Լրահոս
Օրվա լրահոսը

Պետք է ապրենք հերոսների երազանքի համար

Սեպտեմբեր 11,2021 13:00

Միջոցառմանը մասնակցում էին նաեւ 1990-94թթ. պատերազմի մասնակիցների ընտանիքներ

Ազգային ակադեմիայի դահլիճում կայացավ «Հայացք դեպի երկինք» վավերագրական ֆիլմի աշխատանքների ամփոփումը, կատարվեցին եզրափակիչ նկարահանումներ։ Միջոցառումը կազմակերպվել էր «Իրավաբանների եւ հոգեբանների միջազգային ասոցիացիայի» կողմից: Այն վերածվեց հայրենասիրության եւ հիշատակի ինքնատիպ արարողության։ Միջոցառմանը մասնակցում էին պատերազմում զոհված զինվորների եւ զինծառայողների մայրեր, ընտանիքի անդամներ, գիտնականներ, ուսանողներ, աշակերտներ, հասարակական եւ պետական գործիչներ։

Որպես հեղինակ, ներկայացնելով ֆիլմի հիմնական գաղափարը եւ նպատակները, խոսեցի մեր հանրության անպատրաստվածության, պառակտվածության, անտարբերության եւ հոգեբանական վիճակի մասին։ Պարտությունը զինված ուժերից չսկսվեց, պարտությունը սկսվեց թույլ եւ պառակտված հասարակության մեջ։ Պարտությունը սկսվեց մեզանից, մենք տասնամյակներ շարունակ անտեսել ենք մեր ներսի մարդուն, կորցրել ենք գիտակցումը մեր իսկական արժեքների մասին, չենք ապրել դրանով, ապրել ենք ներքեւ նայելով, իսկ վերեւիններն անցել-գնացել են մեր կողքով, իրենց հետ տանելով մեր ուժն ու հնարավորությունը, մեր հաղթանակները։ Սա է եղել մեր պարտության պատճառը։

Մեր հերոս զինվորն անհավանական անհավասար պատերազմ վարեց, իր հերոսությամբ եւ արյունով փոխհատուցելով նաեւ մեր չարածների ու «արածների» համար։ Նա գնաց մեզանից՝ թողնելով մեզ ժառանգություն իր անպարտ ու հզոր Հոգին, թողնելով անհուն հուշեր, որպեսզի մենք ապրենք դրանով։

Հիմա մեր պարտքն է ապրել այնպես, ինչպես Նրանք են ուզում, որ ապրենք։ Պետք է ապրենք Նրանց երազանքի համար, որպեսզի մեր Հայրենին վերականգնված ու շենացված տեսնենք։ Ապրենք այնպես, որ գնահատած լինենք Նրանց թողած թանկ Ժառանգությունը։
«Հայացք դեպի երկինք» ֆիլմը առաջին քայլերն են, ինչ որ մենք արեցինք միասնական: Հետագայում ավելի հզոր ու միասնական քայլեր կանենք, մի կղզի կստեղծենք, որտեղ կգան մեր նման մարդիկ ապրելու մեզ հետ, որտեղ, բացի օրենքներից, կգործեն բարոյական նորմեր, որտեղ մարդ-մարդ հարաբերությունները չեն լինի միջնորդավորված միայն փողով, Հայը Հայի հետ կշփվի որպես ընդհանուրի մի մասնիկ, որպես մարդ։

Պառակտիչները կգան ու կգնան, դուք նրանց բանի տեղ մի դրեք, թող կորչեն։

Միջոցառումը դարձավ յուրօրինակ նաեւ շնորհիվ այն բանի, որ մասնակցում էին նաեւ 1990 -94թթ. պատերազմի մասնակիցների ընտանիքներ։ Իմ հրավերով միջոցառմանը մասնակցում էր Քարինտակի լեգենդար հրամանատար Արթուր Առաքելյանի ընտանիքը, 94-ամյա մայրը՝ Սոսե մայրիկը՝ Շուշիկ Առուշանյանը, 44 – օրյա պատերազմում զոհված որդու՝ Կամո Առաքելյանի այրին։ Արթուր Առաքելյանի ընտանիքը մեր Ասոցիացիայի կողմից ստացավ պատվոգիր, որպես ՀԵՐՈՍ ԸՆՏԱՆԻՔ։ Իր խոսքը ներկաներին, մասնավորապես մայրերին ուղղեց Սոսե մայրիկը, խաղաղություն կամեցավ։

ՀՀ ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը խոսեց պատերազմում մեր թանկ կորուստների մասին, դիմելով մայրերին՝ ասաց. խորը ցավ ենք վերապրում մեր հրաշալի զավակների կորստյան հետ կապված։

«Պետք է անենք առավելագույնը, որպեսզի լինենք լավագույնները յուրաքանչյուրս մեր տեղում»,- շեշտեց ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսխորհրդի նախագահ Գոհար Ավագյանը։

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը դիմելով զոհվածների մայրերին՝ նշեց, որ իրենք պատմաբաններով պարբերաբար հանդիպումներ են ունեցել սահմանի ամբողջ երկայնքով տեղակայված զինմասերի զինվորների հետ, զարմանք ու հիացմունք վերապրել մեր զինվորների հայրենասիրությունից եւ խիզախությունից:

Խոսք ասացին նաեւ նահատակված զինվորների մայրերը, նրանք իրենց շնորհակալական խոսքն ուղղեցին ֆիլմի նախաձեռնողներին։
Հանդիպումը այսքանով ավարտվեց, սակայն մեր աշխատանքները դեռ չեն ավարտվել։

Խաչիկ ՄԱՐՈԶՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
10.09.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930