Լրահոս
Օրվա լրահոսը

«Համայնքներում ընտրություններ չնշանակելու, մարզպետների անգործության հարցով սպասում ենք ԿԸՀ պատասխանին»

Սեպտեմբեր 13,2021 14:00

«Ապրելու Արցախ» հիմնադրամի համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը «Առավոտի» հետ զրույցում տեղեկացրեց՝ ԿԸՀ պատասխանից հետո կդիմեն դատարան, իսկ Վանաձորում ՏԻՄ ընտրություններին մասնակցության եւ թեկնածուի հարցով դեռ փակագծեր չբացեց:

Փաստենք՝ ՀՀ ԸՕ-ի համաձայն՝ հերթական ընտրությունները նշանակում է համապատասխան մարզպետը։ Այստեղ կարեւոր է, որ քվեարկության օրը ավագանու կամ համայնքի ղեկավարի լիազորությունների ժամկետի լրանալու օրվան առավել մոտ պետք է լինի:

Հետաքրքրվեցինք՝ իսկ ի՞նչ փուլում է մարզպետների անգործության հիմքով դատարան դիմելու գործընթացը, քանի որ օրեր առաջ նման հայտարարությամբ հանդես եկավ, Մեսրոպ Առաքելյանը պատասխանեց. «Դիմել ենք ԿԸՀ, սպասում ենք իրենց պարզաբանմանը, որից հետո արդեն կախված պարզաբանումից՝ մեր հետագա քայլերը կնախաձեռնենք: Դեռ ժամանակ կա ԿԸՀ-ի պատասխանին: Ի վերջո, Ընտրական օրենսգրքի կարգավորման պատասխանատուն ԿԸՀ-ն է, հետեւաբար իրենց դիրքորոշումը մեզ համար կարեւոր է: Իհարկե, արդեն կառավարությունը  նախաձեռնել է համայնքների միավորման գործընթացը Վարչատարածքային բաժանման մասին օրենքում կատարված փոփոխությունների մասով, որը կառավարության նիստում հավանության է արժանացել եւ ԱԺ-ն պիտի քննարկի այն: Նախագծով այն ընտրությունները, որոնք պետք է նշանակվեին հոկտեմբերի 17-ին, նախատեսվում է նշանակել դեկտեմբերի 5-ին: Սակայն դրանից այդ օրենքի պահանջի խախտումը չի փոփոխվում: Բովանդակային առումով ընտրությունները երկու ամիս հետո են իրականացվում, սակայն միեւնույն է, օրենքով այդ համայնքի ավագանու լիազորությունների ավարտի հետ կապված այդ ընտրությունները պիտի նշանակվեին հոկտեմբերի 17-ին»:

Հարցին՝ ինչպե՞ս եք գնահատում մարզպետների նման գործելաոճը, քաղաքական ենթատեքստ տեսնո՞ւմ եք, կարծիքներ կան, որ ընտրություններ չնշանակելու հիմնական նպատակն այն է, որ նշանակվեն համայնքի ղեկավարների ժամանակավոր պաշտոնակատարներ, եւ այդպիսով ավելի հեշտ լինի ընտրություններին ցանկալի թեկնածուներին անցկացնելը, Մեսրոպ Առաքելյանը պատասխանեց. «Մեզ համար առաջնայինը  օրենքի պահանջների կատարումն է: Օրենքի խախտման որեւէ հիմնավորում մեզ համար ընդունելի չէ, կամ հակառակը, եթե նույնիսկ օրենքը խախտել են առանց որեւէ շահադիտական նպատակի, միեւնույն է, դրանից օրենքի խախտման փաստը չի փոխվում»: Մարզպետների գործունեության քաղաքական ենթատեքստի մասին էլ ասաց. «Իհարկե, հնարավոր են նման երեւույթներ, մյուս կողմից էլ՝ այո, օրենքը նաեւ կարգավորում է, որ եթե համայնքները միավորվում են, այդ միավորման հիմքով նորից պետք է ընտրություններ տեղի ունենան, չնայած այդպիսի պատճառաբանում կա, որ եթե տեղի է ունենում ընտրություն, եւ եթե դրանից հետո իրականացվել է համայնքների միավորում, ստիպված նոր ընտրություններ պիտի նշանակվեն, սակայն ընտրությունների ժամանակահատվածը վաղուց էր հայտնի»:

