Լրահոս
Օրվա լրահոսը

Կարսի մի նոր պայմանագրի առաջ ենք կանգնած՝ Հայաստանը, Արցախն ու Սփյուռքը․ «Ազգ»

Սեպտեմբեր 11,2021 09:30

Անկարան «կայուն խաղաղության եւ առեւտրատնտեսական բարգավաճման» իր տարբերակն է առաջ քաշում, մեկ կողմից օգտագործելով Ադրբեջանը որպես պրոքսի (proxy), մյուս կողմից ոչինչ չանելով 28 տարի առաջ իր իսկ փակած ճանապարհային հանգույցներից որեւէ մեկը վերաբացելու ուղղությամբ, ներառյալ Կարս-Գյումրի երկաթուղին, որը կանոնավոր աշխատում էր նույնիսկ «երկաթյա վարագույրի» տարիներին… Անկարայի ուզածը, այժմ եւ միշտ, տարածքային ամբողջականության համաձայնագրի ստորագրումն է, դրա տակ հասկանալով ոչ միայն Ադրբեջանի (նկատի ունի Արցախը), այլեւ իր իսկ սահմանները: Այլ խոսքով՝ պահանջում է հրաժարում պահանջատիրությունից՝ թե՛ տարածքային եւ թե՛ Ցեղասպանության փաստի ընդունման հիմքով, թեեւ հաստատ գիտի, որ ներկա պահին Հայաստանը ի վիճակի չէ որեւէ նախապայման ներկայացնելու, ինչպես չէր 2009-ին, երբ պատրաստվում էին Ցյուրիխյան պրոտոկոլները, որոնք Անկարան մերժեց ստորագրել՝ «մեղքը» գցելով, իբր, Բաքվի վրա:

Իրերի այս կացության մեջ ի՞նչ ենք անում մենք, ոչ թե ի՞նչ կարող ենք, այլ՝ ի՞նչ ենք անում՝ կառավարություն, ընդդիմություն եւ հանրություն: Շարունակել միմյանց մեղադրել գործած ու չգործած հանցանքների համա՞ր, որի ժամանակը հաստատ գալու է: Շարունակել հոխորտա՞լ, թե ժողովուրդը մեզ մանդատ է տվել, երբ նման մանդատ, համեմատաբար նվազ մեծությամբ, տրվել է նաեւ ընդդիմությանը: Բայց ի՞նչ մանդատ. ամեն ինչի համա՞ր, անօրինականությունների, տարածքներ զիջելու, կոռուպցիան շարունակելու համա՞ր: «Լայնամասշտաբ ու գունագեղ տոնակատարություններ» կազմակերպելու, քառօրյա արձակուրդային դժժոցով մեր զոհերին ու գերեվարվածներին «զվարճացնելու» համա՞ր: Հարազատ կորցրած մարդկանց անգամ զուռնա-դհոլ նվագել տալու համա՞ր:

Կարսի մի նոր պայմանագրի առաջ ենք կանգնած, Հայաստանը, Արցախն ու Սփյուռքը: Մինչդեռ Երրորդ հանրապետության հիմնադրման 30-ամյակի օրը պետք է լինի իսկապես լրջանալու պահ, պահ՝ ճշմարտախոսության, բացախոսության, սխալներն ընդունելու, նոր սխալներ թույլ չտալու, հանրությանը չխաբելու, վտանգները խորաչափելու, անթույլատրելիի սահմանները հստակեցնելու եւ դրանք պարտադիր դարձնելու: Պահը՝ մեր պետականությունը վերահաստատելու, ամրացնելու եւ հզորացնելու, լրջությամբ, խոհեմությամբ եւ արժանապատվությամբ:

Վերջին իրադարձությունները, ձերբակալություններն ու խժդժությունները հուշում են, որ, Վ. Թեքեյանի բառերով, «Ահավոր բան մը այնտեղ կը կատարուի մութին մէջ»…

Հակոբ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930