Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ըստ դատարանի՝ Փաշինյանի ստորագրելուց ձեռնպահ մնալու գործողությունը վարչարարության դրսեւորում չէ

Սեպտեմբեր 11,2021 13:30

«Առավոտը» հունիսի 8-ին հարցազրույց էր վերցրել ՀՀ փաստաբանների պալատի անդամ Վահե Հովսեփյանից: Նա էլ տեղեկացրել էր, որ մայիսի 25-ին ՀՀ վարչական դատարան են դիմել ինքը՝ Վահե Հովսեփյանն ու Վարդան Առաքելյանը: «Առավոտի» զրուցակից փաստաբան Վահե Հովսեփյանը տեղեկացրել էր, որ հայցապահանջն ընդդեմ «Ադրբեջանի նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի եւ Ռուսաստանի Դաշնության նախագահի միջեւ ստորագրման նախատեսվող հայտարարությունը, դրա հիմքում դրված եւ/կամ դրանից բխող փաստաթուղթը (փաստաթղթերը) ստորագրելուց ձեռնպահ մնալուն Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին պարտավորեցնելու պահանջի մասին է»:

Ըստ փաստաբան Վահե Հովսեփյանի էլ՝ «Փաշինյանը չունի որեւէ իրավասություն հանդես գալու որպես վարչապետի պաշտոնակատար, հետեւաբար եւ՝ Հայաստանի Հանրապետության անունից ստորագրել որեւէ փաստաթուղթ կամ կայացնել որեւէ որոշում։ Հատկանշական է, որ այդ ամենի մասին հայտարարել է հենց Փաշինյանը 2018թ. ապրիլյան իշխանափոխության օրերին, ելույթ ունենալով կողմնակիցների առջեւ, հայտարարելով հետեւյալը. «Այսօր իրավաբանները, վերլուծելով Հայաստանի օրենսդրությունը, արձանագրել են, որ վարչապետի հրաժարականի պարագայում չի՛ կարող լինել վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար»։ Իսկ այսօր նա իր համար հորինել է վարչապետի պաշտոնակատարի կարգավիճակ, որը ոչ այլ ինչ է, քան նրա կողմից իշխանության յուրացում»: Փաստաբանները մայիսի 25-ին ՀՀ վարչական դատարան էին ներկայացրել նաեւ միջնորդություն՝ հայցի ապահովման միջոց ձեռնարկելու մասին, եւ նշել նաեւ կատարման ժամկետը՝ մայիսի 31:

Վարչական դատարանի դատավոր Ալեքսանդրա Հարությունյանը հունիսի 1-ին հայցադիմումի ընդունումը մերժել է, իր որոշմամբ պատճառաբանելով՝ «Հայցը ենթակա չէ դատարանում քննության»: Դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոք էին բերել փաստաբանները՝ Վահե Հովսեփյանը եւ Վարդան Առաքելյանը: Վերաքննիչ դատարանի հուլիսի 19-ի որոշմամբ վերաքննիչ բողոքն ընդունվել էր վարույթ։ Վերաքննիչ բողոքին պատասխան չէր ներկայացվել։

Ըստ փաստաբանների, վարչական դատարանի նշյալ որոշումը պետք է բեկանվի, քանի որ դատարանը խախտել է (չի կիրառել) ՀՀ Սահմանադրության 1-ին, 3-րդ հոդվածները, սխալ է մեկնաբանել ՀՀ վարչական դատավարության օրեսգրքի 10-րդ հոդվածը, սխալ է կիրառել ՀՀ վարչական դատավարության 80-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, խախտել է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասը:

Բողոքաբեր կողմը խնդրել էր հունիսի 1-ի «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշումը վերացնել:

Վերաքննիչ դատարանը բողոքը մերժել է հետեւյալ պատճառաբանությամբ. «Հարկ է նշել, որ արդարադատության մատչելիության եւ դատական պաշտպանության իրավունքները սերտորեն փոխկապակցված են այս կամ այն գործի՝ դատարանի քննությանը ենթակա լինելու կամ չլինելու հարցի հետ, քանզի դատարանը, հանդիսանալով վեճեր լուծող մարմին, օժտված չէ համընդհանուր իրավազորությամբ եւ իր գործառույթներին ու խնդիրներին համապատասխան կարող է քննել եւ լուծել միայն իր իրավասությանը հանձնված վեճերը: Սույն փաստն առաջացնում է մի կողմից` դատարանի, իսկ մյուս կողմից` գործեր քննելու եւ լուծելու իրավասություն ունեցող այլ մարմինների իրավազորությունը հստակորեն տարբերակելու անհրաժեշտություն: Որպիսի պարագայում, այն գործերը, որոնց քննությունն օրենքով գտնվում է դատարանի իրավասության ներքո, համարվում են դատական ենթակայության գործեր»:

