Երեկ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հանձնարարել է վերսկսել այն վարույթները, որոնք կասեցվել էին մեղադրյալների` քննությունից միտումնավոր խուսափելու հիմքով: Եվ մի ծավալուն տեքստ է տարածել, թե հարկավոր է օրենքը փոխել եւ կիրառել հեռակա վարույթների պրակտիկան։
Այսինքն՝ այդ գործերով քննությունները կարող են իրականացվել մեղադրյալների բացակայությամբ, այսպես կոչված՝ հեռակա վարույթներով: Հիմքն օգոստոսի 28-ին ուժի մեջ մտած «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքն է, դրանով ներդրված՝ մեղադրյալի բացակայությամբ վարույթ իրականացնելու կարգը:
Դատախազները պետք է քրքրեն թղթապանակները եւ վեր հանեն ու քննարկման դնեն մեղադրյալի բացակայության հիմքով կասեցված գործերը: Դավթյանը բացատրում է, որ ողջամիտ ժամկետներում գործերի քննությունն իրականացնելու, տուժողների համար արդարադատության մատչելիություն ապահովելու համար է սա արվում, բայց կարելի է վստահաբար ասել, որ հանձնարարականը քաղաքական ենթատեքստ ունի, եւ առաջին հերթին դրա «տակ են ընկնում» հետախուզվողները, ասենք՝ ՊԵԿ նախկին ղեկավար Գագիկ Խաչատրյանի որդիները, ՀՀ երրորդ նախագահի եղբայր Լեւոն Սարգսյանը, նրա մյուս եղբոր որդիները, պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը, Սամվել Մայրապետյանը, ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետ Վահագն Հարությունյանը, նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը, Ռուբեն Հայրապետյանը եւ այլք:
Որքանո՞վ է արդյունավետ լինելու նման քննությունը, արդյո՞ք չեն խախտվելու անձանց իրավունքները: Փաստաբան Հայկ Ալումյանը կարծում է, որ այդ հարցը կախված կլինի նրանից, թե որքանով է տվյալ անձից կախված եղել իր վարույթին չմասնակցելը: «Եթե մարդը կարող էր վարույթին մասնակցել եւ միտումնավոր է խուսափել, ապա ես իրավունքի խախտում չեմ տեսնում»: Ինչո՞ւ է սա արվում, ո՞րն է նման վարույթների արդյունավետությունը, սա չի՞ արվում հատուկ հետախուզվողների դեմ: «Պարզ է, որ առաջին հերթին իրենց հարցն է այստեղ, բայց, իմ կարծիքով, հիմնական խնդիրը, որն ուզում են լուծել՝ որ հետո բռնագանձումը տարածեն այդ մարդկանց ունեցվածքի վրա: Որովհետեւ, եթե իրենք չեն կարողանում անձին գտնել, որ մասնակցի դատավարությանը, դատավճռից հետո էլ այն չի կատարվի: Այս իմաստով ոչինչ չի փոխվում, միայն փոխվում է այն, որ կարող են բռնագանձում տարածել անձի գույքի վրա: Հավանաբար, սա է իրենց հեռահար նպատակը»,- ասում է Ալումյանը:
Կարդացեք նաև
Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում