պետք չէ ասես՝ երեւելի եմ:

Կարո Առաքելյան բանաստեղծն իր խրատն ու պատմելիքի հույզը հասցեագրում է նրանց, ում հետ կիսում է իր մտորումների ներկան ու սպասումների գալիքը: Եվ իր արարումների միջով անցնող ժամանակը թվում է պոետական ակնթարթային արագությամբ սահեցում է որպես մի գաղտնի խոստում:

«Վստահեք ինձ» ժողովածուի մեջ հանդիպում են բանաստեղծական մտքեր, որոնք մարդու էությանը, հոգուն նուրբ տեսանկյունից են մոտենում, որովհետեւ օրինաչափորեն ամենախոցելին  են դրանք: Եվ երբեմն (ոչ միայն պոեզիայում կամ գրականության այլ ժանրերում է պատահում), կյանքում չարակամների կողմից դրանք մերժվող են: Կարո Առաքելյանի «Վստահեք ինձ» գրքում թվում է՝ բանաստեղծի հոգու դարպասը ինչպես ինքն է ասում՝ գոց է: Նույն հերոսը թեեւ քիչ պարտվողի կեցվածք ունի, այնուամենայնիվ, նրա միտքը լուսավորում է լավատեսի հույսով, իսկ նրա հոգու տանն էլ «լույսը չի պակասի»:

Եվ ազատամարտիկ լինի, թե սովորական էակ, գալիքով ապրող այր է, ում հոգու դարպասը այլեւս գոց չի կարող լինել: Եվ ժողովածուի մեջ էջ առ էջ ընթերցողներիս հետ մտերմիկ զրույց է անում գրքի հերոսը, նույն ինքը՝ գրքի հեղինակը: Եվ, իհարկե, այդ հերոսը մեր օրերի հայ ազատամարտիկն է՝ հպարտ ու քաջարի, ով հայոց հայրենիքի սահմանների եւ հայ պետականության դրոշը ձեռքին՝ կյանք ու արյուն չի խնայում, դեպի անմահության է գնում, զոհվում հանուն Հայաստանի փրկության: Եվ, ցավոք, պայքար ու պայքար է մերօրյա քաղաքական խառնիխուռն իրականության անիմաստ մղձավանջում:

Եվ ահա ինչու մեր ով լինելուց՝

Մաքրակերպ հայի դասն է պակասում,

Հայրենիք պաշտող իրական հայի նկարագիրը…

Դարավոր թշնամու կողքին ապրող հարեւաններն էլ քրիստոնյա հայ ազգն է՝  ինչպե՞ս շունչ քաշեն, երբ մահ ու բռնություն սիրող ազերիները, թուրքերն իրենց բիրտ, դաժան «առաջադրանքն» են կատարում: Կարո Առաքելյանը որպես բանաստեղծ այս անցողիկ կյանքը տեսնում է ինչպես սեւ ու սպիտակը կամ լույսն ու խավարը միախառնված: Այսինքն՝ նա խորազնին թափանցում է այն իրականության ներսը,  ինչ-որ ոչ բոլորի տեսանելիությունն է ընդգրկում իրերի, երեւույթների աշխարհը: Պոետական խորաթափանցությամբ նա ժամանակի, ըմբռնումների, հակադրությունների բարդ իրավիճակում նկատում է անհանգստություն եւ տարածաշրջանը խեղդամահ «գնում» է  անորոշ կացության: Մարդը մարդու դեմ, քրիստոնյան՝ այլադավանի… Այս խառնիխուռն բախումների մեջ առաջանում է անկայուն դրություն՝ ընդհուպ պատերազմական իրադրություն: Այդպիսի խառնիխուռնի վերաբերյալ գրողը տողեր ունի, ուր կա նաեւ մարդկանց մեջ լավատեսության եւ հաղթության հավատ.

Ամեն խաղին կա ելք,

Կամ հաղթանակ, կամ պարտություն,

Եկե՜ք մեկտեղ հավատանք, որ

Հաղթանակով ելքեր պիտի լինեն, լինեն…

Բանաստեղծն ունի մտքեր, տողեր, որոնք հոգու խորքից բխող փիլիսոփայական լինել-չլինելու բանաձեւումներ «ծնող» պրիզմայով անցնող խոհեր են. անցողիկի տագնապոտ ոչ մնայուն երկյուղներ, որոնք միայն  գերեզմանափոր մարդը կարող է հասկանալ: Մինչդեռ պոետ Կարո Առաքելյանն արդեն նույնիսկ կռահում է իրականության մեջ ապրող էթնիկի ճակատագիրը.

