Մի ուշագրավ փաստ։ Իր կազմավորման արշալույսին՝ 1956-ից մինչև առնվազն 1960-ականների սկիզբը, Հայկական հեռուստատեսությունը պետական, հանրային և ստեղծագործական միջավայրերում ընկալվել է ոչ թե որպես տեղեկատվության միջոց, այլ որպես մշակութային երևույթ կամ մշակույթի տարածման գործիք։
1957 թ. փետրվարի 9-ին՝ Հայաստանի հեռուստատեսության պաշտոնական բացման օրը, ՀԽՍՀ կուլտուրայի մինիստր Ա. Շահինյանը հեռուստաեթերով հանդես է գալիս 10-րոպեանոց ելույթով, որն այսօրվա ըմբռնմամբ եթերային քաղաքականության առաջին «հայեցակարգն» էր: Շահինյանի ելույթը սկսվում է այն հայտարարությամբ, որ Սովետական Հայաստանի «կուլտուրական կյանքը» հարստացավ ևս մի նոր բնագավառով: Ընդ որում, շեշտվում է լոկ մշակութայի՛ն բաղադրիչը: Հեռուստաստուդիան դիտվում է որպես «կուլտուրայի մի նոր օջախ»:
Ահա այսպես է սկսել իր արդեն 65-ամյա ընթացքը հայկական հեռուստատեսությունը, չնայած քողարկված ու անթաքույց գրաքննությանը, չնայած գաղափարական նկատելի ու աննկատ ճնշումներին։
Իսկ այսօ՞ր։ Այսօր հայրենական հեռուստաէկրաններից գրեթե անհետացել է մշակույթը, իսկ կինոգիտական կամ թատերագիտական ասպարեզներում համարյա մոռացության է մատնվել հեռուստատեսային արվեստի զննությունը՝ մանավանդ իր մշակութային ու մշակութաստեղծ բաղադրիչով։ Ինչո՞ւ կինոգիտական կամ թատերագիտական։ Որովհետև «հեռուստատեսագիտություն» որպես այդպիսին պարզապես չկա մեզանում, ավելին, չի էլ նշմարվում դրա ծննդյան հեռանկարը։ Հետևաբար, միակ հարթակը մնում է կինոյի կամ թատրոնի տեսությունը։ Հեռուստատեսության մասին խոսվում է միայն սոցիալական ցանցերում, այն էլ՝ «ես հայկական ալիքներ չեմ նայում» թևավոր խոսք դարձած խրոխտ ու ինքնագոհ հայտարարությամբ, իսկ մամուլի էջերում՝ լրագրողական լուսաբանման մակարդակով, այն էլ միայն քաղաքական-լրատվական հաղորդումների առնչությամբ։
Իրավացիորեն կասեք՝ կինոգետներն ու թատերագետները մի կարգին իրենց բնագավառները չեն մեկնաբանում, ուր մնաց հեռուստատեսային արվեստը քննեն։ Լավ, բա ի՞նչ անենք։ Մնում է արձանագրել այն, ինչ կա, և փորձել մամուլի էջերում որոշ դիտարկումներ անել հեռուստատեսային նորույթների շուրջ։
Այդ հետաքրքիր նորույթներից է «5» հեռուստաալիքի «Կինոպոեզիա» նորաստեղծ ֆիլմաշարը (ռեժ․՝ Արթուր Սահակյան)։ Բայց առանց այս ալիքի եթերային քաղաքականության ամբողջական դիտարկման, հասկանալի չի դառնա սույն ֆիլմաշարի արժեքը։
