Ուկրաինական «X Factor», Ռուսաստանի «Ձայնը» և «Դեպի Եվրատեսիլ» նախագծերից հայտնի երգչուհի Ամալիյա Մարգարյանը ներկայացրել է իր նոր՝ Hear me (Լսեք ինձ) երգը եւ տեսահոլովակը:
“Hear Me” երգի հեղինակներն Ամալիյա Մարգարյանն ու Վահրամ Յանիկյանն են, տեսահոլովակի ռեժիսորը` Հրանտ Մովսիսյանը: Երգը մարդկանց մեջ մարդկության պակասի, հոգու սովի, առանց արժեքների մարդու մասին է: Տեսահոլովակը նկարահանվել է Դիլիջան քաղաքում` 2020թ.-ի ամռանը, սակայն ամբողջությամբ աշնանային տրամադրության մեջ է:
Երգի պրեմիերան նախատեսվում էր ավելի վաղ, սակայն հետաձգվեց` համավարակով ու պարտերազմով պայմանավորված: Երգը գրվել է անգլերենով, քանի որ երգչուհին հիմնականում հենց այդ լեզվով է ստեղծագործում:
“Hear Me” երգն արդեն հասանելի է YouTube-ում, ինչպես նաեւ` թվային բոլոր հարթակներում ՝ iTunes, Spotify եւ այլն:
Այս տարվա վերջին Ամալիյան նախատեսում է թողարկել իր առաջին ալբոմը, որտեղ տեղ կգտնեն ինչպես հայտնի, այնպես էլ` նոր երգեր: Այս պահին երգչուհին չի ծրագրում մասնակցել որեւէ մրցույթային նախագծի, քանի որ կենտրոնացած է իր հեղինակային երգերի վրա:
Մի քանի ամիս առաջ տեղի ունեցավ հայտնի ռեժիսոր Հրանտ Մովսիսյան «Բարի Գալուստ հավերժություն» ֆիլմի պրեմիերան, որի սաունդթրեքի հեղինակը նույնպես Ամալիյա Մարգարյանն է: Երգը կոչվում է ՝ “In heaven, it’ better” (թարգմ.՝ դրախտում , երկնքում ավելի լավ է): Երգը հասանելի է երգչուհու YouTube-յան ալիքում:
“Hear Me”-ն Ամալիայի թվով երկրորդ տեսահոլովակն է: 2019թ-ի հոկտեմբերին երգչուհին ներկայացրել էր իր առաջին տեսահոլովակը՝ “Another Chapter” երգի հիման վրա: Երգի հեղինակներն են Ամալիյա Մարգարյանը եւ Վահրամ Յանիկյանը: Տեսահոլովակի ռեժիսորը կրկին Հրանտ Մովսիսյանն էր: Երգը բազմաթիվ դրական արձագանքների էր արժանացել:
ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