Լրահոս
Օրվա լրահոսը

Մարտակերտ քաղաքում բազմաբնակարան նոր շենքեր կկառուցվեն, միջոցներ կհատկացվեն ոռոգման ցանցի վերականգնմանն ու կառուցմանը. Արայիկ Հարությունյան

Սեպտեմբեր 12,2021 19:13

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 12-ին աշխատանքային այցով եղել է Մարտակերտի շրջանում:

Երկրի ղեկավարը, նախ շրջանի պատասխանատուների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել, քննարկել կրթական, շինարարական և գյուղատնտեսական ծրագրերի ընթացքը, հետաքրքրվել առկա խնդիրներով ու դրանց լուծման վերաբերյալ մի շարք հանձնարարականներ տվել։

«Ինչպես արդեն հայտարարել եմ, 2022  թ․-ի հունվարի 1-ից նախատեսվում է միջինը 20 տոկոսով բարձրացնել սոցվճարները և պետական համակարգի աշխատողների աշխատավարձերը։ Սակայն պետք է ընդգծեմ, որ քննարկում ենք ուսուցիչների աշխատավարձերը հայտարարվածից ավելի շատ բարձրացնելու հնարավորությունը»,- ասել է նախագահը։

Անդրադառնալով բնակարանային խնդիրներին՝ Արայիկ Հարությունյանը շեշտել է, որ Մարտակերտ քաղաքում բազմաբնակարան նոր շենքեր կկառուցվեն, իսկ շրջանի բնակչության թվի ավելացումը կառավարության տեսանելի ծրագրերի մեջ կարևոր տեղ է զբաղեցնում։ «Ինչ վերաբերում է ենթակառուցվածքների զարգացմանը, ապա հաջորդ տարվա ընթացքում հիմնականում կավարտվեն շրջանի գյուղական համայնքները մայրուղիներին կապող ճանապարհների ասֆալտապատման աշխատանքները։ Իսկ առաջիկա երեք տարիների ընթացքում կավարտվեն Մարտակերտ քաղաքի ներհամայնքային փողոցների բարեկարգումն ու ասֆալտապատումը»,- նշել է Ա․ Հարությունյանը։

Նախագահի խոսքով՝ մեծ միջոցներ կհատկացվեն ոռոգման ցանցի վերականգնմանն ու կառուցմանը։ Այդ համատեքստում ուշադրության կենտրոնում է լինելու այգեգործության զարգացումը, մասնավորապես՝ խաղողի և նռան այգիների հիմնումը, որոնք հեռանկարային են լինելու Արցախի վերամշակող արդյունաբերության համար։  «Շրջանում կկառուցվի նաև կաթնամթերային մեծ ֆերմա, որը կխթանի անասնաբուծությունն ու կերային խոտաբույսերի աճեցումը»,- տեղեկացրել է նախագահը և ավելացրել, որ պետական ծրագրերով Մարտակերտում իրականացվելիք տնտեսական քաղաքականությունն այդքանով չի սահմանափակվելու։

Այնուհետև Հանրապետության նախագահն այցելել է Մարտակերտի հարակից տարածքներում գտնվող դաշտեր և խաղողայգիներ, հետևել խաղողաքաղին, հետաքրքրվել բերքատվության ցուցանիշներով։

Նախագահը եղել է նաև Արցախում հիմնադրվող հանքարդյունաբերական նոր գործարանի տարածքում և ծանոթացել իրականացվող աշխատանքներին։ Պատերազմից հետո ընկերությունն Արցախում առաջին ամենախոշոր մասնավոր ներդրումային ծրագիրն է սկսել՝ մի քանի միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ։ Պատասխանատուների հավաստմամբ՝ 3 ամիս անց կսկսեն հանքանյութի արդյունահանման և վերամշակման աշխատանքը, որը կապահովի շուրջ 400 աշխատատեղ։

Այցի ընթացքում Արայիկ Հարությունյանը Մարտակերտի Սուրբ Հովհաննու Կարապետ եկեղեցում մասնակցել է Խաչվերացի տոնին նվիրված Սուրբ պատարագին։

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ  ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930