Ըստ վերաքննիչ դատարանի՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սպառիչ ցանկով ամրագրված են այն բոլոր հայցատեսակները, որոնց հիման վրա կարող են հարուցվել վարչական գործեր, ավելին՝ ըստ տեսակների հայցերի տարբերակումը կանխորոշվում է հայցվորի հայցադիմումով ներկայացվող պահանջով. «Այլ կերպ ասած, իրավունքի ենթադրյալ խախտման դեպքում անձը կարող է օգտվել դատական պաշտպանության իրավունքից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված հայցատեսակի շրջանակներում՝ ներկայացնելով դրա էությունից եւ բովանդակությունից ծագող հայցապահանջ: Սույն գործով դատարան ներկայացված հայցադիմումով հայցվորները խնդրել են ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին ձեռնպահ մնալու Ադրբեջանի Հանրապետության նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի եւ Ռուսաստանի Դաշնության նախագահի միջեւ ստորագրման նախատեսվող հայտարարությունը, դրա հիմքում դրված եւ/կամ դրանից բխող փաստաթուղթը (փաստաթղթերը) ստորագրելուց»։

Հղում կատարելով տասնյակ իրավական նորմերին՝ համաձայն որի Վարչական դատարանը, հանդիսանալով մասնագիտացված դատարան, քննում եւ լուծում է միայն հանրային իրավահարաբերություններից բխող գործերը, որտեղ կողմերից մեկը հանդիսանում է հանրային իրավունքի բնագավառում գործող, վարչարարություն իրականացնող եւ հանրային-իրավական լիազորություններով օժտված վարչական մարմին, մեջբերելով վարչական դատարանի որոշման հետեւյալ հատվածը. «Հետեւաբար հայցվորի կողմից խնդրարկվող Ադրբեջանի նախագահի, Հայաստանի վարչապետի եւ ՌԴ նախագահի միջեւ ստորագրման նախատեսվող հայտարարությունը, դրա հիմքում դրված եւ/կամ դրանից բխող փաստաթուղթը (փաստաթղթերը) ստորագրելուց ձեռնպահ մնալու գործողությունը չի հանդիսանում անձ-պետություն հարաբերություններում գործադիր-կարգադրիչ գործառույթի իրացման արդյունք, հետեւաբար նաեւ՝ վարչարարության դրսեւորում չէ, հետեւաբար նշված գործընթացը դուրս է վարչական դատավարության կարգով դատական վերահսկողության տիրույթից», բողոքն իր վարույթ ընդունած դատարանը արձանագրել է. «Ադրբեջանի Հանրապետության նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի եւ Ռուսաստանի Դաշնության նախագահի միջեւ ստորագրման նախատեսվող հայտարարությունը, դրա հիմքում դրված եւ/կամ դրանից բխող փաստաթուղթը (փաստաթղթերը) ստորագրելուց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին ձեռնպահ մնալուն պարտավորեցնելու պահանջի մասին հայցը ենթակա չէ դատարանում քննության, հետեւաբար ներկայացված հայցադիմումի ընդունումը` համաձայն օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 1-րդ կետի, ենթակա է մերժման»:

Վերաքննիչ դատարանն արձանագրել էր, որ հայցվորների կողմից խնդրարկվող Ադրբեջանի նախագահի, Հայաստանի վարչապետի եւ Ռուսաստանի Դաշնության նախագահի միջեւ ստորագրման նախատեսվող հայտարարությունը, դրա հիմքում դրված եւ/կամ դրանից բխող փաստաթղթերը ստորագրելուց ձեռնպահ մնալու գործողությունը վարչարարության դրսեւորում չէ եւ հայցվորների համար փաստական հետեւանքներ չի առաջացնում: ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի ուժով՝ հայցը ենթակա չէ դատարանում քննության:

«Առավոտի» հարցին, թե արդյոք կշարունակի՞ բողոքարկել, փաստաբանն ասաց. «Իմաստ չի տեսնում այլեւս»:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
10.09.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930