Լրահոս
Օրվա լրահոսը

«Միանշանակ, այսօր խաղաղության օրակարգի մասին խոսելն առնվազն շուտ է»

Սեպտեմբեր 13,2021 14:30

Ասում է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը

Հայաստանյան քաղաքական ղեկավարությունը շարունակում է պնդել, որ իրենք հասնելու են տարածաշրջանում խաղաղության հաստատմանը. զուգահեռ, ադրբեջանական զինված ուժերը շարունակում են ՀՀ տարածք ապօրինի ներխուժմամբ խախտել քաղաքացիների իրավունքները, խաթարել անվտանգությունն ու գյուղատնտեսական աշխատանքները, իսկ Արցախում վերջին շրջանում շարունակվում են խաղաղ բնակավայրերի ուղղությամբ կրակահերթերը. Ադրբեջանն Արցախում հետեւողականորեն նաեւ կապի հասանելիության խնդիրներ է ստեղծում, իսկ այդ երկրի ղեկավարը մի ձեռքով Երեւանն իրենցն է համարում, մյուսով առաջարկում ՀՀ-ի հետ հարաբերությունների կարգավորում։ «Առավոտը» զրուցել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի հետ, որն այս օրերին Երեւանում էր՝ կարեւորագույն զեկույցի ներկայացմանը մասնակցելու համար։

– Պարոն Ստեփանյան, հենց Արցախի հանդեպ գործելաոճի օրինակով ի՞նչ կարող եք եզրակացնել՝ գործնականում Ադրբեջանը որքանո՞վ է պատրաստ հայկական կողմի՝ խաղաղության օրակարգ հաստատելու կոչերին։

– Խաղաղության օրակարգը պետք է հիմնված լինի իրավունքների փոխադարձ հարգման եւ պաշտպանության վրա։ Մենք տեսնում ենք, որ ադրբեջանական կողմը պատրաստ չէ եւ չի ընդունում Արցախի ժողովրդի իրավունքները։ Պարբերաբար թիրախավորվում են Արցախի խաղաղ բնակավայրերը, ինչը նշանակում է, որ Արցախում ապրող մարդու կյանքի իրավունքն ադրբեջանական կողմի համար որեւէ նշանակություն չունի։ Ըստ այդմ, ադրբեջանական կողմն անարգում է Արցախի ժողովրդի կյանքի իրավունքը։ Նույնը վերաբերում է նաեւ Արցախի ժողովրդի մնացած բոլոր իրավունքներին։ Ի՞նչ է կատարվում. Ադրբեջանի կողմից ոչնչացվում է հայկական մշակութային ժառանգությունն օկուպացված տարածքներում։ Դա արվում է, որովհետեւ այդ ժառանգությունը խոսում է տվյալ տարածքներում հայի գոյության եւ ներկայության մասին։ Անհանդուրժողականություն եւ հայատյացություն է տարիներով սերմանվել ադրբեջանցիների շրջանում եւ այն այսօր տալիս է իր «պտուղները»։ Նման պայմաններում այսօր խաղաղության օրակարգի մասին խոսելը՝ առանց դրա վտանգները գիտակցելու, անընդունելի է։ Խաղաղության ընկալումը մեզանում այլ է, նրանցում՝ այլ։ Նրանք խաղաղությունն ընկալում են այնպես, թե Արցախը պետք է լինի իրենց տարածքը, իսկ Արցախի ժողովուրդը պետք է զրկված լինի իրավունքներից։ Մեզ համար դա անընդունելի է։ Ուստի միանշանակ փաստում եմ, որ այսօր խաղաղության օրակարգի մասին խոսելն առնվազն շուտ է։

– Առնվազն ինչպիսի՞ պայմանների ապահովման դեպքում է հնարավոր խոսել երկու կողմերի ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու մասին։

– Այն պայմաններում, երբ Ադրբեջանը ընդունի, որ Արցախի ժողովուրդն ունի իրավունքներ, որ իրացրել է միջազգայնորեն ամրագրված իր իրավունքները, մասնավորապես՝ ազգերի ինքնորոշման իրավունքը։

– Օրինակ, Ադրբեջանի նախագահի վերջին շրջանի հայտարարություններից որքանո՞վ կարող ենք փաստել, որ վերոգրյալի  համար կան նշույլներ։

– Չենք կարող փաստել, հակառակն է։ Նա ասում է, թե Արցախի խնդիրը չկա, լուծված է, որ Արցախում 25 000 մարդ է ընդամենն ապրում։ Այս հայտարարությունները խոսում են այն մասին, որ Ադրբեջանն անտեսում է մեր իրավունքներն ու մեր ներկայությունը մեր տարածքներում։ Նման պարագայում ինչպե՞ս խոսել խաղաղության մասին, ի՞նչ խաղաղության մասին է խոսքը։

– Դուք հաճախ եք լսում Արցախի բնակիչներին ու նրանց խնդիրները։ Նրանք ի՞նչ են կարծում խաղաղության օրակարգի մասին, ի՞նչ մտահոգություններ են բարձրաձայնում։

– Պատերազմի ընթացքում եւ դրանից հետո Ադրբեջանի կատարած դաժանություններից, խոշտանգումներից ու անմարդկային վերաբերմունքից կարճ ժամանակ է անցել։ Մարդկանց առաջին ռեակցիան, բնականաբար, հետեւյալն է՝ «ինչի՞ մասին է խոսքը, ինչպե՞ս  խաղաղության մեջ ապրել մեկի հետ, որը լցված է հայատյացությամբ եւ ատելությամբ»։ Սա ամենաբնական արձագանքն է Արցախում ապրող ժողովրդի ընդհանրական մոտեցումից։

Նշենք, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն օրերս ներկայացրել է անգլերեն զեկույց՝ փաստագրելով հայ ռազմագերիների հանդեպ Ադրբեջանի դաժան ու նվաստացուցիչ վերաբերմունքը, խոշտանգումներն ու սպանությունները, ներկայացրել ադրբեջանական ԶՈՒ-ի՝ ՀՀ տարածքում գտնվելու վտանգներն ու դրանից բխող՝ քաղաքացիների իրավունքների ոտնահարման դեպքերը. զեկույցն ուղարկվելու է միջազգային կառույցներին։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
11.09.2021

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930