44-օրյա պատերազմի ընթացքում ու դրանից հետո Ադրբեջանը մեկ անգամ չէ, որ հայտարարել է` օգտագործել է իր զինանոցի 100 տոկոսը, ինչի մեջ մտնում են Իսրայելից, Բելառուսից, Ռուսաստանից ու Թուրքիայից ձեռք բերված զենքերը:
Ադրբեջանը, կարճ ասած, պատերազմում էր հնարավոր ամեն ինչով` սկսած վարձկաններից, ավարտած անօդաչու թռչող սարքերով ու հեռահար հրթիռներով: Պատերազմից գրեթե մեկ տարի անց սակայն հստակ չէ, թե մարդկային ու զինտեխնիկայի ինչ կորուստներն է ունեցել Ադրբեջանը: Ներկայացվող թվերն ուղղակի հակասում են ռազմարվեստի կանոններին մի պարզ տրամաբանությամբ. ի տարբերություն պաշտպանվող կողմի` հարձակվող կողմի զոհերն ու կորուստները գերազանցելի են լինում մի քանի անգամ:
Ադրբեջանական պաշտոնական աղբյուրների հայտարարությունը, թե պատերազմի ժամանակ 2500-3000 զոհ են ունեցել, ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանն է կասկածի տակ դնում: Հայաստանից այդքան տարածքներ օկուպացնելը, բացատրում է, շատ ավելի թանկ պետք է նստեր հակառակորդի վրա:
«Պատերազմի ավարտից անմիջապես հետո ադրբեջանական կողմը հրապարակում էր տարածել, որ 44-օրյա պատերազմի ժամանակ 9-11 հազար զոհ են տվել, ժամերի ընթացքում սակայն այդ հրապարակումը հանվեց բոլոր տեղերից ու նախարարությունը շտապեց հերքում տարածել` պատճառաբանելով, թե տեխնիկական վրիպակ է եղել: Միջազգային վերլուծական տարբեր կենտրոններ զոհերի ավելի մեծ թվի` 20-25 հազարի մասին են խոսում: Բացի այդ` վերլուծելով մեր տղաների պատմած դրվագները, թե ռազմի դաշտում ադրբեջանական բանակի մահացած քանի-քանի զինվորականների դի են տեսել, կարելի է եզրակացնել` հակառակորդն ուղղակի թաքցնում է զոհերի իրական քանակը: Ոչ թե 3, այլ 9-11 հազար զոհերի մասին վկայող եւս մեկ փաստ կա: Ադրբեջանցիները զոհվածներին հիմնականում խուլ, քիչ բնակեցված ու հետամնաց գյուղերում են հուղարկավորում` մամուլի ներկայացուցիչներին կամ առանձին անհատներին հնարավորինս զերծ պահելով դրանք լուսաբանելուց»,- մանրամասնում է ադրբեջանագետը:
Կարդացեք նաև
Ըստ մեր զրուցակցի, հակառակորդի զոհերի իրական թվի մասին որեւէ տեսակի տեղեկատվություն նույնիսկ ոչ իշխանական, ընդդիմադիր լրատվամիջոցները չեն հաղորդում: Ավելին` Ադրբեջանի հատուկ ծառայությունները հատուկ մշակած ալգորիթմի միջոցով արագ հայտանաբերում ու չեզոքացնում են անգամ սոցիալական ցանցերի առանձին օգտատերերի այն հրապարակումները, որոնք կարող են հակասել պաշտոնական տեղեկատվությանը:
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այս համարում