Օրերս Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում Արամ Հովհաննիսյանի ռեժիսուրայով կայացավ շքեղ երեկո՝ «Հովհաննես Չեքիջյան՝ 60 տարի անբաժան Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի հետ» խորագրով, մասնակցությամբ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար՝ Էդուարդ Թոփչյան), Նոր Նորքի հայորդաց տան «Շողակաթ» մանկական երգչախմբի (գեղարվեստական ղեկավար՝ Կարինե Եզեկյան), Եղվարդի եւ Մ. Մալունցյանի անվան արվեստի դպրոցների երգչախմբերի (գեղարվեստական ղեկավար՝ Գասպար Ամիրխանյան), «Կադանս» անսամբլի, «Բարեկամություն» Հայաստանի պարարվեստի պետական անսամբլի (գեղարվեստական ղեկավար՝ Նորայր Մեհրաբյան), Երեւանի պետական կամերային երգչախմբի (գեղարվեստական ղեկավար՝ Քրիստինա Ոսկանյան), ջազմեն Վահագն Հայրապետյանի եւ օպերային բարիտոն Դավիթ Բաբայանցի։ Դիրիժորական վահանակի մոտ էր լեգենդար դիրիժոր-խմբավար Հովհաննես Չեքիջյանը։
Ժամանակին մաեստրո Չեքիջյանն «Առավոտի» հետ զրույցում հետեւյալ միտքն էր արտահայտել. «Երգչախումբ ղեկավարողը պետք է գիտենա, որ քայլում է ածելիի վրայով, հարյուր անգամ բացատրած ֆրազը բեմում կարող է չստացվել, իսկ հնչյունը՝ լույսի նման, հենց պոկվեց ակունքից, դառնում է անհետադարձ, ո՛չ մի կախարդական փայտիկ այն օդում չի որսա։ Ուրեմն մնում է խումբը մարզել այն աստիճան, որ բացառվի անակնկալը»։
Հիմա դժվար է ասել՝ հայկական եւ համաշխարհային խմբերգային արվեստի գոհարները վեց տասնամյակ աշխարհին ներկայացնող մաեստրոյի ղեկավարած երգչախումբը երբեւէ ոչ ցանկալի անակնկալ մատուցե՞լ է։ Դա հավանաբար հայտնի է միայն մաեստրոյին… Բայց մի բան անհերքելի է. ինչպես ժամանակին մեզ մի առիթով ասել էր մեծանուն դիրիժոր Օհան Դուրյանը՝ Չեքիջյանի պահանջկոտությունը հասնում է այնտեղ, որ նա երգչախմբի յուրաքանչյուր անդամից պահանջում է թե՛ մեծակտավ եւ թե՛ փոքր գործերի բերանացի, անգիր կատարում. «Նա հլու-հնազանդ չի ընդունում համաշխարհային երաժշտական արվեստում ընդունված կարգը՝ համերգի ժամանակ օգտվել նոտաներից, այլ ճշմարիտ ցեղակրոնի նման սրբագրում է ընդունված որոշումները։ Համաշխարհային խմբերգային արվեստում երկրորդ այդպիսի երգչախումբ չկա… Չմոռանանք, որ կազմակերպչական ջիղը տաղանդի գումարելիներից մեկն է»։
Բացարձակ համակարծիք լինելով դուրյանական գնահատականին, տեղին է մեջբերել տարիներ առաջ ԱՄՆ-ում Քառնեգիի հովանավորությամբ եւ ղեկավարությամբ անցկացված մի սոցիալական հետազոտության արդյունքները, որոնք բացահայտել են մի շատ կարեւոր փաստ. պարզվել է, որ մարդկային հարաբերությունների բոլոր բնագավառներում հաջողության հասնելու գործոններից մասնագիտական գիտելիքներին բաժին է ընկնում միայն 15 տոկոսը, իսկ մնացած 85 տոկոսը պայմանավորված է աշխատողի բնավորության առանձնահատկություններով, մարդկային հարաբերությունների արվեստին տիրապետելու եւ մարդկանց ղեկավարելու ունակություններով։
Կարդացեք նաև
Կարելի է պատկերացնել, թե որքան դժվար է, համարյա անհնար՝ ղեկավարել շուրջ 90 հոգուց բաղկացած երգչախումբ։ Սա, անկասկած, կազմակերպական մեծ տաղանդ ունեցող անհատի գործ է, մանավանդ որ, տասնամյակների ընթացքում երգչախումբ եկել ու գնացել են նաեւ տարբեր բնավորության հարյուրավոր արտիստներ։ Եթե ասվածին էլ հավելենք, որ յուրաքանչյուր հայի մեջ «նստած» է մի ղեկավար, ապա կարելի է պատկերացնել մաեստրո Չեքիջյանի՝ մարդկանց հետ շփվելու, հաղորդակցվելու ունակությունը եւ, անկասկած, ծո՜վ համբերությունը։
Ժամանակին՝ մաեստրոյի ծննդյան 90 ամյակի առիթով, մեր անվանի արվեստագետներից շատերը միտք են արտահայտել, թե քաղաքակիրթ երկրների օրինակով մեզ մոտ էլ պետք է լեգենդար արվեստագետները կյանքի օրոք ունենան իրենց անունը հավերժացնող խորհրդանիշեր։ Հովհաննես Չեքիջյանի դեպքում շրջանառվում է մեկ միտք. նրա անունով անվանակոչել Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը։
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
10.09.2021