Բանն այն է, որ չնայած լրատվական-տեղեկատվական, հանրային-քաղաքական բովանդակությամբ ծանրաբեռնվածությանը, «5»-ի գրեթե բոլորը հաղորդումները մշակութային են․ անգամ «Դեպի մեծ ռինգ» մարզական հաղորդաշարը կառուցված է որոշակի կինոդրամատուրգիական տրամաբանությամբ։ Գեղարվեստական ֆիլմերն ընտրվում են դրանց հրատապության նկատառումով։ Դրանք, ըստ էության, ոչ միայն բարձրակարգ ստեղծագործություններ են, այլև իրենց սյուժեով ու ասելիքով յուրատեսակ ուղերձներ հեռուստադիտողին՝ անցյալ և ներկա իրողությունների միջև անցկացվող զուգահեռների անթափանց ակնարկով։
Հայ բեմի ինքնատիպ դերասանուհի Կարինե Ջանջուղազյանի ձայնը խոստանում է դառնալ «5»-ի անշփոթելի կերպարը՝ հայերեն խոսքի ներքին հմայքի շեշտադրմամբ, ինչը նույնպես այս ալիքի մշակութային նկարագրի մի էական նշան է։ Նոր եթերաշրջանում սպասվում են ցայտուն անակնկալներ նաև մանուկների համար ոչ միայն հետաքրքիր ու ուսանելի մուլտերի տեսքով։ Տաղանդավոր երգահան, արտիստ Քրիստ Մանարյանն այն քչերից է, որը գիտե երեխաների աշխարհը, խոսում է նրանց լեզվով և իր նորաստեղծ «Հոպլա շոու» հաղորդաշարով կեղծ սիրալիրության փոխարեն առաջարկում է պարզ, բնական ու ամենակարևորը՝ հետաքրքիր հաղորդակցում աշխարհի ամենաանկեղծ ու խստապահանջ ակնդիրների՝ մանուկների հետ։
Շարունակվելու է մշակութային վառ դեմքերին նորովի բացահայտող հաղորդաշարը, ինչպես նաև Սպարտակ Սեյրանյանի հեղինակային հաղորդաշարը, որտեղ նա մշակութաբանական ծանրակշիռ խոսք է բացում հայոց ազգային ինքնության համամարդկային-արքետիպային հիմքերի մասին։ Այն իր խորությամբ և արժեքով կարող է զարդարել անգամ արդի լավագույն մշակութային ալիքների եթերը։ Գանք «Կինոպոեզիա» հաղորդաշարին։
Այստեղ յուրաքանչյուր ֆիլմ սկսվում է այսպիսի բնաբանով՝ Չարենցի հանրահայտ տողով․ «Աչքերս հառել եմ անցյալին՝ ապագայի նժույգը նստած»։ Ըստ էության, սրանով ձևակերպվում է ֆիլմաշարի հեղինակների հավատամքը, որը բացվում է հաջորդ խոսքում․ «Իսկական պոեզիան վեր է ժամանակից ու տարածությունից։ Նա և՛ Երեկն է, և՛ Այսօր, և՛ Վաղը։ Եկեք ոչ միայն կարդանք, ոչ միայն լսենք, այլև տեսնենք բանաստեղծության հրաշքը»։
Տեսնել բանաստեղծություն։ Այս արտահայտության առաջնային ընկալումը կարող է տանել այլ տեղ։ Հեռուստադիտողին ծանոթ են պոեզիայի ներկայացման ավանդական ձևերը, երբ հնչում է, ասենք, Տերյանի թախծոտ բանաստեղծությունը, և կադրում հայտնվում են լացող ուռենիներն ու անձրևի կաթիլները պատուհանին։ Ծանո՞թ պատկեր էր։ Այս պարզունակ հնարքները հեռու են երիտասարդ շնորհալի վավերագրող ռեժիսոր Արթուր Սահակյանի ռեժիսորական ըմբռնումներից, որոնք բյուրեղացել են իր երջանկահիշատակ ուսուցիչ կինոբեմադրիչ Ռուբեն Գրիգորյանի ձեռամբ։
