Լրահոս
Օրվա լրահոսը

«Ակնհայտ է, որ երբ Կոմիտաս վարդապետը գնաց Պոլիս, ուներ հստակ ծրագիր՝ տարածել հայ ժողովրդական և եկեղեցական երաժշտությունը քաղաքաբնակ հայության մեջ». Արմինէ Գրիգորեան

Սեպտեմբեր 11,2021 20:35

«Ակնհայտ է, որ երբ Կոմիտաս վարդապետը գնաց Պոլիս, ուներ հստակ ծրագիր՝ տարածել հայ ժողովրդական և եկեղեցական երաժշտությունը քաղաքաբնակ հայության մեջ»,- հայտարարեց երաժշտագետ Արմինէ Գրիգորեանը՝ խոսելով իր հեղինակած «Թերթապատում. մամուլի անդրադարձները Կոմիտաս վարդապետի մասին» (խմբագիր` Գուրգեն Գասպարյան) գրքի մասին:

«Դարան» գրախանութում գրականագետ, «Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանը վարեց զրույց-քննարկում՝ Կոմիտաս վարդապետի Պոլսո շրջանի շուրջ։

Երաժշտագետ Արմինէ Գրիգորեանի հեղինակած «Թերթապատում․ Մամուլի անդրադարձները Կոմիտաս վարդապետի մասին» գիրքն ամփոփում է Կոմիտաս Վարդապետի գործունեության մասին՝ 1910-1911 թթ. արևմտահայ մամուլի (Պոլիս, Իզմիր, Եգիպտոս) 272 անդրադարձները։ Ստեղծագործության մեջ ներառված են 1910-1911թթ․ գործող «Ազատամարտ», «Բիւզանդիոն», «Ժամանակ», «Արևելք», «Հայրենիք», «Մանզումէի Էֆքեար», «Դաշինք», «Լուսաբեր-Արեւ» թերթերում, «Տաճար» շաբաթաթերթում, «Շանթ» և «Ոստան» պարբերաթերթերում Կոմիտաս Վարդապետի վերաբերյալ տեղ գտած հոդվածներն ու հրապարակումները: Մամուլի տվյալները կարելի է երկու մասի բաժանել՝ լրատվական և հեղինակային հոդվածներ: Լրատվականն այն մասին է, թե երբ Կոմիտասը ժամանեց այս կամ այն երկիր, երբ մեկնեց, դասախոսությունների մասին ծանուցումներն են, զեկույցներ:

Արմինէ Գրիգորեանը մանրամասնեց. «1910 թվականին Կոմիտաս վարդապետը Էջմիածնից մեկնում է Թիֆլիս, հետո Բաթումի և նավով հասնում Պոլիս: Բավականին ճամփորդել է: Երեք օր Պոլսում մնալուց հետո անմիջապես մեկնում է ծննդավայր Քյոթահիա, այնուհետև Իզմիր, որտեղ աշխատում է, հետո կրկին վերադառնում Պոլիս, նորից Իզմիրի ճանապարհով գալիս է Եգիպտոս, Ալեքսանդրիա, Կահիրե, այնուհետև մեկնում Եվրոպա: Եվրոպա մեկնում է իր անձնական հարցերով՝ հինգ ամսով»:

Երաժշտագետը փաստեց՝ Կոմիտաս վարդապետի՝ ընդամենը մեկ տարվա գործունեությունը հաստափոր գիրք է դարձել:

Պատմելով գրքի կազմման աշխատանքների մասին՝ Արմինէ Գրիգորեանն ասաց. «Մեր նյութերը հավաքել ենք հիմնականում Պոլսի օրաթերթերի՝ Ազատամարտ, Արևելք, Հայրենիք, Ժամանակ Բյուզանդիոն հրապարակումներից: Կազմվել է տարեգրություն, որում ամփոփված են նրա համերգները, առանձնացրել ենք դասախոսությունները, եկեղեցական ծեսերը, որտեղ մասնակցել է Կոմիտասը, ինչպես նաև բարեգործական միջոցառումները, որոնց իրեն հրավիրել են, նա չի մերժել ու մասնակցել է իր երգերով»:

Երաժշտագետը նշեց՝ Կոմիտասը մեկ տարում տասը համերգ է տվել յոթ քաղաքներում: Նա ամեն քաղաք հասնելիս կազմել է դպրոցահասակ երեխաների երգչախումբ. «Պոլսում իր համերգները մեծ, ցնցող հաջողություններ են ունեցել: Մարդիկ մեծ հուզումներ են ապրել: Այդ քաղաքներում հիմնականում արևմտահայեր են եղել և շատերին արդեն անծանոթ են եղել հատկապես ժողովրդական երգերը: Իրենց հոգիները Կոմիտասը տակնուվրա է արել, և զարթոնքի պես ապրումներ են ունեցել»:

Երաժշտագետը նաև ընդգծեց՝ հստակորեն երևում է, որ երբ Կոմիտաս վարդապետը գնաց Պոլիս, ուներ հստակ ծրագիր՝ տարածել հայ ժողովրդական և եկեղեցական երաժշտությունը քաղաքաբնակ հայության մեջ, հիմնել երաժշտանոց, դաստիարակել նոր սերունդ և պատրաստել ապագա մասնագետների ու հետազոտողների: Նա մեկնեց Եվրոպա իր երգերի հրատարակության համար:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930