Aravot.am-ի «Առողջ առավոտ» նախագծի շրջանակներում Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի բժիշկ-ներզատաբան Մարիամ Հայրապետյանի հետ զրույցել ենք «21-րդ դարի նոր համաճարակի»՝ մետաբոլիկ համախտանիշի մասին։
-Ժամանակակից կենսակերպն իր բոլոր առավելություններով հանդերձ կարող է բերել առողջական այնպիսի խնդիրների, որոնք լուրջ մարտահրավեր են մարդկության համար․ այդ խնդիրներից մեկը մետաբոլիկ համախտանիշն է, որի արտաքին դրսևորմամբ՝ որովայնային ճարպակալում ունեցող մարդկանց մենք սկսում ենք ավելի ու ավելի շատ հանդիպել մեր առօրյայում։ Խնդրում եմ պարզաբանել՝ ի՞նչ է մետաբոլիկ համախտանիշը և որքանո՞վ է այն վտանգավոր առողջության համար։
-Մետաբոլիկ համախտանիշը, որն անվանում են նաև X համախտանիշ կամ «մահացու քառյակ», ԱՀԿ-ի փորձագետների կողմից բնորոշվում է որպես 21-րդ դարի ոչ ինֆեկցիոն բնույթի նոր համաճարակ, որն առաջիկայում ավելի մեծ մասշտաբների է հասնելու հատկապես տնտեսապես զարգացած երկրներում։
Մետաբոլիկ համախտանիշը որպես այդպիսին հիվանդություն համարել չի կարելի, սակայն այն օրգանիզմի վիճակ է, որը միավորում է ռիսկի մի շարք գործոններ՝ ճարպակալումը, հիպերտոնիան, արյան մեջ շաքարի ու խոլեսթերինի բարձր մակարդակը, հորմոնալ խանգարումները և այլն, որոնք կարող են հանգեցնել սիրտ-անոթային հիվանդությունների, կաթվածի, շաքարային դիաբետի առաջացման, ուռուցքային հիվանդությունների զարգացման և այլն։ Այն անձանց մոտ, որոնք ունեն մետաբոլիկ համախտանիշ, սիրտանոթային հիվանդացությունը և մահացությունը զգալիորեն բարձր է, ուստի շատ կարևոր է այդ համախտանիշը ժամանակին հայտնաբերելը։
Կարդացեք նաև
Մետաբոլիկ համախտանիշի զարգացման հիմքում ինսուլինառեզիստենտականությունն է՝ ինսուլինի նկատմամբ պերիֆերիկ հյուսվածքների զգայունակության իջեցումը և կոմպենսատոր ինսուլինի քանակի շատացումն արյան մեջ, որն ուղեկցվում է ածխաջրային, ճարպային, պուրինային փոխանակության խանգարմամբ և զարկերակային հիպերտենզիայի զարգացմամբ։
-Ինչպե՞ս է ախտորոշվում մետաբոլիկ համախտանիշը։
Մետաբոլիկ համախտանիշը նախ և առաջ դրսևորվում է որովայնային ճարպի քանակի ավելացմամբ։ Պատկերավոր ասած՝ մարդու մարմինը նմանվում է խնձորի։
Կենտրոնական՝ որովայնային տիպի ճարպակալումը, երբ որովայնի շրջագիծը 88 սմ-ից ավելի է կանանց մոտ և 102 սմ-ից ավելի՝ տղամարդկանց մոտ, մասնագետներին հիմք է տալիս գնահատելու ռիսկի այլ գործոնները, կամ մետաբոլիկ համախտանիշի հավելյալ չափանիշները՝
- ստուգելու զարկերակային ճնշումը, որը 130/85 մմ-ից բարձր չպետք է լինի,
- գլյուկոզայի նկատմամբ տոլերանտության խանգարումը, որն իրականացվում է արյան պլազմայում գլյուկոզայի տոլերանտության թեստի միջոցով,
- արյան մեջ քաղցած ժամանակ գլյուկոզայի մակարդակի բարձրացումը 5,6 մմոլ/լ-ից,