Արթուրը փորձում է ցույց տալ ոչ թե բանաստեղծական պատկերների նյութականացված համարժեքները, այլ բանաստեղծության ապրման ընթացքը, մարդու կամ որևէ առարկայի շարժման մեջ արտահայտել խոսքի հուզական ազդեցության պլաստիկան։ Կարելի է ասել՝ Արթուրը փորձում է հետաքրքրասեր երեխայի նման կոտրել գրավիչ խաղալիքը՝ տեսնելու ինչ կա ներսում։ Այդ գրավիչ խաղալիքը պոեզիան է՝ իր կարծր դիմադրությամբ։
Այդ դիմադրությունը բառի բազմիմաստությունն է։ Եվ ինչպես նշանաբան գրականագետներն են ասում, գեղարվեստական տեքստն ավելի է, քան տեքստը։ Նրա հիմքում բառի բազմիմաստությունն է, ինչը սուբյեկտիվ ընկալումների մի գրեթե անվերջանալի շարքեր է հարուցում մեր ընթերցողական մտապատկերում։ Ահա այսպես երիտասարդ ռեժիսորը մեր առջև ի ցույց է դնում, օրինակ, տաղանդավոր լուսահոգի բանաստեղծ Հրաչյա Սարուխանի «Հրաժեշտ անծանոթ պառավին» բանաստեղծության ի՛ր տեսլականը։ Իր սիրելիին հրաժեշտ տվող հոգնած ու հույզերով ծանրաբեռ մարդու մեծ սիրո մի գողտրիկ պատմություն է սա, բառի ու պատկերների ժլատ վրձնահարվածներով, որոնցից գոյանում է, սակայն, մի այլ վիթխարի ողբերգություն։ Կադրում չենք տեսնում պատմության հերոսուհուն, այլ նրա նշան-խորհրդանիշ դարձող իր պես ճմռթված հանդերձը՝ անզոր կախված կախիչից։
Բանաստեղծի կերպարն է կենտրոնում՝ իր լուռ, բայց ներքուստ փոթորկվող դիմախաղով, աչքերի արտահայտության հարափոփոխ գույներով, և կադրից դուրս հնչող բանաստեղծությամբ։ Մենք այստեղ տեսնում ենք ոչ թե բուն բանաստեղծության մարմինը, այլ հոգին՝ մարմին առած խաղարկվող դրամայի զուսպ պլաստիկայով։ Կադրում թևածող թիթեռը ռեժիսորի զգայական հավելումն է հերոսի հոգու շարժընթացին, այն դեպքը, երբ տեքստն իսկապես գերաճում է մի ավելի մեծ տեքստի, որի հեղինակներն արդեն բանաստեղծն ու ռեժիսորն են։
Ի՞նչ անուն տալ արտաքուստ խաղարկային-վավերագրական կինոյին հարող այս ժանրին։
Կինոպոեզիա։ Ընդ որում, սա ոչ թե պոեզիայի բնագրի պարզունակ մեկնաբանություն է կինոյի լեզվով, ոչ թե պոեզիայի ներկայություն է կինոյում, ինչն, օրինակ, շատ էր սիրում կիրառել ռուսական կինոյի վարպետ Էլդար Ռյազանովը, այլ բանաստեղծության անհատական ընկալման պատկերային ցուցադրում, որտեղ չգիտես՝ որն է որին օժանդակում՝ բանաստեղծությունը էկրանային շարժմա՞նը, թե՞ հակառակը։
Ընդհանրապես, կինոարվեստում ժանրակերտման յուրաքանչյուր փորձ հղի է տապալման վտանգով, եթե ռեժիսորն իր մեջ չի կարողացել ձևակերպել պատկերային նոր համաձուլվածքի՝ խոսքի և շարժման նոր համադրության կամ թեկուզ հակադրության իր տեսլականը։
Երիտասարդ ռեժիսորը, ըստ իս, կարողացե՛լ է։ Սպասենք «Կինոպոեզիայի» նոր էջերին, որտեղ Սայաթ-Նովան է և Քուչակը, Սլավիկ Չիլոյանը և «գրոց հիշատակի արժանի» այլ անուններ։
Սպասենք՝ հուսալով տեսնել բանաստեղծությունը։
Լևոն ԳԱԼՍՏՅԱՆ
ԿԻՆՈԴՐԱՄԱՏՈՒՐԳ