Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ առողջապահության նախարարը՝ պատվաստումներին առնչվող հարցերի մասին

Սեպտեմբեր 11,2021 18:25

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը երեկ՝ սեպտեմբերի 10-ին ֆեյսբուքյան գրառում էր կատարել՝ մասնավորապես նշելով․

«Վերջին վեց ամիսներին պատվաստումների հանրային իրազեկման արշավի շրջանակներում երեսունից ավելի հանդիպումներ եմ ունեցել տարբեր ոլորտներ ներկայացնող մասնագիտական խմբերի հետ և սիրով պատասխանել նրանց հուզող հարցերին, փորձել տարբեր հիմնավորված փաստարկների, մասնագիտական կարծիքների, սեփական օրինակի միջոցով փարատել նրանց մտահոգությունները։
Քանի որ, իմ դիտարկմամբ, դրանք շատ լավ արդյունք են տվել, փորձեմ այս հարթակն էլ օգտագործել և պատասխանել շրջանառվող հարցերին»։

Այսօր, անդրադառնալով նախկին գրառման ներքո ուղղված հարցերին, առողջապահության նախարարը գրում է․

«Նախորդ գրառմանս տակ բավական շատ հարցեր են բարձրացվել, որոնց բոլորին հերթով կանդրադառնամ։

Այստեղ կպատասխանեմ մի քանի ամենահաճախ կրկնվող և հավանումներ ստացած հարցերին, իսկ երկուշաբթի օրը մի քանի մասնագետների հետ լայվով կանդրադառնանք բոլոր մինչ այս բարձրացված և հաջորդիվ հարցերին։

Արդյո՞ք նոր կանոնը տարածվում է բոլորի վրա հավասար՝ այդ թվում պաշտոնյաների

Այո, կանոնը հավասար կերպով վերաբերում է բոլորին։ Բոլորը, այդ թվում պետական պաշտոնյաները պարտավոր են աշխատանքի ներկայանալիս ներկայացնել ՊՇՌ թեստավորման արդյունքը, եթե պատվաստված չեն, չունեն բժշկական տեղեկանք հակացուցումների մասին կամ հղի չեն։ Պետական պաշտոնյաները եթե չպահպանեն այս կանոնը, ևս չեն կարող մուտք գործել իրենց աշխատանքի վայր և կկրեն անհարգելի բացականեր ունենալու իրավական հետևանքները։

Եթե պատվաստումները 100% չեն երաշխավորում, որ չենք վարակվի, ինչո՞ւ պետք է պատվաստվել

Որևէ պատվաստանյութ, դեղամիջոց, բժշկական միջամտություն չի կարող 100% արդյունք երաշխավորել, այնուամենայնիվ մենք դիմում ենք բժիշկների, բուժվում ենք, հետազոտվում ենք, դեղեր ենք խմում, որոնք, ի դեպ, ևս ունեն կողմնակի ազդեցություններ, որովհետև այդ ամենը չանելու ռիսկը անգամներ մեծացնում է վատ ելքի հավանականությունը։ Պատվաստանյութերը վերը թվարկված միջամտություններից նվազ վտանգավորն են և բավական արդյունավետ պաշտպանում են մեզ վարակվելուց, իսկ վարակման դեպքում հիվանդությունը ծայրահեղ ծանր տանելուց և մահանալուց։

Արդյո՞ք պատվաստանյութերը բավարար հետազոտված են և համապատասխանում են բոլոր դեղամիջոցներին ներկայացվող որակի պահանջներին

Այո, պատվաստանյութերը մոտ երկու դար օգտագործվում են մարդկության կողմից և օգնել են հաղթահարել տասնյակ հիվանդություններ։ Ինչքան ինձ հայտնի է, այս երկու դարերի ընթացքում մարդկության թիվը ոչ թե նվազել է, այլ շեշտակի ավելացել, նաև պատվաստանյութերի շնորհիվ։ Քովիդի դեմ պատվաստանյութերը, որոնք մասնագիտական կառույցների կողմից հավանության են արժանացել, անցել են անհրժեշտ բոլոր հետազոտությունները՝ նախակլինիկական և կլինիկական փորձարկումների բոլոր փուլերը, և դա փաստված է դեղեր գրանցող պետական մարմինների կողմից։ Ուստի եթե դուք որևէ դեղ եք ընդունում, այն որակի ստուգման նույն փուլերն է անցել, ինչ պատվաստանյութը և եթե չեք վստահում մեկին, պետք է հրաժարվեք ընդհանրապես բոլոր դեղերից։

Ինչո՞ւ են պատվաստումները պարտադրվում

Որևէ անձի չի պարտադրվում պատվաստվել, չնայած նման կարգավորում ևս կա մեր օրենքներով և հնարավոր է կիրառել՝ պահպանելով օրենքով սահմանված պայմանները։
Մենք ստեղծում ենք տարբեր ֆիլտրեր, որ զսպենք վարակի տարածումը և կանխենք հիվանդանալու պարագայում ծանր ընթացքը, մահը։ Դիմակները, ձեռքերի ախտահանումը, թեստավորումները, պատվաստումները, սոցիալական հեռավորության պահպանումը ուղղված են դրան։ Մենք ուզում ենք հավաստվել, որ անձը չի վարակի իր աշխատակիցներին կամ քաղաքացիներին»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930