ՀԱՕԿ պատվավոր փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը, որը երկար տարիներ եղել է Երեւանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի տնօրենը, Aravot.am-ին տեղեկացրեց, որ քոլեջի տարածքում 44-օրյա պատերազմում զոհված իրենց 26 սաների հիշատակը հավերժացնող հուշարձան է կառուցվում:
«Գնացել էի քոլեջ, եւ երբ իմացա, որ այս վերջին պատերազմում 26 լուսավոր տղաների զոհ ենք տվել, տեղս չէի գտնում: Մտածում էի, թե նրանց հիշատակի համար ի՞նչ կարելի է անել, ինչպե՞ս կարող ենք երախտապարտ լինել նրանց լույս աշխարհ բերած ծնողներին: Այդ օրերին Երեւանում էր Սանկտ-Պետերբուրգում բնակվող իմ լավ բարեկամ Հրաչյա Պողոսյանը: Հուշարձան կառուցելու գաղափարով կիսվեցի, ու նա միանգամից ասաց, որ կֆինանսավորի: Այսօր հուշարձանը, որը կարմիր տուֆից է եւ ունի 7,5 մետր բարձրություն, արդեն կառուցման փուլում է, քոլեջի տարածքում, իմ ընտանեկան Սուրբ Աննա մատուռի առջեւ: Հավանաբար, մի ամսից բացումը կանենք: Ուզում եմ խորին երախտագիտությունս հայտնել Հրաչյա Պողոսյանին, բոլոր նրանց, ովքեր ներգրավվել են հուշարձանը կանգնեցնելու գործին: Ի դեպ, Հրաչյա Պողոսյանը նաեւ հովանավորել է պատմական հաղթանակի 40-ամյակին նվիրված Արարատ-73 հուշարձանի կառուցումը Ագարակ գյուղում:
Ես մտադրություն ունեմ այս հուշարձանի բացման արարողությանը մասնակից դարձնել բոլոր զոհված տղաների ծնողներին, նրանց բերել մեր խոնարհումը, ցանկանում եմ նաեւ, որ օգտակար լինենք նրանց»,-պատմեց Դերենիկ Գաբրիելյանը:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