- եռգլիցերիդների մակարդակը,
- այսպես կոչված լավ և վատ խոլեսթերինի՝ բարձր և ցածր խտության լիպոպրոտեիդների մակարդակն արյան մեջ։
Եվ եթե հիշյալ 3 կլինիկական չափանիշները հաստատվում են, ապա մարդու մոտ ախտորոշվում է մետաբոլիկ համախտանիշ։
-Որո՞նք են համախտանիշի զարգացման պատճառները։
Մետաբոլիկ համախտանիշի զարգացման պատճառները կարող են տարբեր լինել, սակայն այդ հարցում մեծ դեր ունի գենետիկ նախատրամադրվածությունը։ Մեզ հայտնի է ինսուլինի ընկալիչների գենը, որն ավելի քան 50 մուտացիա ունի:
Մետաբոլիկ համախտանիշը նաև անառողջ ապրելակերպի հետևանք է համարվում, քանի որ վերջինիս զարգացման պատճառներից է ոչ ճիշտ սնուցումը, սակավաշարժությունը, որոնք հանգեցնում են ինսուլինառեզիստենտականության և ճարպակալման զարգացման։
Նշենք, որ մետաբոլիկ համախտանիշ ունեցող մարդկանց մոտ դիտվում են սննդային վարքի խանգարումներ, դրանցից է էմոցիոնալ տեսակը, երբ սնունդ ընդունելու ազդակ հանդիսանում է ոչ միայն քաղցը, այլև մարդու հոգեհուզական վիճակը՝ անհանգստությունը, վատ տրամադրությունը և այլն։ Սննդային վարքի խանգարումը դրսևորվում է նաև առավոտյան ախորժակի կորստով, երեկոյան և գիշերային շատակերությամբ, քնի խանգարմամբ։
Համախտանիշի առաջացմանը նպաստող գործոններից է հորմոնալ անհավասարակշռությունը, մասնավորապես կանանց մոտ անդրոգենների բարձր և էստրոգենների ցածր քանակը։ Տղամարդկանց շրջանում մետաբոլիկ համախտանիշի զարգացմանը նպաստում է տեստեստերոնի քանակի նվազեցումը։
-Ինչպե՞ս է իրականացվում մետաբոլիկ համախտանիշի բուժումը, կենսակերպի ինչպիսի՞ փոփոխություններ է այն ենթադրում։
Մետաբոլիկ համախտանիշի բուժումը ներառում է մի շարք միջոցառումներ, ինչպիսիք են՝
- քաշի իջեցումն ու սննդակարգի կարգավորումը,
- զարկերակային ճնշման կարգավորումը,
- մետաբոլիկ շեղումների կարգավորումը,
- սիրտ-անոթային հիվանդությունների կանխարգելումը։
Կարևոր է հաշվի առնել, որ ճարպակալումը խրոնիկ հիվանդություն է, ուստի անհրաժեշտ է հիվանդության անընդհատ վերահսկում։ Քաշի իջեցումը պետք է սկսել աստիճանաբար, քանի որ քաշի արագ կորուստը սթրես է օրգանիզմի համար և կարող է տխուր հետևանքներ ունենալ։ Բավարար է սկզբնական շրջանում քաշն իջեցնել 5-10 տոկոսով՝ մեկ տարվա ընթացքում։
Ֆիզիկական ակտիվությունը չափազանց կարևոր է ապրելակերպի փոփոխության մեջ, քանի որ այն նպաստում է ինսուլինի նկատմամբ հյուսվածքների զգայունակության բարձրացմանն ու եռգլիցերիդների քանակի նվազեցմանը, սիրտ-անոթային, շնչառական համակարգի ֆունկցիոնալ պաշարի բարձրացմանը։
Ֆիզիկական ակտիվությունը բարձրացնելու համար խորհուրդ են տրվում աերոբ վարժությունները, եթե, իհարկե, չկան հակացուցումներ։