Ողբ է այսօրվա իրականը,

Շնչելու օդ չունի հայ մարդը…

Ճչալս՝ ի՞նչ,

Լսողս՝ ո՞վ:

Ժողովածուի հուզաթաթավ տողերում այո՛,  քննվում, արարվում, երբեմն մերժվում է թշնամու նենգ գաղափարը, անդունդ տանող այն մեղքերը, որոնք ոտնձգություններ են՝ արյան հեղեղներ առաջացնող եւ աստվածներին նույնիսկ զայրացնող: Ցավով պոետը արձանագրում է երեւույթն այսպես. «Քանի, քանի աստվածներ են այս ընթացքները գրանցել, ականատես եղել ամեն կատարվածին»: Կարո Առաքելյանի խոհերն ինքնատիպ են, որոնք տարբերակվում են հայ պոեզիայի մեջ դեռեւս արտահայտում գտած այլ հեղինակների գրական մոտիվացիաներից: Այս մասին նույնակարծիք է նաեւ գրքի խմբագիր, բանաստեղծ Հակոբ Սրապյանը:

Կարո Առաքելյանը «Վստահեք ինձ» գրքում գովերգում է զոհված որդու կողքին կանգնած սգացող հայուհու, ով կորցնելով Հայրենիքին նվիրյալ նահատակված որդուն՝ ինքն իր մեջ ուժ գտնելով, գոտեպնդում է շրջապատի մարդկանց եւ անձնազոհության կոչում իր մյուս որդուն: Չափազանց սրտահույզ է հեղինակի «Եռաբլուր» ստեղծագործությունը, ուր որդեկորույս մորը նվիրած տողեր ունի

Խոսքիդ ամեն բեկորի մեջ, արցունքիդ մեջ այրող, այրող

Լուռ դողացող շուրթիդ վրա, ազգիս ցավի ցավն է խոսում…

Կարո Առաքելյանը «Վստահեք ինձ» գրքում իր հոգու «պատուհանն» է բացում ընթերցողի առաջ եւ լսելի են դառնում նրա շնորհի մեջ արցունք դարձած մտքի ղողանջները: Եվ բնությունը, մայրական վիշտը, հերոսի տվայտումը, սիրած աղջկա սպասման տառապանքը, անցողիկ ողջ կյանքն ու իրականությունը պոետի գրչի համար դառնում են երգեր՝ դող ու կանչ,  ծաղկող սեր, հայրենի հող… Պոետի տողերում անպաշտպան հայ ժողովուրդն  ունի իր ցավն ամոքող եւ կիսող, հազար ողբ տեսած, սակայն չպարտվող ապագա. «Հպարտ հայ էթնիկ ազգ  Հայ Նահապետով ուժեղ եւ ուժեղ հավատ՝ թելադրվող Տիրոջ կամքով»:

Այսպիսով, չմոռանանք նշել այն, որ պոետն իր գրքում  առանձին ցասումով է խոսում  ներսի այլադավանների մասին, որոնց անվանում է «արմատ կրծող խլուրդներ»: Դավաճաններին քննադատելով, գամելով պատին, Կարո Առաքելյանը ամենուր փնտրում է «մաքրակերպ հայի դաս, որն, ավա՜ղ, մեզանում որոնվում է դարձյալ եւ երբեմն խաղաղ կեցությունը» տակնուվրա լինելով՝ այլ կերպ է ընթանում: Կարո Առաքելյանի պոեզիայում կերտված հերոսներն ունեն իրենց իսկ կերպարային խառնվածքը, որը ամեն պահ կարծեք թե ասում է՝ «Վստահեք ինձ»: Նշենք, որ գրքի սկզբում ներկայացված  են ՀՀ անվանի գրողների, մտավորականների, հրատարակչային աշխատողների, խմբագիրների արտահայտած կարծիքներն ու խոհերը, որոնք գրքի  հեղինակին՝ Կարո Առաքելյանին են նվիրված: «Վստահեք ինձ» ժողովածուի վերջում ամփոփված են գրողի «աֆորիզմային հետաքրքիր մտքերը», որոնք խոհափիլիսոփայական գաղափարներ են արտահայտում եւ ունեն հոգեբանական խորունկ ապրված զգացումներ:

Կարո Առաքելյանի «Վստահեք ինձ» գիրքը խոստումնալից լավատեսության աղերսներով է հագեցած: Անմահացած հայորդիների քաջազուն անունների առաջ ընթերցողներիս խոնարհումներն ու աղոթքները թող լույս անուրջներ լինեն, պոետական նոր արարումներ դառնան… եւ լուսավորեն նրանց հավերժող հիշատակը: Թող երբեք, երբեք մեր ազատամարտող հերոսները պատերազմող դաժան ոսոխի հետ գոտեմարտում չպարտվեն՝ հաղթանակի հավատով ապրեն եւ պայքարեն:

Եվ թող բանաստեղծի պոետական սպասումները արարեն թեմաներ, որոնք քնարական էջերի շարունակության նոր թելադրանքներ կլինեն՝ հարստացնելով հայոց պոեզիայի ոսկեգանձերի շտեմարանը:

Լուսինե ԹՈՓՈՒԶՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

11.09.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930