Լրահոս
Օրվա լրահոսը

Այս խոսքերից անցել է 3 տարի, ՀՔԾ-ն լուռ է. «Ժողովուրդ»

Սեպտեմբեր 11,2021 10:10

2018 թվականի սեպտեմբերի 11-ին հրապարակվեց ՀՀ ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի եւ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի սկանդալային գաղտնալսման ձայնագրությունը: Աղմկոտ այդ օրվանից անցել է 3 տարի. ի՞նչ ունենք ԱԱԾ նախկին տնօրենի, ՀՔԾ պետի եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գաղտնալսման դեպքով ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական գործով:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 3 տարվա ընթացքում նշանակվել են բազմաթիվ փորձաքննություններ, իրականացվել են օպերատիվ- հետախուզական աշխատանքներ, միջազգային կառույցներին դիմումներ են ուղարկվել, սակայն ՀՀ քննչական կոմիտեն այդպես էլ 3 տարվա մեջ չբացահայտեց գործը. այն Քննչական կոմիտեում դասվեց չբացահայտված գործերի շարքին: Քրեական գործով 3 տարի անց չկա ո՛չ մեղադրյալ, ո՛չ կասկածյալ եւ ո՛չ էլ հետախուզվող: Ասել է թե՝ քննիչները անգամ չկարողացան բացահայտել իրենց ղեկավարին գաղտնալսած անձին, ուստի այստեղ կասկածի տակ է պետք դնել ոչ միայն ՀՀ քննիչների ունակությունը, այլեւ կասկածներ հայտնել հայրենի իրավապահ համակարգի կարողության մասին:

Բայց սա դեռ ամենը չէ. 3 տարի առաջ այս օրը ՀՔԾ պետ Սասուն Խա­չատրյանը հրավիրված հրատապ ասու­լիսի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, մի շարք բացա­հայտումներ արեց «Մարտի 1»-ի թեմայով: «Տիգրան Աբգարյանը սպանվել է հատուկ ջոկատա­յինների կողմից: Այդ մասին ունենք ապա­ցույցներ հստակ: Այսինքն՝ ինչի՞ մասին է սա խոսում: Տիգրան Աբգարյանը սպանվել է այն ժամանակ, երբ Քոչարյանն արդեն իսկ մտցրել էր արտակարգ դրություն, սակայն որեւէ հրազենային վիրավորում ստացած զինծառայող չկար: Տիգրան Աբգարյանին հրազենային վիրավորում է հասցվել նրա համար, որպեսզի Ռոբերտ Քոչարյանի այդ խոսքերը, թե մենք արդեն ունենք զոհեր, հիմնավորվեն: Սա նախաքննությամբ արդեն հիմնավորվել է: Այս նորությունը բավարար էր, որ մեր դեմ իսկական որս սկսվեր»: Այս խոսքերից անցել է 3 տարի, ՀՔԾ-ն լուռ է, եւ մինչ օրս այդպես էլ չի ապացուցվել, թե ով է սպանել Տիգրան Աբգարյանին, ում է կոնկրետ մեղադրանք առաջադրվել այդ արարքի համար:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930