Աերոբ վարժությունները թեթև, ռիթմիկ վարժություններ են, որոնք ներառում են մկանների մեծ խումբ և կարող են իրականացվել համեմատաբար երկար ժամանակահատվածում։ Այդպիսի վարժություններ են քայլքը, լողը, վազքը, հեծանիվ վարելը, թենիսը, պարելը, ֆիթնեսը, աստիճաններ բարձրանալը և այլն։
Եթե ոչ դեղորայքային բուժումը չի օգնում ավելորդ քաշի նվազեցմանը, այդ դեպքում դիմում ենք դեղորայքային և վիրահատական միջամտությունների։
Հաջորդ կարևոր փոփոխությունը սննդակարգի շտկումն է՝ անցումը այսպես կոչված ռացիոնալ սննդակարգի, որը ենթադրում է ոչ միայն վնասակար մթերքներից հրաժարում, այլև մթերքների ճիշտ և արդյունավետ համադրություն։
Շատ կարևոր է անցնել քիչ կալորիականություն ունեցող սննդակարգի, սակայն կանանց դեպքում սննդի կալորիականությունը չպետք է լինի ցածր 1200 կկալից, տղամարդկանց դեպքում՝ 1500-ից։
Սննդակարգում ածխաջրերը պետք է կազմեն օրվա սննդային ռացիոնի մոտ 50 տոկոսը, ընդ որում ածխաջրերից նախընտրելի է օգտագործել բարդ ածխաջրերը, որոնք գլիկեմիկ ցածր ինդեքս ունեն։ Ճարպերը՝ 30 տոկոսից ոչ ավելի, որից 20 տոկոսը բաժին է ընկնում բուսական և միայն 10 տոկոսը՝ կենդանական ճարպերին։ Սննդակարգում սպիտակուցների քանակը պետք է կազմի 15-50 տոկոս, նախընտրելի են անյուղ տեսակի կաթնամթերքը, ձկնամթերքը, հավի՝ օրգանական ծագման միսը, հավկիթը։
Օրական ստացվող բջջանյութի քանակը 40 գրամից ոչ պակաս պետք է լինի․ բջջանյութով հարուստ են մրգերն ու բանջարեղենը, ամբողջական հատիկով հացահատիկեղենը և այլն։
Հաշվի առնելով զարկերակային ճնշման առկայությունը՝ պետք է սահմանափակել աղի օգտագործումը, աղի օրական քանակը չպետք է գերազանցի 2-2,5 գրամը, որը մոտավորապես 1 թեյի գդալ է։
Սննդի ընդունման հաճախականությունը 3 անգամից պակաս չպետք է լինի, իսկ սնվելու միջակայքում ուտելու ցանկության առաջացման դեպքում խորհուրդ է տրվում խուսափել քաղցրեղենից՝ նախապատվությունը տալով, օրինակ, ընդեղենին։
Կարծում ենք՝ արժե հիշեցնել, որ ծարավը նախընտրելի է հագեցնել մաքուր ջրով՝ խուսափելով քաղցր ըմպելիքներից։ Ջրի օպտիմալ քանակությունն օրգանիզմի համար հաշվարկվում է մոտավորապես այսպես՝ մարդու քաշի յուրաքանչյուր կգ-ին օրական 30 մլ ջուր է հարկավոր, եթե չկան հակացուցումներ։
Ինչ վերաբերում է դեղորայքային բուժմանը, ապա այն պետք է կատարվի բացառապես բժշկի ցուցումով՝ համապատասխան հետազոտությունների հիման վրա։
Եվ որպես վերջաբան կուզեի ընդգծել, որ մետաբոլիկ համախտանիշը ոչ միայն առողջական, այլև սոցիալական լուրջ խնդիր է, որն ավելի ակնհայտ է դարձնում ժամանակակից կենսակերպի մի շարք թերությունները, որոնցից ձերբազատվելով՝ մենք ավելի առողջ ու երջանիկ հասարակություն կարող ենք ունենալ։ Ընտրելով առողջ կենսակերպը՝ մենք ոչ միայն հոգում ենք ինքներս մեր մասին, այլև լավ օրինակ ենք ծառայում մեր շրջապատի համար։
Զրույցը՝ Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