Գյումրու ՏԻՄ ընտրություններին առաջադրվելու ժամկետը լրացավ այսօր ժամը 18․00-ին։ Մենք եղանք թիվ 31 տարածքային ընտրական հանձնաժողովում, ամենավերջին փաստաթուղթ ներկայացնողը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարարներ Մանե Թանդիլյանի ու Մեսրոպ Առաքելյանի հիմնադրած «Ապրելու երկիր» կուսակցությունն էր։
Հանձնաժողովի նախագահ Տիգրան Ղազարյանը, ամփոփելով առաջադրվողների տվյալները, տեղեկացրեց՝ Գյումրու ՏԻՄ ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրել 10 քաղաքական ուժեր, որոնցից երեք դաշինքներ են, 7-ը՝ կուսակցություններ։
Նորաստեղծ «Հայրաքաղաք» դաշինքի ցուցակը գլխավորում է Գյումրու Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը։ «Գյումրին կռնա» դաշինքը գլխավորում է գործարար Վարդան Սրտաշյանը, իսկ «Թասիբով դաշիք»-ը՝ ընդդիմադիր Կարապետ Պողոսյանը։ Վերջինս ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի Գյումրու գրասենյակի նախկին համակարգողն էր։
Կարդացեք նաև
Կուսակցություններից մասնակցության հայտ են ներկայացրել ՔՊ-ն, որի թեկնածուն Շիրակի մարզպետ, վիրաբույժ Հովհաննես Հարությունյանն է, «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցությունը, որի ցանկը գլխավորում է Գյումրու քաղաքապետարանի ենթակայության տակ գործող Կոմունալ ծառայություն համայնքային բյուջետային հիմնարկի տնօրեն Վարդգես Սամսոնյանը։
ՀՀԿ-ի թեկնածուն Արտյոմ Ղուկասյանն է՝ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հորեղբոր որդին։ Գյումրու ՏԻՄ ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարարներ Մանե Թանդիլյանի ու Մեսրոպ Առաքելյանի հիմնադրած «Ապրելու երկիր» կուսակցությունը, որի ավագանու թեկնածուների ցուցակի առաջին համարը Կարեն Մալխասյանն է, նա իրավաբան է։
«Կոմունիստական» կուսակցության քաղաքապետի թեկնածուն Կոնստանտին Գավազյանն է, նա Գյումրու քաղաքապետարանի քաղաքաշինության և ճարտարապետության բաժնի աշխատակից է։
«ԱրԺանապատիվ ուղի» կուսակցության ցուցակը գլխավորում է նախկին ՕԵԿ-ական պատգամավոր Հովհաննես Մարգարյանը։ «Զարթոնք» ազգային-քրիստոնեական կուսակցության առաջին համարն է Վարդևան Հակոբյանը, նա ԱԱԾ-ի նախկին աշխատակից է։
Ամենաշատ թեկնածուներ առաջադրել է «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցությունը․ ցուցակը բաղկացած է 42 անձից։
Ցուցակի ճոխությամբ երկրորդ տեղում է «Զարթոնք» ազգային-քրիստոնեական կուսակցությունը, որի ցանկում 41 թեկնածուներ են, երրորդում՝ «Քաղաքացիական պայմանագիր»-ն է՝ 40 թեկնածուով, այնուհետ «ՀՀԿ»՝ 33-ով։
«Հայրաքաղաք» դաշինքն ունի 28 թեկնածու, «Թասիբով դաշինք», «Ապրելու երկիր», «Արժանապատիվ ուղի» կուսակցությունները՝ 22 թեկնածուներ։ 20-ական թեկնածու էլ առաջադրել են «Գյումրին կռնա» դաշինքն ու «Կոմունիստական» կուսակցությունը։
Ըստ հանձնաժողովի նախագահի, պայքարը թեժ է լինելու։ Հիշեցնենք՝ Գյումրու ՏԻՄ ընտրությունները նշանակված են հոկտեմբերի 17-ին։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