Հարցին՝ համայնքի բնակչի, համայնքի՝ լսելի լինելու իրավունքի, տեղական ժողովրդավարության ապահովման տեսանկյունի՞ց ինչպես կմեկնաբանեք ստեղծված իրավիճակը, մեր զրուցակիցը պատասխանեց. «Իհարկե, համայնքների միավորման հարցում համայնքի բնակչի կարծիքն առաջնային է: Այս նախագծերը դրված էին հանրային քննարկման, սակայն նույնիսկ այդ քննարկման ժամկետը չէր լրացել, եւ արտահերթ օրակարգով է հարցը քննարկվել: Եվ պարտադիր էր նաեւ պահպանել Նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքը եւ պատշաճ իրականացվեր հանրային քննարկում, ինչպես նաեւ համայնքի բնակիչների կարծիքը պետք է  հաշվի առնել: Եթե նույնիսկ հանրաքվեով չէ, առնվազն քննարկում պիտի արվեր, քանի որ զուտ տեխնիկական, քարտեզային միավորումները չի կարելի համարել միակ գործոնը: Իհարկե, միավորման մեջ կան մի շարք առանձնահատկություններ՝ ծախսերի նվազեցում, ավելի արդյունավետություն, սակայն, միեւնույն է, կան որոշակի առանձնահատկություններ: Կարծում  եմ՝ ավելի լայն քննարկումների անհրաժեշտություն կա, որպեսզի ի վերջո համայնքի բնակչի շահը չոտնահարվի»:

Մեր հստակեցմանը՝ Վանաձորում կայանալիք ՏԻՄ ընտրություններին ո՞ւմ թեկնածությունն են պաշտպանելու, մանավանդ մամուլում կան տեղեկություններ, որ իր եւ Մանե Թանդիլյանի հիմնադրած «Ապրելու երկիր» կուսակցությունը պաշտպանելու է միասնական սոցիալական ծառայության Վանաձորի բաժնի ղեկավար Արմեն Այվազյանի թեկնածությունը, Մեսրոպ Առաքելյանն այսպես արձագանքեց. «Վանաձորի ընտրություններին դեռ ժամանակ կա. դեկտեմբերին է: Մինչ այդ այլ համայնքներում կան ընտրություններ: Մեր կուսակցությունը պատրաստվում է դրանց: Առաջիկայում կտեղեկացնենք: Մեր կուսակցությունը նախատեսում է որոշ համայնքներում ունենալ մասնակցություն, պատշաճ կլուսաբանվի: Փորձում ենք ինչքան հնարավոր է շատ համայնքներում մասնակցություն ունենալ: Դա ինքնանպատակ չէ՝ հաշվի առնելով մեր տեղական հնարավորությունները, նպատակները, համայնքների խնդիրների շուրջ մեր պոտենցիալը: Ի վերջո, նպատակը ոչ թե ընտրություններն են, այլ  ընտրություններից հետո առաջիկա հինգ տարիներին՝ ինչպես կարող ենք մեր պոտենցիալն օգտագործելով ծառայել այդ համայնքի բնակչությանը»:

Մեր դիտարկմանը՝ Վանաձորում ընտրությունների առիթով ինչո՞ւ չեք ուզում մանրամասներ ներկայացնել, Մեսրոպ Առաքելյանն արձագանքեց. «Դեռ երեք ամիս կա, ոչ միայն Վանաձորի, այլեւ մի շարք համայնքների ընտրություններին: Այս պահին մեր առաջնահերթությունները հոկտեմբերի ընտրություններն են, ՏԻՄ ընտրություններ են նշանակված նաեւ նոյեմբերին, դեկտեմբերին: Դեռ քննարկումները շարունակվում են, ժամանակ կա»:

Հարցին՝ այն, որ «Ապրելու երկիր» կուսակցությունը կապում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անվան հետ, դա ՏԻՄ  ընտրություններում իրենց օգնելո՞ւ է, թե՞ խանգարելու, Մեսրոպ Առաքելյանը պատասխանեց. «Չգիտեմ՝ ում հետ է կապվում մեր կուսակցության անունը, բայց մենք անկեղծ ենք ժողովրդի հետ ու շարունակում ենք այդպես իրականացնել մեր գործունեությունը: Վստահ ենք՝ ունենք բավարար ռեսուրս քաղաքացու հետ ուղիղ ու անկեղծ խոսելու եւ ստանալու բավարար վստահություն»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
11.09.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930